« Լուսանկարչությունն ու Գյումրին ». ծրագիր՝ բազմակողմանի ազդեցությամբ

Home » Լուրեր Հայաստանից » « Լուսանկարչությունն ու Գյումրին ». ծրագիր՝ բազմակողմանի ազդեցությամբ

2016 թ. գարնանը երիտասարդ լուսանկարչուհի Սոնա Անդրեասյանը Երևանից տեղափոխվեց Գյումրի՝ զինված լուսանկարչական սարքով և երիտասարդ գյումրեցիներին իր գիտելիքն ու հմտությունները փոխանցելու մեծ ցանկությամբ: Այս ամիսների ընթացքում « Լուսանկարչությունն ու Գյումրին » անվանված դասընթացը, որն իրականացվում է Հիմնադրամի՝ Երեխաների և դեռահասների սոցիալ-ուսուցողական ծրագրի շրջանակներում, ապացուցեց, որ արժանի է գոյության. պատանիների նորանոր խմբեր հաջորդում են միմյանց, մինչդեռ նախաձեռնության նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել « ԿԱԶԱ »-ի պատերից դուրս ևս :

Դասընթացը տևում է 3-ից 4 ամիս, որի ընթացքում մասնակիցները հասցնում են ծանոթանալ լուսանկարչության պատմությանը՝ 19-րդ դարում դրա ծնունդից ի վեր, ուսումնասիրել վերջինիս ժանրերի զարգացումը, պատկերի կառուցման հատուկ տեխնիկաները, ինչպես նաև ինքնուրույն կիրառել արվեստի այս ճյուղը: Տեսական նյութից և գործնական աշխատանքից բացի, Սոնան մեծ տեղ է հատկացնում իր աշակերտների հետ կանոնավոր քննարկումներին՝ զարգացնելու համար նրանց քննադատական և վերլուծական մտածողությունը: Վիզուալ արվեստների ներկայացուցիչ տեղացի արվեստագետների հետ հանդիպումները, այցերը տարբեր ցուցահանդեսներ, լուսանկարչության վերաբերյալ ֆիլմերի ամենշաբաթյա դիտումները լրացնում են միմյանց ընդհանրապես արվեստի և մասնավորապես՝ լուսանկարչության ոլորտում ճաշակ ձևավորելու գործում:

Կարևոր մանրուք դասընթացի վերաբերյալ՝ վերջինիս մասնակցելու համար ամենևին էլ պարտադիր չէ ունենալ լուսանկարչական պրոֆեսիոնալ սարք, քանզի երիտասարդ լուսանկարչուհու առաջնային նպատակն է ոչ թե մասնագետներ պատրաստել, այլ զարգացնել իր աշակերտների՝ պատկերը տեսնելու, ինչպես նաև լուսանկարն ըստ արժանվույն գնահատելու կարողությունը:

 « Միևնույն ժամանակ, դասընթացը հնարավորություն է տալիս լուսանկարչության միջոցով անդրադառնալու քաղաքին, հասարակությանն առնչվող թեմաների ու խնդիրների – քանզի հազվադեպ է պատահում, որ պատկերը « համր » լինի -՝ այսպիսով ծառայելով որպես միջոց կրթելու գիտակից քաղաքացիներ, ովքեր պատասխանատու են իրենց քայլերի ու շրջակա միջավայրի համար »,- նշում է երիտասարդ ուսուցանողը:

« Մի քաղաքում, որի վերջին տարիների տխուր պատմությունը ցավոք սովորեցրել է մարդկանց պասիվ սպասման, ես ցանկացա, որ լուսանկարչությունն այս երիտասարդների համար դառնա իրենց քաղաքին, աշխարհին ինչ-որ բան տալու միջոց, տվյալ դեպքում՝ իրենց հայացքը »,- շարունակում է Սոնան : Հայացք, որ նրա դասընացի մասնակիցները պարբերաբար կիսում են այլոց հետ՝ Հիմնադրամի Երևանի և Գյումրիի կենտրոններում հյուրընկալվող ցուցահանդեսների շնորհիվ: