Վեց ամիս առաջ « ԿԱԶԱ »-ն երիտասարդական աշխատանքի և քաղաքացիական կրթության բնագավառում կուտակած 5 տարիների իր փորձը ներառող « Երիտասարդները հանուն հասարակության » ձեռնարկին զուգահեռ ներկայացրեց 4 ուսուցողական խաղ, որոնք մշակվել են միևնույն՝ « Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ » ծրագրի շրջանակներում՝ նպաստելու համար քաղաքացիական մասնակցության և ակտիվ քաղաքացիության հասկացությունների յուրացմանը:
Այս խաղերը կարող են ավելի արդյունավետ դարձնել երիտասարդների հետ արդեն աշխատող կամ աշխատել ցանկացող յուրաքանչյուրի գործը: Այդ պատճառով էլ որոշեցինք հնարավորություն ստեղծել ներկայացնելու դրանք նրանց:
Այսպիսով, նոյեմբերի 25-ին « ԿԱԶԱ Գյումրի »-ն Շիրակի մարզի ուսուցիչների միություն ՀԿ-ի հետ համագործակցությամբ կազմակերպեց « Սիվիկ »-ի օր: Ինչպես անունը հուշում է, « Սիվիկ »-ը խաղ է՝ միտված այն խաղացողների քաղաքացիական ընկալումների, մոտեցումների և կարծրատիպերի բացահայտմանը: Շիրակի մարզի տարբեր դպրոցների և տարբեր առարկաներ դասավանդող մանկավարժներ մեծ ոգևորությամբ բացահայտեցին խաղն իր բոլոր կանոններով ու նրբություններով:
Մասնակից ուսուցիչների՝ խաղը դպրոցում՝ դասերի ժամերին կիրառելու հետաքրքրությունը մեծ էր: Շուտով այն կբացահայտեն նաև Շիրակի մարզի երեխաները: Իսկ մենք կշարունակենք խաղերը ներկայացնել այլ հետաքրքրված անձանց: