Ոչ ֆորմալ հարթակում իրականացվող կրթական բարեփոխումների ծրագրերը նպատակ ունեն աջակցել ու ավելի սահուն դարձնել պետական բարեփոխումները

Home » Լուրեր Հայաստանից » Ոչ ֆորմալ հարթակում իրականացվող կրթական բարեփոխումների ծրագրերը նպատակ ունեն աջակցել ու ավելի սահուն դարձնել պետական բարեփոխումները

«Իմաստունին» կրթափորձարարական հարթակ է, որտեղ հանդիպում են ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ոլորտի մասնագետներ՝ մենթորներ, ուսուցիչներ, փորձագետներ, քննարկում հարցեր, ստանում՝ նորարար մեթոդական, բովանդակային գիտելիքներ կրթական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ։

ԿԳՄՍ նախարարության կողմից դեռևս 2021թ․ նախաձեռնված կրթության ոլորտի բարեփոխումները նախատեսում էր առարկայական դասավանդումից անցում կատարել անհատի հիմնարար կարողունակությունների, նախագծային ուսուցման ներդրմանն ու զարգացմանը, գնահատման նոր համակարգերին։ Ուստի, անհրաժեշտություն առաջացավ մշակել նոր բարեփոխումներին համահունչ ծրագրեր, որոնք կօգնեին ուսուցիչներին նոր մեթոդաբանությամբ և նոր բովանդակային մոտեցմամբ կրթական տարբեր մակարդակներում կազմակերպել դասապրոցեսը։ Նպատակն էր աջակցել պետության կողմից նախաձեռնված բարեփոխումներին՝ ավելի սահուն և միևնույն ժամանակ հիմնավոր կերպով այն իրագործելու համար։

Տևական ուսումնասիրություններից ու ոլորտի փորձագետների հետ քննարկումներից հետո հիմնադրամը որոշում կայացրեց իր ներուժը կենտրոնացնել դրանցից չորսի՝ սովորել սովորելու, ժողովրդավարական, սոցիալ- տնտեսական ու մշակութային կարողունակությունների զարգացման մոդուլների ձևավորման ու առցանց հարթակի միջոցով ուսուցիչների վերապատրաստմանը։

Ունենալով ոչ ֆորմալ կրթության կազմակերպման ռեսուրսներ ԿԱԶԱ-ն 2021թ․ սկսեց ակտիվ աշխատանքները ուսուցիչների հետ։ Փորձագետների հետ համատեղ մշակված թեմատիկ ու մեթոդական նյութեր, տեսանյութեր, առցանց դասընթացներ, ուսուցման և փոխգործության հարթակներ օնլայն տիրույթում,- սրանք այն սկզբնական կրթական մեխանիզմներն էին, որոնցով հիմք դրվեց նորարարական կրթության զարգացման գործընթացին։ Տեսադասերն ունեին հստակ թեմատիկ ուղղվածություն՝ մշակույթ և կրթություն, արվեստ և կրթություն, ինքնություն և կրթություն, նախագծային ուսուցում և կրթություն և այլն։

«Իմաստունի» կրթափորձարարական հարթակի հետագա աշխատանքերը ցույց տվեցին, որ կար ձևավորված պահանջ, խորագիրը ճիշտ էր ընտրված, տարվող աշխատանքներն ընթանում են ճիշտ ուղղությամբ։

Հիմնադրամի այս ծրագրում, հանրապետության տարբեր մարզերից տարեկան շուրջ քառասուն ուսուցիչ է ներգրավվել և վերապատրաստվել։ Նրանք որպես փորձարկող մասնակցել են հարթակի կրթափորձարարական լաբորատորիայի փորձարկումներին, իսկ շուրջ հինգ հարյուր շահառու՝ մասնակցել է կրթության արդի թեմաներով վեբինարների։

Փորձարկող ուսուցիչները ձեռք բերած մեթոդական գործիքակազմի օգնությամբ կազմում և հարստացնում են իրենց դասապլանը, որն ամենակարևորն է այս ողջ գործընթացում։ Ուսուցիչները, որոնք «Իմաստունի» հարթակի լաբորատորիայի փորձարկումների շնորհիվ հարստացրել են իրենց փորձն ու գիտելիքները ու գործնականում դրանք կիրառել, դառնում են փորձագետներ իրենց գործընկերների համար։ Փորձի փոխանակման ու տարածման միջոցով նրանք առավել խորությամբ են պատկերացնում, թե ինչ է կարողունակությունը և դրա դերը անհատի զարգացման գործում:

Տարիների ընթացքում ձևավորվել է կրթական բարեփոխումների բերած առավելությունները գիտակցող մասնագետների մի կայուն շրջանակ, որը դարձել է այդ բարեփոխումների շարժիչ ուժն ու բարեփոխիչը իր դպրոցում, իր միջավայրում։ «Ծրագրի մասնակից ուսուցիչները, դաստիարակները իրենց հերթին օգնում են մեզ առավել լավ պատկերացնել ոլորտը, դասարանում կատարվողն ու կրթության առջև ծառացած մարտահրավերները և նախանշել այդ մարտահրավերներին համատեղ արձագանքելու ամենաարդյունավետ եղանակները»,- ասում է հիմնադրամի ծրագրերի ղեկավար Զառա Լավչյանը։

Հիմնադրամը շեշտադրելով կարողունակ անհատի դերը զարգացած հասարակություն ձևավորելու գործում, իր ջանքերն ու ռեսուրսները ուղղում է տվյալ դեպքում՝ կրթական համակարգի բարեփոխմանն ու ոլորտի զարգացմանը։