Եվրոպական համերաշխության կորպուսը (ԵՀԿ, անգլ․ European Solidarity Corps) Եվրամիության նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է հնարավորություն տալ ավելի մեծ թվով երիտասարդների մասնակցել մարդասիրական բնույթի ծրագրերի՝ համախմբվածության, համերաշխության ու ժողովրդավարության ամրապնդման համար, ինչպես նաև արձագանքել հասարակության մարտահրավերներին և համայնքների ամրապնդմանը` խթանելով սոցիալական ներգրավվածությունը: Ավելի քան 10 տարի է, ինչ «ԿԱԶԱ» հիմնադրամն իր գործունեության շրջանակներում աջակցում է կամավորների ընդունելությանը և ներգրավմանը համայնքային տարբեր առաքելություններին, ինչպես նաև ուղարկում է կամավորներ բազմաթիվ եվրոպական երկրներ:
Դարյան, Մագդան և Յուստինան արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանում են ԵՀԿ-ի կամավորական ծրագրի շրջանակներում։ Նրանք եկել են Ֆրանսիայից և Լեհաստանից, և միացել են «ԿԱԶԱ» հիմնադրամին՝ իրենց ներդրումն ունենալու տարբեր մարդասիրական և կրթական ծրագրերում: Մարտի կեսին արտակարգ դրության հայտարարելուց ի վեր աղջիկները ևս մեկուսացված են Հայաստանում և շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը։ Այժմ ճիշտ ժամանակն է ծանոթանալու մեր կամավորներին և լսելու նրանց կարծիքը Հայաստանում իրենց առօրյայի ու ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Դարյան ֆրանսուհի է։ Նրա ժամանումը Հայաստան նախօրոք ծրագրված չէր, բայց նա մեկ րոպե անգամ չի ափսոսում հանգամանքների նման դասավորվածությունից։ Թե՛ անձնական, և թե՛ մասնագիտական տեսանկյունից այս փուլը վերջինիս կյանքում շրջադարձային է։ Նա ներգրավված է «ԿԱԶԱ»-ի զբոսաշրջային ծրագրերում, զբաղվում է հյուրատների առաջխաղացմամբ ու հիմնադրամի գործունեության թվայնացմամբ։ Խոսելով իր առջև ծառացած դժվարություններից՝ նա ասում է. «Ես երբեք չեմ թերագնահատել հարմարվելու իմ ունակությունը, և դեռ կարծում եմ, որ կարող եմ դա անել ամենուր: Այստեղ ես ամրապնդեցի իմ այն գաղափարը, որ ցանկացած շփում հնարավոր է՝ անկախ լեզվական խոչընդոտներից։ Մի փոքր ջանք գործադրելու դեպքում ժեստերը և ժպիտները կխոսեն բառերի փոխարեն»։
Հայաստանում Դարյան բնակվում է մի փոքրիկ հյուրատանը՝ հայերի հետ։ Մթնոլորտը ջերմ է ու բարյացակամ, տան պատուհանից էլ հիանակի տեսարան է բացվում մայրաքաղաք Երևանի վրա։ « Ես մեծամասամբ հայերի հետ եմ շփվում, քանի որ ցանկանում եմ ամբողջովին ընկղմվել հայկական իրականության մեջ »,- բացատրում է Դարյան՝ հավելելով, որ մինչ մեկուսացումն իր առօրյայի անքակտելի մասն էին կազմում ժամանցը հայ ընկերների հետ, հաճախակի այցերը Ֆեմգրադարան ու յոգայի դասերը։ Միակ բանը, որ կարոտում է, ծովն է. « Ես ծովափնյա քաղաքում եմ մեծացել։ Ծովի հոտը, ջրի թրթռումներն ու լողն ինձ օգնում են լիցքավորվել ».
Այժմ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, երիտասարդ կամավորը շարունակում է իր աշխատանքը հեռավար կարգով։ Ըստ նրա՝ երբեմն հեշտ կազմակերպված լինել, քանի որ տուն/աշխատանք/ժամանց շղթայի բաղադրիչների միջև տարբերությունն այլևս ակնհայտ չէ։
Մագդան և Յուստինան Լեհաստանից են։ Անցյալ տարի Մագդան Շոտլանդիայի Սենտ-Էնդրյուսի համալսարանում ստացավ ռուսերենի ու արաբերենի մագիստրոսի աստիճան։ Ամառային հանգստից հետո նա Լեհասատանում աշխատանք էր փնտրում՝ 6 տարվա բացակայությունից հետո կրկին ցանկանալով ապրել հայրենիքում: « Հիմնականում կենտրոնացած էի հասարակական կազմակերպությունների վրա։ Ինձ համար առաջնային էր այն, որ հնարավորություն ունենայի օտար լեզուներից գոնե մեկը կիրառել աշխատանքումս », – ասում է Մագդան։ Աշխատանք փնտրելու հետ մեկտեղ, հետևելով ընկերների խորհրդին, նա դիմել էր նաև ԵՀԿ-ի կամավորական առաքելության ծրագրին։ Եվ ահա, նա կանգնեց դժվար ընտրության առջև. « Ինձ Վարշավայում աշխատանք առաջարկեցին, ինչը բարդացրեց ծրագրերս, քանի որ կամավորության համեմատությամբ, դա «իրական աշխատանք» էր՝ սոցիալական չափանիշներով և հայրիկիս մտածելակերպով: Մի քանի օր շարունակ մտածելուց հետո ի վերջո ընտրությունս կանգ առավ Հայաստանում կամավորության ծրագրի վրա և այսօր, ինքս ինձ հարց եմ տալիս. ինչպե՞ս կարող էի այդքան երկար մտածել, չէ՞ որ սա լավագույն տարբերակն էր », – անկեղծացավ Մագդան։
Ի սկզբանե նա պատրաստակամություն հայտնեց մասնակցել «ԿԱԶԱ»-ի «Փախստականների ինտեգրման» ծրագրին և սկսեց իր առաքելությունը հենց այս ծրագրի շրջանակներում։ Նա պատասխանատու է ծրագրին վերաբերող տեղեկագրերի կազմման, ինչպես նաև փախստականների ու ապաստան հայցող անձանց համար ռուսերենի դասընթացների անցկացման համար։ « Ես նաև ներգրավված եմ Անգլերենի ակումբի աշխատանքներում։ Մինչ Հայաստան գալս կարդացել էի, որ հիմնադրամն Անգլերենի ակումբ ունի, և որոշել էի ժամանելուն պես մասնակցել վերջինիս աշխատանքներին։ Մինչդեռ պարզվեց, որ ակումբն այլևս չի գործում։ Ուստի զրուցեցի համակարգողներիս հետ ակումբի գործունեությունը վերականգնելու մտադրությանս մասին։ Ցանկանում էի ստեղծել մի տարածք, որտեղ մարդիկ կկարողանան հաղորդակցվել անգլերեն, քանի որ իմ հայրենիքում ես նման հնարավորություն չունեի », – ոգևորությամբ պատմում է Մագդան։ Երիտասարդ կամավորի ջանքերով ակումբը վերաբացվեց։ Այժմ նա զբաղվում է նաև ակումբի աշխատանքների համակարգմամբ։ Մի բան, որ անգնահատելի պատասխանատվությամբ է անում։
Մագդան նշում է, որ ԵՀԿ-ի կամավորության ծրագիրն իրեն հնարավորություն է տվել բացահայտելու իր ողջ մասնագիտական ներուժը. « Սա առաջին դեպքն է, երբ մասնագիտական տեսական գիտելիքներս իրենց գործնական կիրառումն են ստանում։ Բերեմ մեկ օրինակ. այստեղ ես տարբեր տեսանկյուններից եմ լեզու դասավանդում։ Մասնակցում եմ ռուսերենի դասերին, անհատական անգլերեն եմ պարապում ու լեզվի ակումբ ղեկավարում։ Այս ամենն ինձ ստիպեց հասկանալ ստեղծարարության կարևորությունը դասավադման գործընթացում և համոզվել, որ ֆորմալ կրթությունն ինձ համար չէ »։
Մեկուսացման պայմաններում Մագդան կարողացավ արագորեն գործունեությունը տեղափոխել առցանց տիրույթ։ « Որպես այս աշխատանքային ձևաչափի կարևորագույն ձեռքբերում կարող եմ նշել այն, որ շոտլանդացի ընկերս միացավ անգլերենի ակումբի մեր դասերին, ինչը բարձր գնահատվեց մասնակիցների կողմից », – ասում է Մագդան՝ ընդգծելով, սակայն, որ մեկուսացման պայմաններում ապրելն ու աշխատելն այդքան էլ արդյունավետ չեն։ « Այս ընթացքում ես ուղղակի սկսել եմ ավելի շատ գնահատել նորմալ կյանքն ու նրա առավելությունները »,- ժպտալով նշում է նա։
Յուստինան, ով ծնունդով հարավ-արևելյան Լեհաստանից է, վաղուց էր ծրագրել մասնակցել որևէ միջազգային կամավորական առաքելության, բայց ամեն անգամ խանգարող հանգամանքներ էին հայտնվում։ « Անցյալ տարի, երբ ավարտեցի ուսումս ու սկսեցի աշխատանք փնտրել, Ֆեյսբուքում պատահաբար հայտարարություն տեսա Հայաստանում կամավորության մասին։ Անմիջապես որոշեցի ուղարկել ինքնակենսագրականս ու մոտիվացիոն նամակ »,- հիշում է նա։
Այժմ Յուստինան մասնակցում է «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնի «Երեխաների և դեռահասների զարգացման» ծրագրի աշխատանքներին, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող սեփական խմբակն ունի։ Միակ դժվարությունը, որին բախվել է, հայերենի չիմացությունն է, քանի որ հայ դեռահասներն ու երիտասարդները ոչ միշտ են բարեհաջող հաղորդակցվում անգլերեն։
Նա քաղաքի կենտրոնից ոչ հեռու գտնվող մի բնակարանում է ապրում, որից գեղեցիկ տեսարան է բացվում Գյումրու վրա։ « Հայաստանում ինձ զգում եմ ինչպես տանը՝ Լեհաստանում։ Շատ եմ սիրում իմ «ծույլ» զբոսանքները՝ աշխատավայր հասնելու համար։ Նրանք ինձ հնարավորություն են տալիս ինքս իմ մասին մտածելու ու հայերի բնականոն կյանքին հետևելու »,- ասում է Յուստինան։
Երբ խնդրեցի երեք բառով ամփոփել «ԿԱԶԱ»-ում անցկացրած իր կամավորական փորձառությունը, առաջին բառերը, որ եկան մտքին, գիտելիքը, զարգացումն ու երջանկությունն էին։
Չնայած կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամին՝ Յուստինան ևս շարունակում է անխափան կերպով իրականացնել իր առաքելությունները. « Մեկուսացման ընթացքում տնից եմ աշխատում ու փորձում եմ ձեռքիս տակ եղած բոլոր հնարավոր թվային հարթակներն օգտագործել իմ աշխատարանների օպտիմալացման համար։ Այժմ կարծում եմ, որ առցանց տիրույթն ավելի շատ հնարավորություններ է ընձեռում, քան սովորական հանդիպումները, քանի որ հետաքրքիր ֆիլմեր, ելույթներ ու ցուցադրություններ կազմակերպելն ավելի հեշտ է դարձել »։