«Հիրշման» կրթաթոշակային ծրագրի առաջին 20 մասնակիցները հաջողությամբ իրականացրեցին համայնքային զարգացման իրենց նախաձեռնությունները: Այս ծրագրի հաջող իրականացման նպատակով մենք սերտորեն աշխատել ենք համալսարանների հետ․ վերջիններիս կողմից նշանակված մենթորները և մեր թիմը, ունենալով նախագծերի իրականացման երկարամյա արդյունավետ փորձ, աջակցել և ուղղորդել են ուսանողներին իրենց գաղափարները հստակ ծրագրերի վերածելու և կյանքի կոչելու հարցում:
Այս փորձառությունը նպաստել է կրթաթոշակառու երիտասարդների սոցիալական ներգրավվածության և համայնքների հետ կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը, միաժամանակ զարգացրել է կարևոր հմտություններ և օգնել բացահայտել տարբեր հնարավորություններ իրենց մասնագիտական ոլորտներում՝ նպաստելով աշխատաշուկա մուտք գործելուն:
Իրենց նախագծերի իրականացման ընթացքում ուսանողները համագործակցել են իրենց համայնքների ղեկավար մարմինների, դպրոցների, տարբեր ՀԿ-ների հետ։
|
Նարին Փօլաշեան
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ
Քանդակ, մագիստրատուրա 2-րդ կուրս
|
Նախաձեռնությունը՝ խաչքարերի դասընթաց
Սփյուռքի մեր հայրենակիցներին ներկայացրել է հայկական մշակույթը` սովորեցնելով նրանց ստեղծել խաչքարեր: Նրա դասընթացների արդյունքում 10 երիտասարդ կարողանում են ինքնուրույն քանդակել խաչքարեր։
Վայր՝ Գյումրի
Ժամանակահատված՝ 01.07.2021-31.08.2021
|
|
Տիրուհի Հարությունյան
Երևանի պետական համալսարան
Իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ 4-րդ կուրս
|
Նախաձեռնությունը՝ կրթական ակումբի ստեղծում գյուղի դպրոցականների համար
Ակումբը երեխաներին հնարավորություն է տվել ոչ ֆորմալ մեթոդներով (կրթական խաղեր) ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ, բարձրացնել սովորելու մոտիվացիան, ներգրավվել համայնքի զարգացման գործում։ Դասընթացների արդյունքում ձևավորվել է «Էվրիկա» կրթական ակումբը, որն այսօր քայլեր է ձեռնարկում լուծելու իր համայնքում առկա խնդիրները՝ որպես «ԿԱԶԱ» հիմնադրամի քաղաքացիական կրթության ծրագրի մի մաս:
Վայր՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Կարջաղբյուր
Ժամանակահատված՝ 03.08.2021-31.08.2021
|
|
Զարուհի Թադևոսյան
Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
Կուլտուրայի ֆակուլտետ/Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն, բակալավրիատ 4-րդ կուրս
|
Նախաձեռնությունը՝ թանգարան և դպրոց
Նախագիծը երեխաներին մոտեցնում է թանգարանային կրթությանը՝ Հայաստանի տարբեր թանգարանների վերաբերյալ պատրաստված սահիկաշարերի միջոցով՝ ստեղծելով ուսուցիչ – թանգարան, երեխա – թանգարան կապը, օգնելով ուսուցչին դասապրոցեսը դարձնել ավելի ինտերակտիվ և հետաքրքիր: Ծրագրի մասնակից դպրոցականներ միշտ չէ, որ հնարավորություն ունեն մասնակցելու մշակութային միջոցառումների իրենց գյուղում։ Ծրագիրն այնքան հետաքրքիր էր, որ Զարուհին 2 դպրոցից առաջարկ ստացավ իրականացնելու նմանատիպ ծրագիր՝ կազմակերպելով նաև պարբերական այցելություններ թանգարաններ։
Վայր՝ Արմավիրի մարզ
Ժամանակահատված՝ 01.10.2021- 26.11.2021
|
|
Սևակ Պապոյան
Երևանի Մխ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Ստմատոլոգիական ֆակուլտետ, բակալավրիատ 5-րդ կուրս
|
Նախաձեռնությունը՝ սեմինարներ առողջապահական թեմաներով դպրոցականների համար
Սևակը վարել է սեմինարներ առողջապահական թեմաներով, ներառյալ բերանի խոռոչի հիգիենան, երիտասարդների և դպրոցականների համար (ընդհանուր 75 հոգի): Արդյունքում շատ երեխաներ սկսեցին հետաքրքրվել բժշկությամբ։ Սևակը նրանց խոստացել է էքսկուրսիա կազմակերպել Երևանի պետական բժշկական համալսարանում։
Վայր՝ Երևան, Գյումրի
Ժամանակահատված՝ 20.08.2021-20.11.2021
|
|
Մերի Մաթևոսյան
Հայաստանում ֆրանսիական համալսարան
Կառավարման ֆակուլտետ, բակալավր 3-րդ կուրս
|
|
Գայանե Հայրապետյան
Հայաստանում ֆրանսիական համալսարան
Իրավաբանական ֆակուլտետ, բակալավրիատ 3-րդ կուրս
|
Նախաձեռնությունը՝ մարդու իրավունքների ուսուցում 30 դպրոցականի համար
Մերին ու Գայանեն միասին են իրականացրել իրենց նախագիծը՝ դպրոցականներին սովորեցնելով իրենց իրավունքներն ու պարտականությունները։ Մասնակիցների ոգևորությունն այնքան մեծ է, որ աղջիկները նախատեսում են շարունակել նախագիծը։
Վայր՝ Երևան, թիվ 123 դպրոց
Ժամանակահատված՝ 22.10.2021-19.11.2021
|
|
Մերի Գալստյան
Հայաստանում ֆրանսիական համալսարան
Իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտ
|
|
Դիանա Խաչատրյան
Հայաստանում ֆրանսիական համալսարան
Իրավաբանական ֆակուլտետ, բակալավրիատ 3-րդ կուրս
|
Նախաձեռնությունը՝ իրավաբանական խորհրդատվական հարթակի ստեղծում
Հարթակը բոլորին տեղեկացնում է իրենց հիմնարար իրավունքների և պարտականությունների մասին, որոնց առնչվում են առօրյա կյանքում։ Ծրագրի շահառուներն են Instagram-ի Your_lawyerr էջի ավելի քան 2400 հետևորդ։ Հարթակի շնորհիվ շատերը ստացել են գործնական գիտելիքներ և պատասխաններ իրենց իրավական հարցերին։
Վայր՝ առցանց
Ժամանակահատված՝ 01.08.2021-19.12.2021
|
|
Արփինե Միքայելյան
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետ, բակալավրիատ 3-րդ կուրս
|
Նախաձեռնությունը՝ Ավշարի դպրոցի 30 դպրոցականների համար անգլերենի խմբակի ստեղծում
Արփինեն անգլերեն լեզվի խմբակը վարել է ինտերակտիվ խաղային մեթոդներով։ Թեև ծրագիրն ավարտված է, սակայն երեխաների հետ կապը շարունակվում է։ Ուրախալի է, որ երեխաները ձերբազատվել են օտար լեզվով խոսելու բարդույթից, հնարավորինս փորձում են արտահայտվել անգլերենով։
Վայր՝ Արարատի մարզ, գյուղ Ավշար
Ժամանակահատված՝ 10․04․2021 – 25․07․2021
|
|
Լիլիթ Փանոսյան
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետ, մագիստրատուրայի շրջանավարտ
|
Նախաձեռնությունը՝ երիտասարդների իրազեկման բարձրացում՝ համայնքային ընտրությունների նախաշեմին
Լիլիթը քաղաքապետարանի ընտրությունների նախաշեմին կազմակերպել է իրազեկման հանդիպում 10 երիտասարդների համար։ Հանդիպման հիմնական նպատակն է Էջմիածնի և հարակից գյուղերի երիտասարդներին ծանոթացնել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին, ինչպես նաև օրենսդրական կարգավորումներին, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ապահովել նրանց մասնակցությունը համայնքի կյանքին:
Վայր՝ Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին
Ժամանակահատված՝ 21․11․2021
|
|
Զավեն Մելիքջանյան
Հայաստանում ֆրանսիական համալսարան
Մարքեթինգի ֆակուլտետ, մագիստրատուրայի շրջանավարտ
|
Նախաձեռնությունը՝ դասընթաց նորաստեղծ ձեռնարկատերերի համար
Զավենը օգնում նորաստեղծ ձեռնարկատերերին՝ կազմակերպելով խմբային կամ անհատական դասընթացներ և տալով խորհրդատվություն Ներդրումային աջակցման կենտրոն հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Այս դասընթացները մասնակիցներին հնարավորություն են տալիս ավելի մանրամասն քննարկել սեփական բիզնես գաղափարը և ձևակերպել մասնագիտական բիզնես պլան։
Վայր՝ Հայաստանի մարզեր
Ժամանակահատված՝ 01.07.2021-01.12.2021
|
|
Հակոբ Գրիգորյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, մագիստրատուրա 2-րդ կուրս
|
Նախաձեռնությունը՝ կրթական հնարավորություններ երիտասարդների համար
Հակոբը ինտերակտիվ քննարկում է իրականացրել ավագ դպրոցի աշակերտների հետ կրթական հնարավորությունների, կարիերայի ճիշտ ընտրության, ուսման վարձի զեղչերի, կրթաթոշակային ծրագրերի և այլնի մասին: Արդյունքում երիտասարդները մոտիվացված են, հստակ գիտակցում են, որ անհնարին ոչինչ չկա, այդ թվում՝ արտերկրում սովորելը, տարբեր միջազգային ծրագրի մասնակցելը, ուսման վարձի զեղչերը, ՀԿ-ներում աշխատելը և ուսանողական ակտիվ ու անմոռանալի կյանք ունենալը։
Վայր՝ Լոռու մարզ, Ստեփանավանի թիվ 1 դպրոց
Ժամանակահատված՝ 13.12.2021
|
|
Տիգրան Կոճիբրոյան
Երևանի պետական համալսարան
Պատմության ֆակուլտետ, Կովկասագիտության բաժին, բակալավրիատ 4-րդ կուրս
|
Նախաձեռնությունը՝ մասնագիտական կողմնորոշման սեմինարներ
Շիրակի մարզի դպրոցների թվով մոտ 30 պատանի մասնակցեցին Տիգրանի կազմակերպած սեմինարներին, որոնց նպատակն էր անդրադառնալ ինքնաճանաչողության, ինքնության և արժեքների, կարեկցանքի և դրական ներգրավվածության համար անհրաժեշտ հմտություններին: Տիգրանը ցույց է տվել աշխատաշուկայի կարիքները՝ օգնելով դեռահասներին ավելի լավ կողմնորոշվել իրենց ապագայի վերաբերյալ որոշման հարցում:
Վայր՝ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի
Ժամանակահատված՝ 01․10․2021-01.12.2021
|
|
Աղավնի Գրիգորյան
Երևանի պետական համալսարան
Իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ 3-րդ կուրս
|
Նախաձեռնությունը՝ դասընթացներ իրավունքի տարբեր ճյուղերի վերաբերյալ
Ծրագրի նպատակն է երիտասարդ սերնդին կրթել իրավական ոգով, ծանոթացնել նրանց իրավունքներին և պարտականություններին, իրավունքների պաշտպանության տեսակներին:
Շահառուներն էին Սպիտակի երիտասարդական կենտրոնի 15 երիտասարդներ։ Ծրագրի ավարտին նրանք հստակորեն ճանաչում էին իրենց հիմնական իրավունքները և պարտականությունները: Դատարան այցելության ընթացքում նրանք ծանոթացան Հայաստանի իրավական համակարգին և դատական պրակտիկային։
Վայր՝ Լոռու մարզ, քաղաք Սպիտակ
Ժամանակահատված՝ 01․08․2021-31․08․2021
|
|
Ռուզաննա Զադոյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, բակալավրիատի շրջանավարտ
|
Նախաձեռնությունը՝ բրդի մշակում
Ռուզաննայի ծրագրի նպատակն է լուծել մեծ քանակությամբ բրդի թափոնների և տեղի բնակչության զբաղվածության խնդիրը։ Ստեղծվել է 6 հոգանոց խումբ, ովքեր հավաքել են անհրաժեշտ նյութերն ու տեխնիկական միջոցները, ձեռք են բերել բուրդը, մշակել այն և արդեն վաճառում են բրդյա իրեր։
Վայր՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Ճամբարակ
Ժամանակահատված՝ 25.06.2021-20.09.2021
|
|
Սուրեն Մելքոնյան
Հայաստանում ֆրանսիական համալսարան
Ֆինանսների ֆակուլտետ, մագիստրատուրայի շրջանավարտ
|
Նախաձեռնությունը` դասընթաց շրջակա միջավայրի պահպանության, ակտիվ քաղաքացիության և մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ
8-ից 14 տարեկան 36 աշակերտի համար կազմակերպված արտադասարանական պարապմունքների ընթացքում երեխաները ձեռք բերեցին ուժեղ զգայունություն շրջակա միջավայրի նկատմամբ, հստակ պատկերացում իրենց ապագա մասնագիտության մասին։
Վայր՝ Երևան, թիվ 52 դպրոց
Ժամանակահատված՝ 01.10.2021-15.12.2021
|
|
Իռեն Թալալյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, մագիստրատուրա 2-րդ կուրս
|
Նախաձեռնությունը՝ մասնագիտական կողմնորոշման սեմինարներ
Այս սեմինարների նպատակն էր զարգացնել երիտասարդների (15 հոգի) հետաքրքրությունը ինքնազբաղվածության նկատմամբ։ Իռենը ներկայացրեց աշխատաշուկայի կարիքները և առկա տարբեր հնարավորությունները:
Վայր՝ Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան
Ժամանակահատված՝ 03.09.2021-09.09.2021
|
|
Գոհարիկ Գրիգորյան
Հայաստանում ֆրանսիական համալսարան
Մարքեթինգի ֆակուլտետ, բակալավրիատ 3-րդ կուրս
|
Նախաձեռնությունը` իրազեկման հանդիպումներ կամավորության և առկա կրթական հնարավորությունների վերաբերյալ
Նախատեսված 20 երիտասարդների փոխարեն ծրագրին ընդհանուր առմամբ մասնակցել է 103 երիտասարդ՝ յուրաքանչյուր հանդիպմանը 40-ից 60 հոգի։ Որպես հաջողված արդյունք կարող ենք նշել Ֆեյսբուքում «Կամավորությունից հնարավորություններ» հարթակի ստեղծումը (https://www.facebook.com/groups/880500049276912/) որի անդամների թիվն այս պահին հասնում է 3700-ի։ Գոհարիկը խմբի մի քանի անդամների հետ շարունակում են ինտենսիվորեն կիսվել այնտեղ կրթական տարբեր հնարավորությունների մասին տեղեկություններով։
Վայր՝ առցանց
Ժամանակահատված՝ 01.10.2021-30.11.2021
|
|
Մերի Մաթևոսյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ, մագիստրատուրա 2-րդ կուրս
|
Նախաձեռնությունը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում
Կազմակերպվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբերանվտանգության և ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ հանդիպումների շարք՝ զուգորդված սցենարներով, քննարկումների խմբերով և գործնական աշխատանքով։ Ծրագրի շրջանակներում 28 դպրոցականներ հնարավորություն ունեցան բարելավելու իրենց գիտելիքները ցանցային անվտանգության, ստարտափների ծրագրավորման, նախագծման և իրականացման վերաբերյալ։ Նախագծի ընթացքում նրանք աշխատել են խմբերով՝ սովորելով լավ ցանցային վարքագիծ դրսևորել, ձևավորել հետաքրքիր ստարտափ գաղափարներ, ուսումնասիրել ֆինանսավորման տարբերակները։
Վայր՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Լճաշեն
Ժամանակահատված՝ 12․10․2021-14․10․2021
|
|
Մերի Խաչատրյան
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետ, բակալավրիատի շրջանավարտ
|
Նախաձեռնությունը՝ Թալինի զբոսաշրջային տեսարժան վայրերը
Մերին կազմակերպել է սեմինարներ Թալին քաղաքի մշակութային ժառանգության վերաբերյալ՝ համագործակցելով «Լուպին» ՀԿ-ի հետ: Տարբեր ոլորտների հարյուրավոր երիտասարդներ ծրագրի շնորհիվ ծանոթացել են Թալինի զբոսաշրջային ռեսուրսներին, բացահայտել նրա մշակութային հուշարձանները։ Հաշվի առնելով երիտասարդների մեծ հետաքրքրությունը այս ոլորտի նկատմամբ՝ վերոնշյալ ՀԿ-ի կողմից բացվել է վերապատրաստման դասընթաց։ Այժմ մի խումբ երիտասարդներ վերապատրաստվում են որպես զբոսավար և հետագայում իրենց նպաստը կբերեն Թալինում զբոսաշրջության զարգացմանը։
Վայր՝ Արագածոտնի մարզ, քաղաք Թալին
Ժամանակահատված՝ 01․08․2021-14․10․2021
|