Տեղացի և սիրիահայ երիտասարդների միջև երկխոսության խթանմանն ուղղված « Երևան-Հալէպ տրանզիտ » ակումբը, որն իր գործունեությունը սկսել էր նախորդ նոյեմբերին, գնալով թափ է առնում: « Չորեքշաբթին այլևս չորեքշաբթի չէ, եթե ակումբ չկա »,- հայտարարում են ակումբի մասնակիցները: Քննարկումներ, ֆիլմադիտումներ, խոհարարական երեկոներ, արշավներ՝ միմյանց ավելի լավ ճանաչելուն նպաստող ձևաչափերի պակաս ակումբում չկա: Այսպիսով, ապրիլի 29-ին եղանակը բարեհաճ էր հատկապես « Դիլիջան » ազգային պարկ քայլարշավի համար…
Գարնանը Դիլիջանում լինելը բացառիկ հաճույք է. Հայաստանի այս շրջանը Շվեյցարիայի հետ համեմատելու միտումը հուշում է դրա բնապատկերների գեղեցկության մասին: Քայլարշավի 50 մասնակիցները (այդ թվում՝ ակումբի 30 մշտական մասնակից) որոշել էին այցելել պարկի վանքերից երկուսը՝ Ջուխտակ վանք և Հաղարծին: Զբոսանք, վանքերի շեմին երգված շարականներ, ճաշ բնության գրկում՝ օրը հարուստ էր ինչպես միասին անցկացրած, այնպես էլ հանդարտության և սեփական անձի հետ հաղորդվելու պահերով:
Հիմնադրամի պատերից դուրս հաջորդ հանդիպումը ծրագրված էր մայիսի 13-ին՝ Թումոյի այգում՝ այս անգամ հայկական ավանդական, մասնավորապես՝ Քեսաբի երգեր և պարեր սովորելու նպատակով: Քեսաբը սիրիական գյուղ է Լաթաքիայի մերձակայքում, որը մեծամասամբ բնակեցված է հայերով: Վերջիններս խոսում են արևմտահայերենի առանձին մի բարբառով և աչքի են ընկնում բավական հատուկ սովորույթներով, ինչպես օրինակ Թումոյի այգում ներկայացված հարսանիքի ծեսը: Հանդիպման ընթացքում մասնակիցների սովորած երգերի ու պարերի մեծ մասը գրի է առնվել ծնունդով քեսաբցի լեզվաբան, պատմաբան և ազգագրագետ Հակոբ Չոլաքյանի և բեմադրվել՝ « Վարք հայոց » խմբի կողմից, հենց որն էլ, ի դեպ, նախաձեռնել էր հանդիպումը:
« Այս պահի դրությամբ չորեքշաբթի օրերի մեր հանդիպումներին ունեցել ենք մոտ 200 մասնակից: Ընդ որում ուրախ ենք, որ մեզ հաջողվել է ակումբի « կորիզ » ձևավորել՝ կազմված երկու թիրախ խմբերի մոտ 30 երիտասարդներից, որոնք ակտիվորեն մասնակցում են հանդիպումներին և անգամ իրենք են հաճախ հանդես գալիս նախաձեռնություններով: Նրանց միջև իսկական ընկերություն է սկսվել, քանի որ սկսել են տեսնվել ու միասին ժամանակ անցկացնել ակումբից դուրս ևս: »,- նշում է ծրագրի պատասխանատու Զարինե Հարությունյանը:
« Տեղացի երիտասարդների թիվն այս պահին թեթևակի գերազանցում է սիրիահայերի թիվը, ինչը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ տեղացի մասնակիցների մեծ մասն ուսանողներ են, մինչդեռ միևնույն տարիքի սիրիահայերը հաճախ ստիպված են աշխատել՝ ապրուստի միջոց վաստակելու համար և գոնե ժամանակավորապես մի կողմ դնել ուսման հետ կապված իրենց երազանքները: »,- նշում է Զարինեն: Այնուամենայնիվ, ասվածը չի տարածվում բոլոր սիրիահայերի վրա. ակումբի մասնակից 15 սիրիահայեր այժմ անգլերենի դասընթացի են մասնակցում Հայաստանի ամերիկյան համալսարանում: Մասնակիցների ապագա ուսման կամ կարիերայի համար անհրաժեշտ այս դասընթացը հիմնադրամի և համալսարանի միջև կնքված համագործակցության շնորհիվ նրանց համար անվճար է:
Տեղացի և սիրիահայ երիտասարդների մասնակցությամբ « պտույտի » հեռանկարը գայթակղե՞ց ձեզ: Ուրեմն կարող եք միանալ « Երևան-Հալէպ տրանզիտ » ակումբին Հայաստանի առաջին Հանրապետության օրվա նախօրեին՝ մայիսի 27-ին՝ այցելելու Սարդարապատի հուշահամալիր և ազգագրական թանգարան:
* Ծրագիրն իրականացվում է Ժնևի հայկական համայնքի աջակցությամբ: