Տասնմեկ տարի առաջ հենց այս օրը Գյումրու կենտրոնում տեղի ունեցավ «ԿԱԶԱ»-ի գործունեությունն ապահովող կարևորագույն կառույցներից մեկի՝ Արևամանուկ անունը կրող շենքի հանդիսավոր բացումը:
Շենքը կառուցվել է 1988թ. երկրաշարժի հետևանքով հիմնահատակ ավերված դպրոցի տեղում: Հատակագծերի և շինարարական նախագծի մեկնարկի հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել շվեյցարացի գործարար և ճարտարապետ Լեո Գմյուրը, որը, ցավոք, դժբախտ պատահարի հետևանքով մահացավ 2005թ. մարտի 10-ին՝ նույն օրը, երբ Երևանում պետք է ստորագրեր շինարարության մեկնարկի պայմանագիրը: Բազմաթիվ այլ հայ, շվեյցարացի և ֆրանսիացի աջակից ընկերների և հիմնադրամների անունները հիշատակված են շենքի նախասրահում տեղադրված ցուցատախտակում: Նրանց թվում հատկապես նշանակալի է հիմնական հովանավոր «Արմենիանոս» հիմնադրամը: Վերջինիս նախագահ Ժաք Հոշտետերը Հայաստան եկավ Լեոյի մահից երեք շաբաթ անց և իրավիճակի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո համաձայնեց, որ Լեոյի «Պրոջեքթ ընդ Դիզայն» ճարտարապետական գրասենյակը և արդեն ընտրված «Մեծն Էրիկ» ձեռնարկությունը՝ Լևոն Շահումյանի ղեկավարությամբ, սկսեն աշխատանքը:
Նրանց հանդեպ ցուցաբերված վստահությունն արդարացվեց. տասնմեկ ամիս անց շենքն արդեն պատրաստ էր՝ շնորհիվ հմուտ և միասնական թիմերի աշխատանքի, ինչպես նաև «ԿԱԶԱ»-ի գրասենյակի և Դարիո Բոնդոլֆիի շարունակական վերահսկողության: Դարիոն մոտ տաս ճամփորդություն կատարեց Հայաստան՝ համոզվելու համար, որ շենքի կառուցման աշխատանքները բարեհաջող են ընթանում: 2006թ. հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ շենքի հանդիսավոր բացումը պարոն Հոշտետերի, տեղական ինքնակառավարման մարմինների և եկեղեցու ներկայացուցիչների, ինչպես նաև բազմաթիվ զբոսաշրջիկների ներկայությամբ:
Ի սկզբանե, շենքը նախատեսված էր գլխավորապես իր հարկի տակ ընդունելու Արմինե Գմյուրի սոցիալ-հոգեբանական ծրագրերը. վերջինս տարիներ շարունակ հիանալի կերպով ղեկավարում էր «Նարեկ» սոցիալ-հոգեբանական կենտրոնը (հետագայում՝ «Արևամանուկ» հիմնադրամ), սակայն մի հեռավոր, խոնավ ու անհարմար շենքում, որ հնարավոր չէր ջեռուցել: Շենքը նպատակ ուներ նաև մի վայրում մեկտեղելու «ԿԱԶԱ»-ի ծրագրերը Գյումրիում, մասնավորապես՝ հովանավորյալ ընտանիքների, կրթաթոշակառուների ընդունելությունը և համայնքային ինտերնետ կենտրոնի աշխատանքը, որը ժամանակավորապես տեղակայված էր թիվ 10 դպրոցի սենյակներից մեկում՝ SPFA կազմակերպության ֆրանկոֆոն ակումբին մոտ, որի անդամներն էլ հենց կենտրոնի հիմնական այցելուներն էին:
Սակայն 2005թ.-ին պետությունը որոշեց դադարեցնել «Նարեկ» կենտրոնի ֆինանսավորումը, իսկ դրանից կարճ ժամանակ անց մահացավ Լեոն: Նման կենտրոնի ղեկավարումը գնալով ավելի ծանր էր դառնում «Արևամանուկ» հիմնադրամի համար, որը կախված էր բացառապես իր ծրագրերի ֆինանսավորումից: Ուստի որոշվեց, որ շենքը կպահպանի Արևամանուկ անունը, իսկ Արմինե Գմյուրը կարող է զբաղեցնել այնտեղ իրեն անհրաժեշտ ողջ տարածքը՝ շարունակելու համար իր գործունեությունն ի նպաստ Գյումրիի մանուկների և ընտանիքների: Իսկ մնացյալ տարածքը զբաղեցրին «ԿԱԶԱ»-ն և տարբեր վարձակալներ՝ «Պրոջեքթ ընդ Դիզայն» ճարտարապետական գրասենյակը, «Արաբկիր» երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնը, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը, Գյումրիի սկաուտները…
Տասնմեկ տարի շարունակ «ԿԱԶԱ»-ն շարունակաբար բազմազանեցնում և կատարելագործում է իր ծրագրերը՝ միտված Գյումրիի և հարևան համայնքների բնակչության բարեկեցությանը: Այսօր ևս Արևամանուկը երկխոսության, մտքերի փոխանակման հարթակ է տրամադրում Գյումրիում՝ տաղանդների այս բնօրրանում, որոնք արժանի են աջակցության: