«ԿԱԶԱ»-ում կամավորող Օվսաննա Պապիկյանը՝ «Տարվա լավագույն կամավոր»

Home » Լուրեր Հայաստանից » «ԿԱԶԱ»-ում կամավորող Օվսաննա Պապիկյանը՝ «Տարվա լավագույն կամավոր»

2017թ. դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրը, «Հայ կամավորների բանկ» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կայացավ «Տարվա լավագույն կամավոր» մրցանակաբաշխությունը, որի արդյունքում տարվա լավագույն կամավոր ճանաչվեց Օվսաննա Պապիկյանը: Ճանաչում, որով հպարտանալու առիթ ունի նաև «ԿԱԶԱ»-ն, քանի որ հենց Հիմնադրամի Գյումրու կենտրոնում է Օվսաննան 2014թ. սկսել (և շարունակում առ այսօր) իր առաջին քայլերը կամավորության ոլորտում:

«Երբ դիմեցի առաջին կամավորական աշխատանքի համար, ինձ համար ծանր հոգեբանական շրջան էր. նոր էի կորցրել աշխատանքս, որը շատ սիրում էի, և զգում էի, որ իմ կյանքում պետք է ինչ-որ բան փոխել: Մտքովս անցավ կամավորությունը, որոշեցի դիմել ու գնա՜ց: Կամավորությամբ ինձ հաջողվեց լրացնել կյանքումս եղած դատարկությունը»,- կիսվում է 22-ամյա Օվսաննան:

Առաջին փորձն այնքան վարակիչ էր, որ նա սկսեց առանց դադարի անցնել մի կամավորական ծրագրից մյուսին՝ ներգրավվելով նաև այլ կառույցներում: Հիմնադրամի «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի ակումբավար, այնուհետև նույն ծրագրի մենթոր, ինչպես նաև Երեխաների և դեռահասների զարգացման ծրագրում լեհ կամավոր Յակուբի թարգմանիչ-օգնական, FAST – Foundation for Armenian Science and Technologie, IDeA հիմնադրամների, «Զարգացում» հասարակական շարժման, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կամավորական թիմերի անդամ… և ցանկը դեռ սպառիչ չէ:

Ի՞նչն է դրդում ապագա իրավաբան, իսկ դեռևս ուսանող Օվսաննային չհրաժարվել կամավորությունից. «Կամավորությունը հարթակ է, որն ինձ թույլ է տալիս անել որևէ գործ, որը նպաստում է երկրիս զարգացմանը և միաժամանակ ինքնազարգանալ՝ ձեռք բերել նոր հմտություններ, նոր փորձ, նոր ծանոթություններ ու ընկերներ և ինչու ոչ՝ ուղղակի հաճույք ստանալ նրանից, ինչով զբաղվում եմ»,- հստակեցնում է նա և հավաստիացնում. «Այն իսկապես փոխակերպող փորձառություն է. կամավորությամբ ես կարողացել եմ դառնալ այն Օվսաննան, որին մարդիկ այսօր տեսնում են՝ զարգացած, տարբեր ոլորտներից գոնե մի քիչ տեղեկացված, ավելի բաց ու անմիջական, ավելի կարեկից ու սրտացավ, սակայն միաժամանակ գիտակից ու սառը, երբ անհրաժեշտություն կա»:

Ավելին, կամավորության շնորհիվ է Օվսաննան հասկացել նաև՝ որտեղ է իրեն տեսնում ապագայում: Իսկ որպես երիտասարդական աշխատող մասնագիտանալու նրա ցանկությունն այլևս զարմանալի չի թվում՝ հաշվի առնելով կամավորական բազմազան փորձն այդ ոլորտում և երիտասարդների/դեռահասների հետ աշխատելու սերը: «Իսկ հաճույքով արված աշխատանքը չի կարող հաջողություն չունենալ»: