«Լվացք փռելու իրավունք»

Home » Լուրեր Հայաստանից » «Լվացք փռելու իրավունք»

Առաջին հայացքից տարօրինակ անվանում․ «ինչպե՞ս թե՝ ես լվացք փռելու իրավունք չունե՞մ իմ սեփական հողի վրա, իմ սեփական տան դիմաց․․․» կամ «մի՞թե կա այդպիսի իրավունք, որի մասին տեղյակ չեմ»։

Ահա այսպիսի մտորումներով էին անցնում անցորդները, երբ տեսնում էին փողոցում կախված այս ցուցանակը, որից հետո ձգվում էր լվացքի մի քանի շարք պարաններ` ծանրաբեռնված «լվացքով»։ Այս «լվացքը» պարունակում էր հետևյալ հաղորդագրությունը՝ «իրազեկել հասարակությանն իր քաղաքացիական իրավունքների մասին, տեղեկացնել ինչպես կարելի է օգտվել սեփական իրավունքներից կամ պաշտպանել դրանք»։

Նախաձեռնության հիմքում «Հայաստանի Երիտասարդ Քաղաքացիներ» ծրագրի ակումբավարների մտահղացումն էր, որը ծագել էր այն գիտակցությունից, թե պետք է լինել իրազեկ սեփական իրավունքների մասին։ Այս ակտիվ երիտասարդները /ակումբարները/, հասարակական դրական փոփոխությունների ջատագովներն են։

p>Եվ ինչե՞ր էին կախված լվացքի պարաններից՝ շապիկներ «ՀՀ Սահմանադրության», «Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի», «Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի» որոշ հոդվածների արտատպմամբ։ Այսպիսով, անցորդները հնարավորություն ունեին իրազեկվելու և նույնիսկ ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները, քանի որ նախաձեռնության ընթացքում գործում էին տեղեկատվական անկյուններ, որոնք տեղադրված էին լվացքի պարանների ներքո։ Շատ ու շատ անցորդներ նաև գրեցին իրենց տարբեր իրավունքների մասին գունավոր կտորների վրա և անձամբ կախեցին ի գիտություն մյուս անցորդների, որ «Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ունեմ նաև իրավունքը»։ Տեղեկատվական անկյուններում տեղադրված էին նաև երկուական արկղեր երկգույն ժապավեններով՝ կարմիր և կապույտ, համապատասխանաբար, խախտվող և կարևորվող իրավունքների համար։ Տասնյակ կարմիր և կապույտ ժապավեններ փակցվեցին անցորդների կողմից այն շապիկների վրա, որոնց վրա գրված իրավունքները ամենաշատն էին խախտվում կամ կարևորվում իրենց երկրում, այդ թվում նաև «լվացք փռելու իրավունքը»։ Այս իրավունքի բացատրությունը թողնում ենք քե՛զ, հարգելի՛ ընթերցող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի՛։