Հայաստանում կա՞, արդյոք, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման ու ճանաչման համակարգերի գործարկումը համակարգող կազմակերպության անհրաժեշտություն, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության շրջանակներում տրամադրվող և ձեռքբերվող գիտելիքի ու հմտությունների որակի ստուգումը գնահատող ի՞նչ մեթոդներ, փաստաթղթավորման ի՞նչ ձևեր են հայտնի, գործատուների կողմից արժևորվա՞ծ են, արդյոք, ոչ ֆորմալ կրթության արդյունքները. այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով «ԿԱԶԱ» հիմնադրամը, Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Վերանայելով ճանաչումը» (անգլ.՝ ReImagining Recognition) ծրագրի շրջանակում, հետազոտություն է անցկացրել։
Հետազոտությունն անցկացվել է փորձագետների հետ (թվով 10. հնգական՝ Գյումրիից և Երևանից) անհատական, խորքային հարցազրույցների, և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասնակից թվով 40 կամավորի հետ (քսանական` Գյումրիից և Երևանից) ֆոկուս խմբային քննարկումների մեթոդով։
Փորձագետների մի մասը ոչ ֆորմալ կրթության արդյունքների վավերացումը կոորդինացնող կառույցի գոյությունը անհրաժեշտ է համարել, մյուս մասն էլ դրա անհրաժեշտությունը չի տեսնում՝ հիմնավորմամբ, որ ցանկացած կանոնակարգում կսահմանափակի կրթության այս ոլորտի ճկունությունն ու ազատությունը, ինչը կխանգարի զարգացմանը։ Ոչ ֆորմալ կրթության մասնակիցներից ոմանց կարծիքով ևս համակարգող որևէ մարմնի անհրաժեշտություն կա, այն կարող է լինել հեղինակավոր որևէ հասարակական կազմակերպություն, որը ոչ ֆորմալ կրթություն իրականացնող կառույցներին կռեյտինգավորի ու ըստ դրա կարժևորվեն նաև այդ կառույցների կողմից տրված փաստաթղթերը։
Հետազոտությունը պարզել է, որ մեզանում հմտությունների գնահատման գործիքներ, ուսուցողական գործընթացի ճանաչելիության ձևեր են համարվում վկայականը, երաշխավորագիրը, «Էրազմուս+» ծրագրի արդյունքում տրված youthpass-ը, իսկ կրթապիտակները (անգլ.՝ open badge) ճանաչելի են միայն «ԿԱԶԱ»-ի կամավորներին և Հիմնադրամի հետ առնչություն ունեցածներին։ Իսկ գործատուների կողմից ոչ ֆորմալ կրթությամբ ունեցած ձեռքբերումները արժևորվում են կամ ոչ` կախված ոլորտից ու գործատուի անհատական մոտեցումներից։
«Հայաստանում դեռ շատ երկար կտևի կրթապիտակների ճանաչելիությանը հասնելը։ Մեզ մոտ գործատուները, շատ փորձագետներ չգիտեն՝ ինչ է դա, գիտեն միայն այն երիտասարդները, ովքեր «ԿԱԶԱ»-ի շահառուներն են եղել», – ամփոփելով հետազոտության արդյունքները՝ արձանագրում է «Վերանայելով ճանաչումը» ծրագրի համակարգող Հերմինե Պապիկյանը։
Երիտասարդական ծրագրերում ներգրավված կամավորների ձեռք բերած գիտելիքների, փափուկ հմտությունների (անգլ.՝ soft skills) գնահատման նորարար առցանց գործիքը՝ կրթապիտակները, պետության և գործատուների կողմից ճանաչելի դարձնելու նպատակով գալիք տարում «Վերանայելով ճանաչումը» ծրագրի շրջանակում կոնֆերանսներ կկազմակերպվեն։
Իսկ մինչ այդ, այս տարվա օգոստոսին կրթապիտակների վերաբերյալ Ֆինլանդիայում կայացած դասընթացների 4 մասնակիցները՝ Վանաձորից, Իջևանից, Ամասիայից և Երևանից, համագործակցելով «ԿԱԶԱ»-ի «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ. քաղաքացիական կրթության խթանում սոցիալական նորարարության միջոցով» եռամյա ծրագրի հետ՝ կրթապիտակների համակարգը գործնականում կիրառելի կդարձնեն նշյալ համայնքներում բացված երիտասարդական հարթակների միջոցով, որը ինչ-որ չափով կլուծի համակարգի ճանաչելիության հարցը։