Հոգեբանասոցիալական աջակցություն Գյումրու խոցելի ընտանիքներին

Home » Լուրեր Հայաստանից » Հոգեբանասոցիալական աջակցություն Գյումրու խոցելի ընտանիքներին

«ԿԱԶԱ» Հիմնադրամի ստեղծման օրվանից ի վեր նրա գործունեությունը սերտորեն կապված է Հայաստանի հյուսիսային շրջանների՝ հատկապես Գյումրիի հետ։ Հետերկրաշարժյան տարիներին քաղաքի անմխիթար վիճակն ու տուժած բնակիչների կենսագործունեության անբարենպաստ պայմանները բարելավելու ձգտումն էր առիթը, որ Հիմնադրամը սկսեց հանդես գալ սոցիալ-հոգեբանական, կրթական ու մշակութային բազմապիսի նախաձեռնություններով։

«Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամի հետ համատեղ «ԿԱԶԱ»-ն տարիներ շարունակ հաջողությամբ իրականացնում է Անապահով ընտանիքների աջակցության ծրագիրը, որն իրականացնելիս առաջնորդվում է հիմնականում հետևյալ կարգախոսով՝ «Սովորեցնել՝ ինչպես ձուկ որսալ պարզապես ձուկ նվիրելու փոխարեն»։

Ինչպես գիտենք, Գյումրիում և առհասարակ Հայաստանում նման ուղղվածությամբ ծրագրերը բազմաթիվ են։ Հարկ է նշել, որ տվյալ ծրագիրն առանձնանում է իր առջև դրված նպատակների ապագայամետ բնույթով՝
  • Ձևավորել հոգեպես առողջ ու ինքնակազմակերպված ընտանիքներ,
  • Նպաստել ընտանիքների հզորացմանը՝ կրթական ու սոցիալ-հոգեբանական աջակցության միջոցով։

Ծրագրին մասնակցելու հնարավորություն է տրվում 24 ընտանիքի, որոնցից յուրաքանչյուրի հետ մասնագետների խումբն աշխատում է առավելագույնը չորս տարի։ Գոյություն ունեն ընտանիքների ընտրության հստակ չափորոշիչներ, ինչպիսիք են ընտանիքում ծնողներից մեկի բացակայությունը, հաշմանդամությունը, երեխայի (երեխաների) մոտ հիվանդության առկայությունը, բազմազավակ ընտանիքի ֆինանսական ծանր կացության մեջ գտնվելը։ Առաջնահերթություն է տրվում այն ընտանիքներին, որոնք ցանկություն ունեն ստեղծված դժվարին իրավիճակից սեփական ուժերով դուրս գալու և իրենց կյանքում դրական փոփոխություն իրականացնելու։

Ծրագրի շրջանակներում տրամադրվող օգնությունը բազմաբնույթ է՝ պարենային, հոգեբանասոցիալական ու կրթական։ Բոլոր շահառուներին տրամադրվում է ամենամսյա սննդի զամբյուղ, ինչպես նաև հատկացվում է որոշակի գումար՝ կոմունալ վճարումներ իրականցնելու համար։ «Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամը տրամադրում է հոգեբանական խորհրդատվություն, իսկ սոցաշխատողները յուրաքանչյուր ամիս իրականացնում են տունայցեր։ Վերջիններս անցկացնում են ծնողավարության դասեր, ինչպես նաև օգնում են ընտանեկան բյուջեի տնօրինման հարցում։

Մեծ կարևորություն է տրվում հատկապես ընտանիքների ֆինանսական ինքնուրույնության խնդրին՝ մասնագիտության ձեռքբերման և աշխատանքի որոնման աջակցման միջոցով, ինչը թույլ է տալիս հետագայում ունենալ եկամտի կայուն աղբյուրներ:

Անհրաժեշտության դեպքում շահառու ընտանիքները ստանում են նաև իրավաբանական ու բժշկական խորհրդատվություն։

Տարեկան երկու անգամ ընտանիքներին հնարավորություն է տրվում հայց ներկայացնելու «ԿԱԶԱ» Հիմնադրամին՝ նշելով իրենց հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ որևէ իրի, դասընթացի կամ այլ աջակցության մասին։ Հայտերը քննվում են և դրանցից ամենակարևորներն ու կենսականները բավարարվում են։

«ԿԱԶԱ»-ում շահառու ընտանիքների երեխաները պարտադիր մասնակցում են երեխաների և դեռահասների զարգացման ծրագրին, իսկ ծնողները՝ զբաղվածության և մասնագիտական հմտությունների զարգացման ծրագրերին։

«Հաջողության հասած ընտանիքների պատմությունները բազմաթիվ են։ Օրինակ, երեք անչափահաս երեխաների մայր Քրիստինեն, որն ամուսնու վաղաժամ մահից հետո հայտնվել էր անելանելի իրավիճակում, հուսալքված էր ու լուսավոր ապագայի հանդեպ թերահավատ, ծրագրին մասնակցելուց հետո կարողացավ աշխատանք գտնել և սեփական ուժերով ոտքի կանգնել ստեղծված դժվարին իրավիճակից։ «ԿԱԶԱ»-ի Զբաղվածության ծրագրին մասնակցելուց հետո նա նույնիսկ հիմնեց գործվածքների արտադրության իր բիզնեսը», – հպարտությամբ արձանագրում է Ընտանիքների աջակցության ծրագրի պատասխանատու Աստղիկ Նիկոլյանը։

Ծրագիրը ստեղծման օրվանից մինչ այսօր աջակցել է 280 ընտանիքների՝ ապահովելով խոստումնալից ու արժանավայել ապագա։