Հայաստանի 44 երիտասարդ քաղաքացիներն արդեն գործի են անցել. «ԿԱԶԱ» հիմնադրամի Երևանի և Գյումրու կենտրոններում վարում են ակումբներ, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության ամրապնդմանը:
Ամեն ինչ սկսվեց նոյեմբերի 17-19-ը Գյումրիում «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» (ՀԵՔ) ծրագրի ակումբավարների առաջին վերապատրաստմամբ, որին մասնակցեցին Հայաստանի տարբեր մարզերի ուսանողներ և նորավարտներ, ինչպես նաև «ԿԱԶԱ» հիմնադրամում կամավորություն անող լեհ, ֆրանսիացի և շվեյցարացի երիտասարդներ:
Վերապատրասման դասընթացի ժամանակ ապագա ակումբավարներին ներկայացվեց ոչ ֆորմալ կրթության էությունը: Նաև քննարկվեց ակտիվ քաղաքացիության, կամավորության և երիտասարդական մասնակցության կարևորությունը՝ օգտագործելով տարբեր գործիքներ ու կրթական խաղեր/մեթոդներ:
Դասընթացն արդեն խոստումնալից էր. ակումբավարներն աչքի էին ընկնում բանավիճելու հետաքրիր մոտեցումներով, տարբերվող մտքերով և երիտասարդական մաքսիմալիզմով: Նրանց համար տպավորիչ էր «Քայլ առաջ» խաղը, որի նպատակն էր էմպաթիա արթնացնել մեր հասարակությունում առկա տարբեր խոցելի խմբերի և վերջիններիս անհավասար հնարավորությունների հանդեպ: Մասնակիցներից մեկը նշել էր. «Առաջին անգամ փորձեցի ինձ ուրիշի դերում պատկերացնել. շատ բարդ էր, բայց հիմա արդեն դիմացինի վարքին կնայեմ ոչ թե պարզապես քննադատաբար, այլ կփորձեմ հասկանալ, թե որն է նրա քայլերի դրդապատճառը»: Բացի այդ, մասնակիցները շատ արդյունավետ համարեցին ոչ ֆորմալ կրթական խաղերի և մեթոդների ներկայացումն ու տեղում դրանց կիրառումը, որոնք նրանք այսօր հաջողությամբ օգտագործում են իրենց ակումբներում:
Դասընթացավար Զառա Լավչյանը դասընթացից հետո ասաց. «Ցանկացած երկիր կարող է երազել նման պայծառ և փոփոխություններ անելու պատրաստ երիտասարդներ ունենալ»:
Եվ հենց մեր փոփոխություններ սիրող ակումբավարների առաջարկով ստեղծվեցին այս տարվա ակումբները՝ Անգլախոսների, Ֆրանսախոսների, Մարդու իրավունքների, Միջմշակութային ակումբները Երևանում և Գյումրիում, ինչպես նաև Հոգեբանա-սոցիոլոգիական և Խոսում է քաղաքը ակումբները Երևանում, և Արվեստասերների և Ընթերցասերների ակումբները Գյումրիում:
Յուրաքանչյուր ամիս ակումբներում քննարկվում է մեկ թեմա: Թեմաների ընտրությունը կատարվում է ակումբավարների առաջարկով՝ հաշվի առնելով նրանց մտահոգությունները մեր հասարակությունում տեղի ունեցող երևույթների նկատմամբ: Այս ամսվա թեման էր «Մեդիայի դերը ժամանակակից հասարակության մեջ», որն ակտիվորեն քննարկվեց 5 հանդիպումների ժամանակ:
Թեմաների պատրաստման հարցում ակումբավարներին օգնության է գալիս մեր էլեկտրոնային ուսուցման հարթակը, որտեղ ծրագրային թիմի կողմից տեղադրվում են նյութեր, օգտակար հղումներ և հավելյալ գրականություն: Բացի այդ, ծրագրի շրջանակներում հրավիրում ենք ոլորտային մասնագետների, ովքեր ծանոթացնում են ակումբավարներին ոլորտի առանձնահատկություններին ու նորություններին:
Գյումրու և Երևանի կենտրոններում ամեն օր գործում են ակումբներ, որոնց կարող եք ծանոթանալ «Էսպաս» և «ԿԱԶԱ Գյումրի» կենտրոնների ֆեյսբուքյան էջերի համապատասխան հրապարակումների միջոցով:
Ծրագրից ակումբավարների հիմնական սպասելիքներն են փորձի, գիտելիքի, հմտությունների և ընկերների ձեռքբերումը, ինչը նրանք անպայման կստանան: Իսկ այդ ամենը, ի վերջո, կբերի նրանց ինքնուրույնության, նախաձեռնողության և քննադատական մտածողության բարձրացմանը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանում ավելի մասնակցային և ժողովրդավար հասարակության կերտմանը, ինչն էլ հանդիսանում է ՀԵՔ ծրագրի նպատակը:
Դե ինչ, միացեք մեզ, որպեսզի միասին ավելի լավը դարձնենք մեր համայնքն ու երկիրը:
* Ծրագիրն իրականացվում է Brod für die Welt գերմանական կազմակերպության աջակցությամբ: