Սյուզի Բենքս Բաումն արվեստագետ է, գրող, ուսուցանող, համայնքային կյանքի կազմակերպիչ, և մայրիկ: Օգնել կանանց գտնել իրենց ստեղծարար ձայնը և ապրել իմաստով ու ուրախությամբ լեցուն կյանքով՝ ահա նրա կիրքը: Հենց վերջինս էլ Սյուզիին առաջին անգամ բերեց Հայաստան 2016թ.-ին՝ հանդիպելու իր նման կին արվեստագետների, մասնավորապես՝ Շիրակի մարզում: Միևնույն ժամանակ նա հասցրել էր ծանոթանալ «ԿԱԶԱ»-ի Երեխաների և դեռահասների զարգացման սոցիալ-ուսուցողական ծրագրի շրջանակներում լուսանկարչական արվեստը բացահայտող երիտասարդների հետ: Հանդիպում, որը սկիզբ դրեց ավելի երկար մի «արկածի» ամերիկուհի արվեստագետի և գյումրեցի երիտասարդների ու պատանիների համար:
Սյուզին վերադարձավ 2017-ի աշնանը՝ շարունակելու աշխատել հայ կին արվեստագետների հետ (ինչի արդյունքն է «Նոր պատկերազարդումներ» ծրագիրը), ինչպես նաև քառօրյա աշխատարան անցկացնելու «ԿԱԶԱ»-ում լուսանկարչություն ուսանողների համար՝ գիրք-ալբոմների ստեղծման շուրջ: Սկսած կազմի պատրաստումից մինչև էջադրում՝ աշխատարանի 9 մասնակիցներն իրենց սեփական ձեռքերով իրականացրին գրքի ստեղծման բոլոր փուլերը: Իսկ Սյուզի Բենքս Բաումի և լուսանկարիչ ու Հիմնադրամի լուսանկարչության դասընթացի պատասխանատու Սոնա Անդրեասյանի ուղեկցությամբ հարազատ Գյումրիում արված լուսանկարներն էլ յուրաքանչյուրի համար հիմք հանդիսացան՝ հյուսելու իր սեփական պատմությունը: Վերջիններս ներկայացնելու առիթ ևս ստեղծվեց. նոյեմբերի 16-ին «Նանսի» սրճարանում կազմակերպված ցուցահանդեսը մեկտեղում էր Սյուզիի երկրորդ այցի ընթացքում ստեղծված բոլոր ստեղծագործությունները՝ լիներ կին արվեստագետների, թե երիտասարդների ու պատանիների հետ:
Սակայն այսքանով ևս ամեն ինչ չի ավարտվում: Սյուզին նախատեսում է Հայաստան այցելել 2018թ-ի նոյեմբերին ևս: Իսկ մինչ նրա վերադարձը Հիմնադրամում լուսանկարչական արվեստի նրբությունները հետազոտող պատանիներն ու երիտասարդները կհասցնեն ավելի խորանալ իրենց ուսումնասիրություններում ու հատկապես՝ խորհրդածություններում: Բանն այն է, որ Սոնան նրանց համար թեմատիկ հանդիպումների մի նոր շարք է մշակում, որոնք թույլ կտան մասնակիցներին խորհրդածել և հրավիրյալ արվեստագետների հետ քննարկումներ ունենալ լուսանկարչության և արվեստի մյուս ձևերի (երաժշտություն, կերպարվեստ, գրականություն, ճարտարապետություն, թատրոն, կինո) միջև զուգահեռների շուրջ և ավելին՝ հանդիպումների արդյունքում մշակել և իրականացնել սեփական նախաձեռնություններ: