2012 թվականին Կինշասայի գագաթնաժողովում Հայաստանը միաձայն դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) 54-րդ լիիրավ անդամ պետությունը։ Հայաստանի և OIF-ի միջև իրականացվում են մշակութային, լեզվաբանական, կրթական ու մարդասիրական համագործակցային մի շարք ծրագրեր։ 2018 թվականի հունիսից «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը դարձել է Հայաստանում OIF-ի հավատարմագրված կառույց։ Ձեռք բերելով գործընկերոջ կարգավիճակ՝ «ԿԱԶԱ»-ն իրավունք ստացավ որպես խորհրդատու և փորձագիտական մարմին հանդես գալու OIF-ի գերակայությունների առանցքում գտնվող բազմաթիվ ոլորտներում իրականցվող ծրագրերում։
2018 թվականի հոկտեմբերի 7-ից 12-ը Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում «ԿԱԶԱ»-ն արդեն որպես հավատարմագրված ֆրանկոֆոն կառույց իրավունք ստացավ մասնակցելու գագաթնաժողովի շրջանակներում իրականացվող կոնֆերանսներին, քննարկումներին և խորհրդակցություններին։
Գագաթնաժողովի արդյունքում ուղենշված առաքելությունների հիման վրա կազմավորվեցին հետևյալ աշխատանքային հանձնաժողովները՝
- Լեզվի, մշակույթի ու մշակութային բազմազանության,
- Մարդու իրավունքների ու ժողովրդավարության,
- Տնտեսական ու կայուն զարգացման,
- Կրթական ու հետազոտական։
«ԿԱԶԱ»-ն ներգրավված է Լեզվի, մշակույթի ու մշակութային բազմազանության հանձնաժողովի աշխատանքներում, որը զբաղվում է ֆրանսերենի լեզվա-մշակութային բազմազանության ապահովման, ազգային ժառանգությունների արժևորման ու միջմշակութային երկխոսության ձևավորման հարցերով։
Դառնալով OIF-ի պաշտոնական գործընկեր՝ բոլոր անդամ պետությունների ֆրանկոֆոն կառույցները հնարավորություն են ստանում նաև համագործակցելու, համատեղ ծրագրեր իրականացնելու՝ ի շահ անդամ երկրների կայուն զարգացման ու համերաշխության ապահովման։
2019 թվականի հոկտեմբերին OIF-ն իր պաշտոնական կայքում հայտարարեց «Շահերի պաշտպանության ռազմավարություն և ազդեցիկ հաղորդակցություն» թեմայով վերապատրաստման հայտերի ընդունման մեկնարկի մասին։ Մրցույթի ավարտին թվով 45 հայտերից 10-ն ընդունվեցին, ու կառույցները հնարավորություն ստացան մասնակցելու վերապատրաստմանը։ «ԿԱԶԱ»-ի հայտը նույնպես ընդունվեց և կազմակերպության Ֆրանկոֆոնիայի ծրագրերի պատասխանատու Աննա Ունուպօղլյանը մեկնեց Փարիզ՝ վերապատրաստմանը մասնակցելու։ Վերապատրաստման նպատակը շահերի պաշտպանության ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերումն էր՝ ազդեցության հաղորդակցության գործիքների կիրառմամբ, ինչի շնորհիվ կազմակերպությունները կկարողանային մեծացնել իրենց ազդեցությունը միջազգային կառույցների և իշխանությունների հետ համագործակցելիս։ Քառօրյա վերապատրաստման և դրան հաջորդած հեռավար աշխատանքի արդյունքում տասը երկրների (Ֆրանսիա, Հայաստան, Տոգո, Բենին, Չադ, Բելգիա, Թունիս, Կանադա և Սենեգալ) ֆրանկոֆոն կառույցները կազմեցին մի փաստաթուղթ, որն ուղղված էր OIF-ի կողմից իրականցվող թվով 9 մարդասիրական ու կայուն զարգացման ծրագրերի ֆինանսավորմանն ուղղված հավելյալ ֆոնդերի հայթայթմանը։ Փաստաթուղթը կուղարկվի տարբեր պետական կառույցների, նախարարությունների՝ ֆոնդհայթայթման պրոցեսն իրականցնելու համար։
OIF-ի և «ԿԱԶԱ»-ի միջև համագործակցությունը կկրի շարունակական բնույթ, այն կլինի արդյունավետ ու հեռանկարային։