«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը ապրիլի 30-ին «Եվրասիա» միջազգային համալսարանում կազմակերպել էր քաղաքացիական կրթության գործիքների տարածման տոնավաճառ։ Տոնավաճառը վերջին մեկ ամսում մարզերում անցկացված միջոցառումների ամփոփումն էր։
Միջոցառմանը ներկայացված էին տասնհինգից ավել կրթական խաղեր, ձեռնարկներ և մեթոդներ ստեղծող կազմակերպություններ, նախաձեռնություններ և անհատներ՝ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, «Համայնքների կայուն զարգացման նորարական լուծումներ» ՀԿ-ն և այլք։
Հեղինակները ներկայացրեցին իրենց ձեռնարկները, միաժամանակ կիրարկեցին կրթական գործիքները՝ ցույց տալով նորարարական մեթոդների առավելությունները կրթական գործընթացն արդյունավետ դարձնելու մեջ:
Աշխատարաններում կիրարկվող գործիքների շուրջ ստեղծված ակտիվ քննարկումներին ներգրավվեցին աշակերտներ, ուսանողները, դասախոսներ և հասարակական ոլորտի ներկայացուցիչներ: «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը, կարևորելով քաղաքացիական կրթության գործիքների դերը, ընդգծեց, որ դրանց ներդրման ու տարածման գործում մեծ դեր ու նշանակություն ունեն թե՛ բուհերը և թե՛ հանրակրթական հաստատությունները։ ««Եվրասիա» միջազգային համալսարանը, լինելով հանրապետությունում ամենաերիտասարդ բուհերից մեկը, մեծ նշանակություն է տալիս քաղաքացիական կրթության գործիքների ներդրմանը ուսումնական պրոցեսում։ Մեր համալսարանը հայտարարել է բուհական ուսուցման նոր գործիքների ներդրման քաղաքականություն և ոչ ֆորմալ կրթության գործիքների ներդրման առումով համապատասխանում է մեր որդեգրած ուղուն»,- ասաց Ս․ Օհանյանը։
«ԿԱԶԱ» հիմնադրամի տնօրեն Մոնիկա Սարգսյանը բացման խոսքում կարևորեց ժամանակի կրթական մարտահրավերներին դիմակայելու համար տոկուն և ուժեղ անհատի ձևավորումը։ «Ապագայում այս կրթական խաղերը կհամալրվեն Գրիգոր Նարեկացու և պատմական այլ կերպարներին ներկայացնող թեմատիկ խաղերով, որոնք սերունդներին առավել կմոտիվացնեն մեր ազգային արժեքներին»,- հայտնեց Մոնիկա Սարգյանը։