1997 թ. հոկտեմբերին Սիրվարդ Գազանճեան-Փերսընի ղեկավարած շվեյցարական Կոմիտաս երգչախումբը համերգներով ժամանեց Հայաստան:
Ցնցված հնամյա այս ժողովրդի մարդկային ու մշակութային հարստության և նրա հասարակա-տնտեսական երերուն ներկայի միջև եղած մեծ տարբերությունից՝ երգչախումբը ձեռնամուխ եղավ միության հիմնադրմանը:
Այդ օրվանից ի վեր «ԿԱԶԱ»-ի կյանքը չի դադարել լինել բուռն և հարուստ:

 

Շվեյցարական Կոմիտաս երգչախումբ Լուսանկարը՝ «ԿԱԶԱ» արխիվ

Ստեղծման պահից ի վեր Հիմնադրամի նպատակն է աջակցել ամենաանբարենպաստ պայմաններում գտնվող հայերին՝ միաժամանակ հավատարիմ մնալով «Սովորեցնել՝ ինչպես ձուկ որսալ պարզապես ձուկ նվիրելու փոխարեն» կարգախոսին: Այսպիսով, մենք անշուշտ տրամադրում ենք նյութական օժանդակություն, սակայն առաջարկում ենք հատկապես կրթության հնարավորություններ և զարգացմանը նպաստող գործիքներ:

Սկզբնական շրջանում «ԿԱԶԱ»-ն նախապատվություն տվեց մարդասիրական բազմաթիվ ծրագրերի իրականացմանը Հայաստանի բոլոր շրջաններում և մասնավորապես երկրի հյուսիսում՝ նպաստելով 1988 թ.-ի երկրաշարժից ավերված գյուղերի վերաշինմանը, վերակառուցելով դպրոցներ, գիշերօթիկներ, բժշկական և սոցիալական կենտրոններ, ինչպես նաև ֆինանսավորելով սոցիալ-հոգեբանական աջակցության, զարգացման, կրթական և մշակութային ծրագրեր:

Այսօր Հիմնադրամը ձգտում է ընդառաջ գնալ հայ հասարակության նոր պահանջմունքներին: Այդ պատճառով է, որ 2008 թ.-ից ի վեր մենք շեշտը դնում ենք կրթական և վերապատրաստման առկա և հեռավար ծրագրերի վրա՝ նպաստելու համար քաղաքացիական հասարակության առաջխաղացմանը և երկրի երկարատև ու ներդաշնակ զարգացմանը: Բացի այդ, մենք մեր ուժերը ներդնում ենք մարդակենտրոն զբոսաշրջության զարգացման ուղղությամբ, որը միտված է Հայաստանի մշակութային և մարդկային հարստությունների բացահայտմանը:

Մեր առաքելությունն իրականացնելու համար մենք ստեղծել ենք «Էսպաս» կրթամշակութային կենտրոնը Երևանում (2001) և «ԿԱԶԱ Գյումրի» սոցիալ-ուսուցողական և զարգացման կենտրոնը՝ Գյումրիում (2006):