Կրթության «Անսահմանացում» ֆորում

Home » Լուրեր Հայաստանից » Կրթության «Անսահմանացում» ֆորում

Ինչպես շատերդ արդեն լսեք եք, նոյեմբերի 2-ին մեր հիմնադրամը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացրեց ԿՐԹՈՒԹՅԱՆ «ԱՆՍԱՀՄԱՆԱՑՈՒՄ» ֆորումը։

Ֆորումի նպատակն էր, միավորելով ոլորտի դերակատարներին, քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության ոլորտում՝ անդրադառնալով ներկա միտումներին, մարտահրավերներին ու հնարավորություններին:

Ֆորումի նպատակն էր, միավորելով ոլորտի դերակատարներին, քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության ոլորտում՝ անդրադառնալով ներկա միտումներին, մարտահրավերներին ու հնարավորություններին: Ոմանք միգուցե կհիշեն, որ «ԿԱԶԱ» հիմնադրամն առաջիններից էր, որ սկսեց աշխատանքներ ծավալել Հայաստանում էլ․ ուսուցման զարգացման ուղղությամբ: Սկզբում մասնակցելով ամենատարածված էլ․ ուսուցման միջավայրերից մեկի (Moodle) հայերեն թարգմանությանը, այնուհետև ստեղծելով շարունակական կրթության առաջին հայերեն էլ. դասընթացը (Զբոսավարների պատրաստում www.elearning.am): Ցանկություն ունենալով համաշխարհային գիտելիքն ու փորձը նաև մեզ մեր երկրում հասանելի դարձնել, մենք պարբերաբար Հայաստան ենք հրավիրում այս ոլորտում հետաքրքիր ասելիք ունեցող մարդկանց: Եվ այսպես, մի քանի տարի առաջ իր տպավորիչ հանրային դասախոսությունների շարքով Հայաստան ժամանեց ազատ ծրագրերի շարժման հիմնադիր Ռիչարդ Սթոլմանը: Այս տարի Երևան հրավիրեցինք էլ. ուսուցման ոլորտում մեծ փորձ ունեցող երկու փորձագետների: Ֆորումի գլխավոր խոսնակն էր խոշոր բաց առցանց դասընթացների (MOOC : Massive Open Online Course) հեղինակ Սթիվեն Դաունսը, ով իր մտքերը կիսեց «Սահմաններից դուրս․ գլոբալ ուսուցում ցանցային աշխարհում» թեմայի շուրջ։ Իր ելույթում Դաունսը հատկապես անդրադարձավ բաց առցանց կրթության՝ մասնավորապես MOOC-ին ՝ ներկայացնելով, թե ինչպես են նոր կրթական հարթակները բացահայտում ուսուցման նոր հեռանկարներ։ Բաց կրթական ռեսուրսների և ուսանողակենտրոն մանկավարժության մեթոդների կիրառման շնորհիվ MOOC-երը սովորելու հնարավորություն են տալիս բոլորին, որտեղ էլ, որ նրանք լինեն։ Սա հանգեցնում է գլոբալ կրթական համակարգի փոփոխման, ինչի արդյունքում կրթությունը դառնում է ավելի հասանելի և մատչելի։ Ֆորումի հյուրն էր նաև Շվեյցարիայի Ժնևի համալսարանի դոցենտ Դանիել Շնայդերը, ով իր «Էլ. ուսուցում. փոփոխության տրոյական ձի՞» հետաքրքիր անվանում կրող ելույթում խոսեց կրթության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման դրական և բացասական կողմերի մասին: Ճիշտ է Հայաստանում այս ոլորտը դեռ շատ զարգանալու տեղ ունի, սակայն մի շարք անհատներ և կազմակերպություններ արդեն իսկ կուտակած փորձ ունեն, որի կիսման համար մենք կարևոր համարեցինք ֆորումի ընթացքում հնարավորություն ստեղծել: էլ. ուսուցման ոլորտում իրենց փորձը կիսեցին Գերմանական միջազգային համագործակցություն ընկերությունը (GIZ), Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ), Հայկական վիրտուալ քոլեջը (Armenian Virtual College, AGBU) և «ԿԱԶԱ» հիմնադրամը: Բավականին հետաքրքիր էր նախ ծանոթանալ միմյանց, հասկանալայս ոլորտում մեր մոտեցումների տարբերություններն ու նմանությունները, մինչ այժմ գրանցված հիմնական հաջողություններն ու դժվարությունները: Ֆորումի հագեցած ծրագիրն ավարտվեց Սթիվեն Դաունսի «MOOC գործիքների քարտեզագրում» և Դանիել Շնայդերի «Թվային դիզայն և մշակում. ինչպե՞ս այն կարող է փոխել կրթությունը և հասարակությունը» ավելի գործնական ելույթներով: Հաշվի առնելով մեր հյուրերի և ոլորտում առկա այլ անձանց բարձր հետաքրքրությունը ֆորումի հաջորդ 4 օրերի ընթացքում հիմնադրամի Երևանի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ էլ. ուսուցման տարբեր թեմաների շուրջ հանդիպումների շարք տարբեր հյուրերի մասնակցությամբ: Հանդիպումներն ավելի գործնական բնույթ էին կրում : Ավարտին հասցնելով այս բազմաբովանդակ միջոցառումների շարքը մեծ ոգևորությամբ պետք է ասենք, որ շարունակելով մեր պրպտումներն այս ոլորտում, արդեն իսկ կա ցանկություն սկսելու հաջորդ տարվա ԿՐԹՈՒԹՅԱՆ «ԱՆՍԱՀՄԱՆԱՑՈՒՄ» ֆորումի աշխատանքները և ուրախ կլինենք մեր շարքերում տեսնել անձանց և կազմակերպությունների ովքեր այս ոլորտում կիսում են մեր անսպառ հետաքրքրությունները:

Լուսանկարները՝ Հրանտ Խաչատրյան / PAN Photo