Արցախից բռնի տեղահանված և Արարատ մարզի Այգեզարդ գյուղում վերաբնակեցված ընտանիքների երեխաները համայնքի իրենց հասակակիցների հետ «Մայրության և գեղեցկության» միամսյակին նվիրված տոնական ծրագիր էին պատրաստել։ Մայրությանը նվիրված երգերով, պարով ու ասմունքով երեխաները դրական հույզեր ու ոգևորություն փոխանցեցին ներկաներին։
2023թ․ դեկտեմբերից սկսված «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական hիմնադրամի «Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալհոգեբանական աջակցություն» ծրագրի առաջնահերթ խնդիրն էր՝ բռնի տեղահանված երեխաներին, դեռահասնեին և նրանց ընտանիքներին ներգրավել սոցիալ-հոգեբանական աջակցության, նոր միջավայրին ինտեգրելու և կրթական ու զարգացման միջոցառումներում։ Ծրագրի շահառու շուրջ երեսուն երեխա, երեք տարբեր տարիքային խմբերում ակտիվորեն ներգրավվել են ամենատարբեր միջոցառումներում` տրամաբանական, մարզական խաղեր, ճանաչողական այցեր, էքսկուրսիաներ և այլն։
Նրանց հետ տարվող աշխատանքների շնորհիվ երեխաները կարողացել են ավելի արագ հարմարվել նոր միջավայրին ու համայնքին։ «Բայց մեր ծննդավայրի կարոտը շատ մեծ է, որը ոչ մի բանով չի փոխարինվի»,- ասում է արցախցի Անին։ «Մենք հասկանում ենք, որ ամեն ինչ միանգամից չի լինի, բայց մեզ լավ ենք զգում այստեղ, մենք մեր հայրենիքում ենք»,– ավելացնում է Սոնան։
Հիմնադրամը մշտական ներկայություն ունի Այգեզարդի մշակույթի տանը՝ իր «Ինովարիում» ծրագրի շրջանակներում մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ ստեղծված «Կորիզ» երիտասարդական կենտրոնով։ Կենտրոնում պատանիների առօրյան հագեցած է, այստեղ նրանք ազատ են ստեղծագործելու, քննարկելու ամենատարբեր հարցեր համայնքի իրենց հասակակիցների հետ, ծրագրելու և իրագործելու իրենց հետաքրքիր մտքերն ու գաղափարները։
Միջոցառումը եզրափակվեց «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնի պատանեկան թատերախմբի «Բրեմենյան երաժիշտները» հեքիաթի բեմադրությամբ։ Բեմական վառ կերպարները ոգևորել էին փոքրիկ հանդիսականներին։ Սիրված հեքիաթի հերոսները նրանց հյուրերն էին։ Գլխավոր դերակատարներից Արմանը, որը նույնպես արցախցի է, իր մայրենի բարբառով բարեմաղթանքներ ու շնորհավորանքի խոսքեր ուղղեց ներկաներին։
«ԿԱԶԱ» հիմնադրամի տնօրեն Մոնիկա Սարգսյանն իր խոսքում նշեց, որ ծրագիրը իրենց համար ոչ միայն աջակցության ծրագիր էր, այլև՝ ծրագիր այն տոկունության ու ուժի մասին, որ ունի արցախցիներից յուրաքանչյուրը շատ ավելի, քան մեզնից յուրաքանչյուրը։
Տոնի առիթով ներկաներին շնորհավորանքի խոսքեր հղեց նաև Այգեզարդի վարչական ղեկավար Պետիկ Հակոբյանը։
Մայրության տոնին նվիրված միջոցառմամբ ամփոփվեց արցախահայերի աջակցման եռամսյա ծրագիրը, բայց արցախցի երեխաներն ու մայրերը կշարունակեն մնալ հիմնադրամի ուշադրության ու հոգածության ներքո։