ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Home » Պատուհան դեպի աշխարհ » ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական կամավորական ծառայությունը (ԵԿԾ) միջազգային շարժունության ծրագիր է, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս իրենց ուժերն ի սպաս դնելու ընդհանուրի բարօրությանը միտված որևէ ծրագրի (մարդասիրական, հասարակական, մշակութային, շրջակա միջավայրի պահպանության) արտերկրում՝ միաժամանակ նոր մշակույթ բացահայտելով։

Մաս կազմելով Եվրամիության «Էրազմուս +» ծրագրի՝ այն փորձում է երիտասարդների շրջանում զարգացնել համերաշխություն, փոխհասկացողություն և հանդուրժողականություն` նպաստելու համար ԵՄ-ում սոցիալական միասնության ուժեղացմանը և երիտասարդների ակտիվ քաղաքացիական ներգրավվածությանը։
2010 թվականից ի վեր « ԿԱԶԱ »-ն հանդիսանում է ԵԿԾ ընդունող և ուղարկող հավատարմագրված կազմակերպություն։ Մինչ օրս մենք ընդունել ենք մոտ 15 երիտասարդ Եվրոպայից և եվրոպական այլ երկրներ ենք ուղարկել 5 հայ։

Ինչու՞ մասնակցել ԵԿԾ ծրագրին

Այն ընձեռում է`

  • Անհատի ձևավորմանը նպաստող աներևակայելի փորձառություն,
  • Նոր լեզվի և նոր մշակույթների բացահայտում,
  • Հետագա մասնագիտական ներգրավմանը նպաստող սոցիալական և գործնական հմտություններ,
  • Հստակ ծրագրի միջոցով մասնակցություն տեղական համայնքի զարգացմանը:

Ո՞վ կարող է մասնակցել

Լեզվի իմացության, կրթության կամ դիպլոմի հատուկ պահանջներ չկան, սակայն կան պայմաններ՝ տարիքի և շահամիտման (մոտիվացիա) հետ կապված, որոնք են`

  • Լինել 17-ից 30 տարեկան,
  • Հետաքրքրված լինել ծրագրի բովանդակային մասով,
  • Տրամադրված լինել արտերկրում անցկացնելու 2-ից 12 ամիս,
  • Ցանկություն ունենալ ներգրավվելու ծրագրում՝ ի նպաստ տեղի բնակչության,
  • Բաց լինել միջմշակութային երկխոսության և համագործակցության համար։

Ֆինանսավորում

Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից։ Կամավորներն ապահովվում են անվճար կեցավայրով և սննդով, օգտվում են ապահովագրությունից և հատուկ թոշակ են ստանում ծրագրի ողջ տևողության ընթացքում (երբեմն մասնակիցներից պահանջվում է մասնակիորեն հոգալ ճամփորդության ծախսերը)։

Գործնական տեղեկություն

Հավատարմագրման համարը՝ 2013-PL-231
Որպես ընդունող կառույց մեր ծրագրի մասին տեղեկություններ` այստեղ
Լեզվի դասընթացներ` Մեր մասնակիցներին առաջարկվում են հայերենի կամ ռուսերենի դասեր ծրագրի ողջ տևողության ընթացքում։
ԵԿԾ տևողությունը «ԿԱԶԱ»-ում` 11 ամիս:
Կամավորների ընդունման համար հնարավոր է 2 ժամանակաշրջան՝ սեպտեմբերից հուլիս և փետրվարից դեկտեմբեր։
Կապ մեզ հետ` : Հեռ.` 010 58 40 32, Էլ․հասցե` kasaam@kasa.am