Ազնիվ Ասլիկյան

Զբոսաշրջության զարգացման պատասխանատու

Հայրենի Վանաձորում հայոց լեզու և գրականություն ուսանած Ազնիվը հետագայում փոխեց մասնագիտությունը՝ զբոսաշրջության կազմակերպում և կառավարում, միջմշակութային հաղորդակցություն ուսումնասիրելով Ֆրանսիայում և Հայաստանում: Մինչ 2005թ. «ԿԱԶԱ»-ի թիմին միանալը հասցրել է լինել գիտաշխատող երկրագիտական թանգարանում, ռադիոհաղորդման համահեղինակ և հաղորդավար, ֆրանսիական տուր օպերատորի ներկայացուցիչ Հայաստանում, զբոսավարների քննության նախապատրաստական դասընթացի դասընթացավար, գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրերի պատասխանատու: Հիմնադրամում Ազնիվն իր հսկայական փորձն ու գիտելիքը ներդնում է ի նպաստ զբոսաշրջության զարգացման ծրագրերի իրականացման:

«Կարևոր է՝ ինչպես կներկայացվի իմ կազմակերպությունը, որտեղ աշխատում եմ, ինչպես նաև իմ երկիրը։ Յուրաքանչյուր տարի փորձում եմ ավելի բազմաբովանդակ, հետաքրքիր, հարստացնող, մասնագիտական երթուղիներ մշակել և իրագործել, մոտիկից ճանաչել տալ Հայաստանի ամենակարևոր արժեքը՝ մարդուն։ Իմ կարևորագույն նպատակներից է, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ մեկնելիս ասի՝ կտեսնվենք կրկին մոտ ապագայում, ես կվերադառնամ։»,- նշում է Ազնիվը:

Հիմնադրամի աշխատաոճում գնահատում է ազատ ստեղծագործելու, փնտրելու, ներկայացնելու, ինքնակատարելագործվելու համար տրվող հնարավորությունը։ Իսկ աշխատանքից դուրս սիրելի զբաղմունքի ընտրությունը կախված է եղանակից, տրամադրությունից և, իհարկե, ունեցած ժամանակից՝ ընթերցանություն, երաժշտություն, պար, ճամփորդել, նոր բան սովորել, սպորտ․․․

Կարդալ ավելին

Մելվին Աջոյան

Երևանի հյուրատան պատասխանատու

Մելվինը սովորել է Հալեպում, Իտալիայում՝ ուսումնասիրելով միջնադարյան մշակույթ, իտալերեն լեզու, հայոց պատմություն, մշակույթ և գրաբար, զբոսաշրջություն: 2012թ․ Հայաստան է տեղափոխվել Սիրիայից՝ այդ երկրում սկիզբ առած պատերազմի պատճառով: Հալեպում ապրելու տարիներին աշխատել է դեղագործարանում, Հալեպի Շվեյցարիայի հյուպատոսարանի գրասենյակում:

Երևանում հաստատվելուց հետո մասնալցել է «ԿԱԶԱ»-ի՝ զբոսավարների պատրաստման դասընթացին, որպես հիմնադրամի կամավոր աջակցել տեղահանված արաբախոս ընտանիքի ինտեգրմանը Հայաստանում: Իսկ 2015.թ.-ից իրականացնում է Երևանում հիմնադրամի հյուրատան պատասխանատուի գործառույթները:

«Բնաւ չէի ծրագրած Հայաստան աշխատելու գալ, բայց առաջին օրէն սկսեալ, երբ «ԿԱԶԱն»-ն դարձաւ աշխատանքիս վայրը, արդէն ուրախութիւնս անսահման էր, եւ որքան պարկեշտ ու նուիրեալ ըլլանք գործին փոխադարձաբար՝ գործն ալ մեզի կը պարգեւատրէ, նամանաւանդ որ կ՛աշխատիմ այսպիսի մարդասիրական հիմնադրամի մը մէջ, որոնք կը հետեւին գործին, ամենափոքր հարցերէն սկսեալ, մանրակրկիտ բծախնդրութեամբ»,- նշում է Մելվինը:

Հալեպում ազատ ժամանակ սիրում էր ընթերցել, թենիս խաղալ, երգում էր երգչախմբում, սակայն Երևանում սիրելի հոբբիներով զբաղվել դեռևս այնքան էլ չի հասցնում:

Կարդալ ավելին

Հասմիկ Հարությունյան

Գյումրու հյուրատան տնտեսական գծով պատասխանատու

Մինչ հիմնադրամում աշխատանքի անցնելը տիկին Հասմիկը երկար տարիներ քիմիայի ուսուցիչ է եղել Գյումրու թիվ 10 դպրոցի երկլեզու /հայերեն, ֆրանսերեն/ դասարաններում: 2014թ.-ին միացել է հիմնադրամի թիմին որպես տնտեսական գծով պատասխանատու:

Իր աշխատանքը «ձգտում է կատարել մշտապես բարձր տրամադրությամբ, նրանում կարևոր է համարում ամեն մանրուք: Իսկ փոխարենը ստանում է երիտասարդ մնալու հնարավորություն:»,- անկեղծանում է տիկին Հասմիկը:

Հենց այդ՝ մինչև վերջ անկեղծ մնալու հնարավորությունն էլ նա գնահատում է «ԿԱԶԱ»-ի աշխատաոճում: Դե իսկ հանգստյան ժամերին սիրում է ֆիլմեր դիտել, հոգևոր գրքեր ու հոդվածներ կարդալ և մասնակցել պատարագի, հատկապես՝ Մայր տաճարում:

Կարդալ ավելին