Ուսուցողական խաղեր՝ ստեղծված «ԿԱԶԱ»-ի կողմից երիտասարդների քաղաքացիական կրթությանը նպաստելու նպատակով

Home » Ուսուցողական խաղեր՝ ստեղծված «ԿԱԶԱ»-ի կողմից երիտասարդների քաղաքացիական կրթությանը նպաստելու նպատակով
  • «ՖՈՒՏՈՒՐՈ»․ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆՔ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ

    Խաղի գաղափարը պատկանում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամին: Այն ստեղծվել է «Կայուն զարգացման ուսուցում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է հիմնադրամի կողմից՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի աջակցությամբ:

    «Ֆուտուրո» խաղը նախատեսված է 12 և բարձր տարիքի դեռահասների համար: Այն միտված է օգնելու «Կայուն զարգացում 2030» օրակարգը բերել մեր իրականություն՝ պետական ռազմավարությանը, ազգային զեկույցներին և միջազգային ծրագրերին զուգահեռ, հասկանալ՝ որոնք են կայուն զարգացման նպատակները, ինչպես են դրանք արտահայտված գլոբալ և լոկալ համատեքստերում:
    Կարդալ ավելին

  • «ԱՄԵՆԱՔԱՂԱՔԱՑԻ». ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԽԱՂԻ ՄԻՋՈՑՈՎ

    «Ամենաքաղաքացի» խաղը ստեղծվել է «Երիտասարդների հզորացում քաղաքացիական կրթության և միջմշակութային հաղորդակցության միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Brot für die Welt կազմակերպության աջակցությամբ։ Խաղի հիմնական նպատակն է բարելավել Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և պարտականությունների իմացությունը հայ երիտասարդների շրջանում և նպաստել որպես քաղաքացի դրանց իրացմանը։

    «Ամենաքաղաքացի» խաղի կոնցեպտուալ նախատիպը Հնդկաստանում գործող ComMutiny – The Youth Collective կազմակերպության կողմից ստեղծված Samvidhan Live – The Jagrik project համազգային խաղ-նախաձեռնությունն է։ Ոգեշնչվելով այս նախաձեռնությունից՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը տեղայնացրել է այն հայ երիտասարդների ուսուցողական կարիքներին համապատասխան։

    Խաղը բաղկացած է 6 իրավունքի և 6 պարտականության, ինչպես նաև մեկ բոնուս քարտից, որի առաջադրանքները վերաբերում են կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը: Բոլոր 12 խաղաքարտերն իրենց հերթին բաղկացած են երկու բաժիններից՝ «Միասին» և «Ես»։ «Միասին» բաժնի առաջադրանքները մասնակիցներն իրականացնում են զույգերով՝ կատարելով ուսումնասիրություններ, իրազեկելով և իրականացնելով տարբեր նախաձեռնություններ, համագործակցելով համայնքի այլ անդամների հետ: «Ես» բաժնի առաջադրանքները զույգի յուրաքանչյուր անդամ կա- տարում է ինքնուրույն։ Դրանք ուղղված են ինքնազարգացմանն ու ինքնակազմակերպմանը:
    Կարդալ ավելին

  • «ՔԱՐԿԱՊ»․ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂ

    «Քարկապ» խաղը ստեղծվել է «Երիտասարդների հզորացում քաղաքացիական կրթության և միջմշակութային հաղորդակցության միջոցով» ծրագրի շրջանակներում՝ նպատակ ունենալով զարգացնել երիտասարդների միջմշակութային հաղորդակցման հմտությունները։

    Խաղը կարող է կարևոր քայլ հանդիսանալ այլ մշակույթների հանդեպ հետաքրքրության բարձրացման և անծանոթ իրավիճակներում ավելի լավ կողմնորոշվելու հարցում։

    «Քարկապ»-ը խաղալու համար անհրաժեշտ է առնվազն 4 մասնակից։ Այն կստիպի մտորել մշակութային հանդուրժողականության և կարծրատիպերի մասին, ինչպես նաև կխրախուսի բացահայտել ձեր շրջապատում բնակվող այլ մշակույթների կրողներին:

    Խաղը կարող եք ձեռք բերել՝ դիմելով «ԿԱԶԱ» հիմնադրամի Երևանի և Գյումրու կենտրոններ:

  • «ՍԻՄԲՈԼՈՒՍ»․ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂ

    «Սիմբոլուս» խաղը մշակվել է «Երիտասարդների հզորացում քաղաքացիական կրթության և միջմշակութային հաղորդակցության միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Brot für die Welt կազմակերպության աջակցությամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել երիտասարդների շրջանում քաղաքացու ինքնության և մշակութային իրազեկվածության, Հայաստանում ժողովրդավարական, թափանցիկ և բազմազան հասարակության զարգացմանը:

    Խաղի նպատակն է խթանել այսօրվա աշխարհում «միասին ապրելու» և հաղորդակցվելու մոտեցման զարգացումը, քանի որ մշակույթները տարբեր են և բազմազան, սակայն ունեն շատ ընդհանրություններ ու նմանություններ։

    Խաղը հետաքրքրություն է առաջացնում մշակութային համատեքստում տարբեր խորհրդանիշների դերի և նշանակության բացահայտման տեսանկյունից և խթանում է միջմշակութային հաղորդակցության հմտությունների զարգացումը։

    «Սիմբոլուս»-ը կարելի է խաղալ և՛ ֆորմալ, և՛ ոչ ֆորմալ կրթական միջավայրերում (դպրոց, ճամբար և այլն)՝ որպես ուսուցողական դասընթացի մաս:

    Այս խաղը կարող են խաղալ 12 տարեկանից բարձր անձինք։ Նախապես պատրաստվելու կարիք չկա. պարզապես պետք է հետաքրքրված լինել այլ մշակույթներով։

    «Սիմբոլուս»-ը կարող եք ձեռք բերել ՝ դիմելով «ԿԱԶԱ» հիմնադրամի Երևանի և Գյումրու կենտրոններ:

  • «Յալլա». սովորում ենք արեվմտահայերեն եվ արեվելահայերեն

    «Յալլա» խաղը ստեղծվել է «ԿԱԶԱ» հիմնադրամի՝ երիտասարդների ինտեգրման ծրագրի շրջանակներում: Այն թիմային խաղ է, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու արևմտահայերենում և արևելահայերենում հաճախ գործածվող բառերին և դրանց նշանակություններին: Այսպիսով՝ խաղը նպատակ ունի ավելի հասկանալի դարձնել շփումը սփյուռքահայերի և տեղացիների միջև:

    Խաղը բաղկացած է 79 քարտից, որոնց վրա գրված են գոյականներ, բայեր, ածականներ և հատուկ անուններ, ինչպես նաև բառարանից, որտեղ կարող եք գտնել բառերի բացատրությունները: Այն նախատեսված է 12 տարեկանից բարձր մասնակիցների համար: Ցանկալի է, որ խաղի մասնակիցների մեջ լինեն և՛ սփյուռքահայեր, և՛ տեղացի հայեր:

    «Յալլա»-ն կարող է ուրախ և ուսուցողական համատեղ ժամանց ապահովել սփյուռքահայ և տեղացի երիտասարդների համար:

    Խաղը կարող եք ձեռք բերել՝ դիմելով «ԿԱԶԱ» հիմնադրամի երևանյան և Գյումրու կենտրոններ:

  • «Պերսիպիո». խոսում ենք հասարակական խնդիրների մասին նկարազարդ քարտերով

    «Պերսիպիո» խաղը ստեղծվել է «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Խաղը մշակվել է «Երիտասարդները հանուն զարգացման» ձեռնարկին զուգահեռ՝ նպատակ ունենալով դյուրացնել հասարակական խնդիրների մասին քննարկումները երիտասարդների շրջանում:

    Խաղի բաղկացուցիչ մասն են կազմում նկարազարդ խաղաքարտերը, որոնց վրա պատկերված են ժամանակակից լեհ նկարիչ Պավել Կուչինսկու ստեղծագործությունները: Պ. Կուչինսկին իր նկարների միջոցով ներկայացնում է ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերներ՝ անդրադառնալով սոցիալական, քաղաքական, բնապահպանական և այլ ոլորտների:

    «Պերսիպիո»-ն հետաքրքիր և ուսուցողական ժամանց կարող է ապահովել՝ ակտիվացնելով ձեր երևակայությունն ու ասոցիացիաները:

    Խաղը ստեղծվել է 2 լեզվով՝ հայերեն և անգլերեն: Այն կարող եք ձեռք բերել՝ դիմելով «ԿԱԶԱ» հիմնադրամի երևանյան և Գյումրու կենտրոններ:

  • «Սիվիկ». բառերի և դերերի աշխարհում

    «Սիվիկ» խաղը ստեղծվել է «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Խաղը մշակվել է «Երիտասարդները հանուն զարգացման» ձեռնարկին զուգահեռ՝ նպատակ ունենալով դյուրացնել երիտասարդների քաղաքացիական ընկալումների, մոտեցումների և կարծրատիպերի բացահայտումը:

    Խաղը բաղկացած է 41 քարտից, որոնց վրա գրված են պարզ և բարդ գոյականներ, բայեր, ածականներ, բառակապակցություններ, հատուկ անուններ: Խաղի առանձնահատկություններից են 11 դերային խաղաքարտերը, որոնց օգնությամբ մասնակիցները բառերը բացատրելիս պետք է ստանձնեն տարբեր դերեր: Խաղի ուսուցողական ներուժի բարձրացման համար խորհուրդ ենք տալիս գրանցել անծանոթ կամ դժվար բացատրվող բառերը և փնտրել դրանց բացատրությունները, ինչպես նաև կազմակերպել քննարկում, վերլուծել և հասկանալ, թե ինչու էին խաղացողները այս կամ այն դերը/բառը հենց այդպես ընկալում:

    «Սիվիկ»-ը կարող է ուրախ և ուսուցողական ժամանցի տարբերակ լինել:

    Խաղը ստեղծվել է 2 լեզվով՝ հայերեն և անգլերեն: Այն կարող եք ձեռք բերել՝ դիմելով «ԿԱԶԱ» հիմնադրամի երևանյան և Գյումրու կենտրոններ:

  • «Էնթեր Դիգնիթիլենդ». սոցիալական իրավունքները սովորեցնող խաղ

    «Էնթեր Դիգնիթիլենդ»-ը սոցիալական իրավունքների մասին ուսուցողական խաղ է՝ մշակված երիտասարդների համար, որտեղ խաղացողները Դիգնիթիլենդ կոչվող երևակայական երկրի խորհրդարանի անդամներ են: Նրանք պետք է որոշեն, թե ինչպիսին է լինելու սոցիալական իրավունքներին վերաբերող սոցիալական քաղաքականության՝ հաջորդ հինգ տարիների զարգացման ծրագիրը: Որոշումների կայացման գործընթացների միջոցով խաղացողները նոր գիտելիքներ են ձեռք բերում սոցիալական իրավունքների և սոցիալական քաղաքականության հետ դրանց ունեցած կապերի մասին:

    «Էնթեր Դիգնիթիլենդ» խաղը մշակվել է երիտասարդների համար սոցիալական իրավունքների հասանելիության առաջխաղացմանը միտված «ENTER!» ծրագրի, ինչպես նաև Եվրոպական սոցիալական խարտիայի 50-ամյա տարեդարձի շրջանակներում: «ԿԱԶԱ» հիմնադրամը խաղը թարգմանել է հայերեն՝ Եվրոպայի խորհրդի թույլտվությամբ:

    Այն կարող եք ձեռք բերել՝ դիմելով «ԿԱԶԱ» հիմնադրամի երևանյան և Գյումրու կենտրոններ: