Ապրիլի 23-ին Կարբի համայնքի մոտ 30 երիտասարդներ իրենց քայլերն ուղղել էին գյուղի դպրոց: Պատճառը համայնքի առաջին Երիտասարդական կենտրոնի գործունեության պլանավորմանը մասնակցելու ցանկությունն էր: Կենտրոն, որի ստեղծումը ֆինանսավորվել է «ԿԱԶԱ» հիմնադրամի «Երիտասարդները հանուն զարգացման» ծրագրի շրջանակներում:
Երիտասարդներին Կենտրոնի գործունեության պլանավորման մեջ ներգրավելու և ընդհանրապես՝ «Նոր շունչ Կարբի համայնքին» ամբողջ ծրագրի նախաձեռնությունը պատկանում է Անուշ Խուդավերդյանին: «Երիտասարդները հանուն զարգացման» ծրագրին մասնակցության արդյունքում է, որ Անուշի մոտ ձևավորվեց միտք՝ հարազատ Կարբիի զարգացմանը նպաստել վերջինիս համայնքային կյանքի վերածննդի և մասնավորապես՝ երիտասարդական մասնակցության ակտիվացման միջոցով: Իրագործմանը միացավ նաև Կարբիի համայնքապետարանը, որի համաֆինանսավորմամբ համայնքի առաջին Երիտասարդական կենտրոնը շուտով կբացի իր դռները:
Իսկ մինչ Կենտրոնը վերջնական տեսք կստանա, երիտասարդները հասցրին միասին վերհանել իրենց կարիքներն ու ցանկությունները: Փոքր խմբերում քննարկելուց հետո, թե ինչպիսին են տեսնում Երիտասարդական կենտրոնի գործունեությունը, ինչպիսի միջոցառումներ կցանկանային այնտեղ կազմակերպված տեսնել և այլն, մասնակիցները միմյանց հետ կիսվեցին իրենց մտքերով: Գաղափարները շատ բազմազան էին՝ սկսած արվեստի տարբեր ճյուղերին նվիրված ակումբներից, ցուցահանդեսներից մինչև մասնագիտական կողմնորոշման, մարդու իրավունքների մասին իրազեկող դասընթացներ:
Հանդիպումն արդեն իսկ համայնքի երիտասարդների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց դեպի Երիտասարդական կենտրոնը: «Տպավորություններս սպասվածից շատ ավելի դրական են: Հաշվի առնելով վերջին պահին ծագած ամենատարբեր կազմակերպչական խնդիրները, որոնք ստիպում էին մտածել օրը փոխելու մասին՝ մեզ հաջողվեց համախմբել մեր ռեսուրսները և հաջողությամբ իրականացնել հանդիպումը: Մասնակցիների կողմից այնպիսի գաղափարներ հնչեցին, որոնք մեր մտքով նույնիսկ չէին էլ անցել»,- նշում է Անուշ Խուդավերդյանը:
Այսպիսով, հավաքված մտքերը ամբողջականացնելուց և ծրագիր կազմելուց հետո նախաձեռնող խումբն արդեն սկսել է Կենտրոնի բացման արարողության պատրաստությունները: Որոշվել է նաև Կենտրոնի բացումն ուղեկցել հետաքրքրասերների ակումբի անդրանիկ հանդիպմամբ, ինչպես նաև միջոցառմանը հրավիրել ՏԻՄ, դպրոցների, մանկապարտեզների, երիտասարդական կազմակերպությունների, ամբուլատոր ծառայության և այլ կառույցների ներկայացուցիչների՝ հետագա համագործակցության հիմքերը դնելու ակնկալիքով: Ներկա կլինեն նաև «Երիտասարդները հանուն զարգացման» ծրագրի այլ մասնակիցներ՝ տարբեր համայնքներից:
* «Երիտասարդները հանուն զարգացման» ծրագիրն իրականացվում է Վրաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության աջակցությամբ: