ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Home » ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄ

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով Արցախի բնակչությունը զրկված էր իր նվազագույն կարիքները հոգալու (սնունդ, դեղորայք, վառելանյութ և այլն) և ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ավերիչ  կայծակնային հարձակում ձեռնարկեց այս նույն բնակչության դեմ։ Անկանոն ռմբակոծությունների, մասնավորապես Ասկերանի և Մարտակերտի շրջաններում, թիրախը հատկապես խաղաղ բնակչությունն էր, դպրոցներն ու մանկապարտեզները, ինչի հետևանքով կան մարդկային ողբերգական կորուստներ, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ:

Այս օրերին հազարավոր մարդիկ են տեղահանվում, բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, անհետ կորած են համարվում, քանի դեռ նրանցից շատերին չեն հայտնաբերել մահացած: Ի վերջո արցախահայերի միակ լուծումը Հայաստանում ապաստան գտնելն է։

Այս ողբերգական իրավիճակը, որը միջազգային փորձագետներն ու տարբեր կազմակերպություններ որակում են որպես էթնիկ զտում կամ նույնիսկ ցեղասպանություն, անհապաղ քայլեր է պահանջում։

«ԿԱԶԱ» հիմնադրամի հանձնառությունը

Հաշվի առնելով 2015թ. Սիրիայի և 2020թ․ Արցախի ճգնաժամերի ընթացքում աշխատանքի մեր հսկայական փորձը, առաջարկում ենք մեր ներդրումը Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցման գործընթացում՝ նպաստելով ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների ջանքերին: Մասնավորապես, մեր թիրախային խմբում են Հայաստանում գտնվող արցախցի երիտասարդները, ովքեր սպասում են իրենց ընտանիքներին, և ամեն օր Հայաստան ժամանող անապահով ընտանիքները (ամբողջական ծրագիրը հասանելի է ըստ պահանջի):

Տեղահանվածների մեծ հոսքով պայմանավորված՝ ֆինանսական մարտահրավերը և կարիքը որքան ահռելի, այնքան՝ հրատապ է: Միացե՛ք մեզ՝ օգնելու մեր հայրենակիցներին վերակառուցել իրենց կյանքը: Սեղմե՛ք այստեղ՝ աջակցելու համար: