«Երեվան-Հալէպ տրանզիտ». երիտասարդական նոր ծրագիր՝ ուղղված սիրիահայերի և տեղացի հայերի միջև երկխոսությանը

Home » Լուրեր Հայաստանից » «Երեվան-Հալէպ տրանզիտ». երիտասարդական նոր ծրագիր՝ ուղղված սիրիահայերի և տեղացի հայերի միջև երկխոսությանը

Կողք կողքի ապրելը դեռևս բավարար չէ միմյանց ճանաչելու համար: Այս միտքն ընդհանուր առմամբ ճշմարիտ է սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայերի և տեղացի հայերի հարաբերությունները բնութագրելիս, քանի որ լինելով երկուստեք բավական մեծաթիվ, նրանք հաճախ ջանք չեն թափում դուրս գալու իրենց «հարմարավետ» խմբից և միմյանց իսկապես ճանաչելու:

Նման դիտարկումը և երիտասարդների շնորհիվ այն փոխելու հնարավորության գիտակցումը ծնունդ տվեցին երիտասարդական մի նոր նախաձեռնության՝ « Երևան-Հալէպ տրանզիտ » ակումբը , որն ուղղված է սիրիահայերի և տեղացի հայերի միջև երկխոսության խթանմանը : Վերջինս իրականացվում է Ժնևի հայ համայնքի աջակցությամբ:

Ծրագրի շրջանակներում առաջին հանդիպումը կայացավ 2016թ. հունիսին Աղվերանում: Այն հնարավորություն տվեց մասնակից երիտասարդ սիրիահայերին – հիմնականում «ԵՄՔԱ Հայաստան»-ի ակումբների անդամներ – և տեղացի հայերին ծանոթանալու և միասին վեր հանելու համատեղ գործողություններ իրականացնելու շուրջ կարիքներն ու ցանկությունները, մտածելու դրանց ձևաչափերի մասին: Ծրագրի մշակմանն օգնելու համար իր խորհուրդներով մեզ միացավ նաև երիտասարդական աշխատող, սիրիահայերի հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող Սաղաթել Բասիլը:

Այսպիսով, նոր ծրագիրն առաջարկում է հարթակ՝ բաց ամենատարբեր շփումների համար – քննարկումներ, խոհանոցային երեկոներ, կինոդիտումներ, տոներ, արշավներ, թեմատիկ միջոցառումներ և այլն -, որ հասարակության լայն շրջանակների համար ամեն անգամ կպատրաստեն ծրագրի թիմն ու 20 հիմնական մասնակիցները (10 սիրիահայ և 10 տեղացի): Պարբերական հանդիպումների մեկնարկը տրվեց նոյեմբերի 30-ին՝ խոհանոցային երեկոյով, որի ընթացքում ներկաները պատրաստեցին, խաղացին, զվարճացան միասին:

Ամանորին և Սուրբ ծննդյանն ընդառաջ մեր հաջորդ միջոցառումը նվիրված կլինի այդ տոների հետ կապված տարբեր սովորույթների ու ավանդույթների փոխադարձ բացահայտմանը: Իսկ արձակուրդից հետո հրավիրում ենք մասնակցելու մեր հանդիպումներին յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը 19:00-ից 21:00-ն, «Էսպաս» կենտրոնում: