«Իրավունքի իրացումը միայն հանրահավաքի մասնակցելը չէ». «ԿԱԶԱ»-ի նոր ծրագրով երիտասարդները քաղաքացիական կրթության դասընթացներ կանցնեն

Home » Լուրեր Հայաստանից » «Իրավունքի իրացումը միայն հանրահավաքի մասնակցելը չէ». «ԿԱԶԱ»-ի նոր ծրագրով երիտասարդները քաղաքացիական կրթության դասընթացներ կանցնեն

Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունից» հետո երիտասարդների շրջանում թեև ակտիվության առումով բավականին փոփոխություններ են տեղի ունեցել, այդուհանդերձ, դեռ չկա այն իրավագիտակցությունը, որ իրենք և՛ իրավունք, և՛ պատասխանատվություն ունեն մասնակցություն ունենալ իրենց համայնքներում որոշումների կայացմանը։

«Երիտասարդներն իրավունքը դիտարկում են միայն հանրահավաքի կամ ընտրության գնալու տիրույթում, խոսում են իրավունքների, փողոց փակելու, պիկետների մասին, սակայն քաղաքացիական պատասխանատվության գիտակցության ընկալումը թերի է»,-փաստում է Մարիամ Ալեքսանյանը, ով «ԿԱԶԱ» հիմնադրամի իր գործընկերների հետ, թիկունքում ունենալով Հիմնադրամի տարիների փորձը, ազդարարում է նոր՝ «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ. քաղաքացիական կրթության խթանում սոցիալական նորարարության միջոցով» եռամյա ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է նպաստել համայնքային կյանքին հայ երիտասարդների ակտիվ ներգրավվածությանը՝ զարգացնելով լուծումներ առաջարկող քաղաքացու ինքնությունը։

Ո՞վ է քաղաքացին, ինչու՞ է կարևոր նրա ակտիվությունը համայնքում, ի՞նչ և ինչպե՞ս նա կարող է փոխել որևէ բան. «ԿԱԶԱ»-ի կրթական բնույթ ունեցող նոր ծրագրի շահառուների հետ հանդիպումները հենց այս հարցերի շրջանակում են լինելու։

Ծրագրի շահառուներ

Ծրագրի իրականացման առաջին տարում՝ 2019-2020թթ., շահառուներ կարող են դառնալ Երևանի, Գյումրիի, Ամասիայի, Արմավիրի, Վանաձորի և Թալինի 16-30 տարեկան երիտասարդները, որոնք էլ կամավորության սկզբունքով կներգրավվեն ձևավորվելիք երիտասարդական հարթակներում։

Մինչ այդ՝ լավագույնները հարցազրույցի փուլ կանցնեն։ Նախապատվությունը կտրվի առաջնորդի հմտություններ, կամավորության նախկին փորձ, թիմային աշխատանքի փորձ, նախաձեռնողականություն, ստեղծագործ միտք ունեցողներին։

«Լեզուների իմացությունը օգտակար կլինի առկա օտարալեզու գրականությունից օգտվելու համար, սակայն ամենակարևորը մեզ համար դիմողի մեծ ցանկությունն է՝ կամավորական սկզբունքով ներգրավվել կրթական գործընթացում»,-ընդգծում է Ծրագրի պատասխանատու Վահրամ Պետրոսյանը՝ ուրախությամբ նշելով, որ ծրագրի իրականացման երկրորդ և երրորդ տարիներին հարթակների թիվն ավելանալու է՝ հասնելով 26-ի և ներառելով նոր քաղաքներ:

Կամավորների հավաքագրման մեկնարկն ազդադարվել է ս.թ․ սեպտեմբերին, հարթակների գործունեությունը կմեկնարկի նոյեմբերին։

Ծրագրի իրականացման փուլերը

Ծրագրի իրականացման առաջին տարում վերոնշյալ համայնքներում կձևավորվեն երիտասարդական 1-ական հարթակներ, իսկ Երևանում՝ երկուսը, դրանցից մեկը, ի դեպ, նախատեսվում է կազմավորել Հայաստանում ապաստանած տեղահանվածներից, որոնք տիրապետում են հայերենին։

Յուրաքանչյուր հարթակ բաղկացած կլինի 3 առաջնորդից և 10 հոգանոց կորիզ խմբից։

Առաջին փուլում կվերապատրաստվեն ընտրված առաջնորդները, ովքեր ձեռք կբերեն խմբավարման, սոցիալական նորարարությունների և համայնքային ծրագրերի իրականացման անհրաժեշտ հմտություններ։ Միաժամանակ, խմբի 10 անդամներին կփոխանցվեն գիտելիքներ տնտեսական, սոցիալական, քաղաքացիական և իրավունքի այլ ոլորտներին առնչվող։

11-ամսյա հանդիպում-հավաքների ավարտին յուրաքանչյուր հարթակ պետք է ներկայացնի իր համայնքի կարիքներից բխող 1 սոցիալական նորարարության ծրագիր։

«Խնդրի լուծման որևէ բանաձև, սահմանում չենք տալու, բաց ենք թողնելու այդ տարածքը, որպեսզի երիտասարդներն իրենք ընտրեն խնդիրները և մատնանշեն լուծումները, մենք աջակցողի դերում ենք լինելու` տրամադրելով նրանց համապատասխան դասըթացներ՝ մենթորների, փորձագետների վարմամբ։ «ԿԱԶԱ»-ի հեռավար ուսուցման հարթակի միջոցով էլ առաջնորդները կօգտվեն այնտեղ զետեղված թեմատիկ նյութերից»,-մանրամասնում է Ծրագրի պատասխանատուն։

Ամենակարևորը՝ երիտասարդների հեղինակած ծրագրերը թղթի վրա չեն մնալու․ դրանք կյանքի կոչելու նպատակով նախատեսվում է համագործակցություն «ԿԱԶԱ»-ի, գործընկեր կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) միջև։

Ծրագրի ավարտին

  • Կամավորը կստանա մասնակցության վկայական, լավագույններին՝ աշխատանքի ընդունվելու, որևէ ԲՈՒՀ ուսանելու պարագայում կտրվի երաշխավորագիր։ Ծրագրի մասնակիցները լայն կապեր ստեղծելու հնարավորություն կունենան, կիրազեկվեն միջազգային տարբեր ծրագրերի և դասընթացների մասին։
    «ԿԱԶԱ»-ն Լիտվայի փորձով գործարկել է կրթապիտակների համակարգը, որը կկիրառվի նաև «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ. քաղաքացիական կրթության խթանում սոցիալական նորարարության միջոցով» ծրագրի շրջանակում՝ գնահատելով կամավորի գիտելիքների և հմտությունների աճը։
  •  

  • Հրատարակվելու է երկու ձեռնարկ` «Երիտասարդական հարթակների կազմակերպման և երիտասարդական հարթակների պատասխանատուների վերապատրաստման ուղենիշներ», որը ուղեցույց կլինի երիտասարդական տարբեր խմբերի հետ աշխատել ցանկացող բոլոր կազմակերպությունների համար, և «Կամավորների աշխատանքների համակարգման ձեռնարկ», որը կօգնի կամավորների հետ աշխատող կազմակերպություններին ավելի համակարգված իրականացնել այդ աշխատանքը, ինչն էլ մեծ ազդեցություն կարող է ունենալ երիտասարդների՝ կամավորական փորձի հանդեպ դրական մոտեցման ձևավորման և այդ գործընթացն առավելագույնս ուսուցողական կազմակերպելու հարցում։
  •  

  • Երիտասարդների կրթական գործընթացն ավելի հետաքրքրիր դարձնելու նպատակով «ԿԱԶԱ» հիմնադրամի թիմը սահմանադրական իրավունքներին, միջմշակութային հաղորդակցմանը վերաբերող ուսուցողական նո՛ր խաղեր կստեղծի, որոնց շահառուները կարող են լինել երիտասարդական ոլորտի աշխատողները, դասընթացավարները, ուսուցիչները։