Դեռահասություն՝ տարիք, երբ տեղացի և սիրիահայ երիտասարդներն ամենաշատն են շփվում միմյանց հետ, մասնավորապես միևնույն դպրոցներ հաճախելու շնորհիվ։ Սակայն արդյո՞ք նրանց հաջողվում է իսկապես ճանաչել իրար։ Երիտասարդների ինտեգրման ծրագրի մեր աշխատակիցների դիտարկումները ցույց տվեցին, որ միջնակարգ կրթությունը չի նպաստում այս երկու խմբերի դեռահասների միջև շփումներին։ Այլընտրանքային հարթակի բացակայությունը, որը թույլ կտար նրանց դպրոցի շրջանակներից դուրս հանդիպել և բացահայտել միմյանց (Հիմնադրամի նախաձեռնած «Երևան-Հալէպ Տրանզիտ» ակումբի ձևաչափը ևս չէր լրացնում այդ բացը՝ ուղղված լինելով հատկապես 20 տարեկանից բարձր երիտասարդներին), ծնունդ տվեց կրթական ճամբարի ստեղծման գաղափարին։ Ի դեպ, ճամբարները շատ տարածված են սիրիահայերի շրջանում։
Այսպիսով, 14-ից 18 տարեկան ընդհանուր առմամբ 40 դեռահաս (որոնցից 20-ը՝ սիրիահայ, 10-ը՝ Երևանից, իսկ 10-ն էլ՝ Գյումրիից) մասնակցեցին դպրոցական ամառային և աշնանային արձակուրդների ընթացքում Գյումրիում կազմակերպված քառօրյա երկու ճամբարի։ Խաղեր, քննարկումներ, այցելություններ՝ հանգստի և մտքերի փոխանակման ժամերը հավասարակշռված էին «դեպի մենք» ճամփորդելու պատրաստակամություն հայտնած դեռահասների համար։ Ինչպես հուշում է ճամբարի անունը, նրանք շատ են խոսել ընդհանրապես ինքնության, մասնավորապես՝ հայ լինելու, հայրենիքի ու Հայաստանի մասին։ Ճամբարը ցույց տվեց, որ չնայած այս հասկացությունները ընդհանուր են նրանց համար, անկախ նրանից՝ տեղացի են, թե սիրիահայ, սակայն հաճախ տարբեր են դրանց ընկալումները։ Սակայն վերադառնանք այն ամենին, ինչ միավորում է այս դեռահասներին և ինչ բացահայտեցին տեղում։
Օրինակ, գիտակցու՞մ էին արդյոք, որ տեղացի հայերից շատերի ընտանեկան պատմությունները ևս սկիզբ են առնում Արևմտյան Հայաստանում, որտեղից նրանց նախնիները ստիպված են եղել փախչել ճիշտ այնպես, ինչպես սիրիահայերի տատիկներն ու պապիկները։ Կամ որ հավասարապես կարևորում են ընտանիքը՝ որպես իրենց ինքնության կարևորագույն տարր և իրենց անձի կերտման հիմք․ «Ընտանիքն է, որ ինձ փոխանցել է արժեքներ և տվել դաստիարակություն, առանց որոնց չէի լինի այն, ինչ կամ»,- նշում էին նրանցից շատերը։
Հայրենասիրության շուրջ քննարկումները ևս բավական հասուն մտքերի արտահայտման առիթ դարձան։ «Հայրենասերը մեր գյուղի հարևանն է, կամ մեր երիտասարդ ուսուցչուհին, ով երկրից հեռանալու փոխարեն շարունակում է դասավանդել իր գյուղի դպրոցում»,- կարելի էր լսել քննարկումների ժամանակ՝ հայտնի հայրենասերների անուններ թվարկելու փոխարեն։ Առանց որևէ տեսակետ պարտադրելու ցանկության՝ ճամբարի կազմակերպիչները ևս այս թեմայով ուղերձներ ունեին փոխանցելու ճամբարականներին, այն է՝ իրական հայրենասիրությունը չի հիմնվում բացառապես թշնամու հանդեպ ատելության վրա, այլ սնվում է սեփական հողում մնալու և արարելու, նրա բարեկեցությանն իր ունակությունների չափով նպաստելու կամքից։ Վերամբարձ բառերից անդին, հայրենասիրությունը նաև մերձավորին սիրելն է կամ շրջակայքը մաքուր պահելը։ Այսպիսով, յուրաքանչյուրն իր չափով անելիք ունի՝ անկախ տարիքից։ Հայրենասիրության շուրջ քննարկումներն ավարտվեցին խորհրդանշական այցով Հայկաձոր գյուղ, որտեղից ճամբարականները հեռադիտակով հմայվեցին հայ-թուրքական սահմանի մյուս կողմում հայտնված երբեմնի քաղաքամայր Անիի ավերակներով։
Ճամբարի ընթացքում քննարկված թեմաները, որոնք թույլ տվեցին ավելի խորը խորհրդածել որոշ հարցերի շուրջ, այսուհետ կուղեկցեն մասնակից դեռահասներին։ Իսկ որպեսզի վերջիններս կարողանան շարունակել բացահայտել միմյանց և միասին սովորել, ճամբարի տեղացի և սիրիահայ կազմակերպիչները պատրաստվում են ամսական հանդիպումներ նախաձեռնել ճամբարների մասնակիցների հետ։
* Երիտասարդների ինտեգրման ծրագիրն իրականացվում է Ժնևի հայկական համայնքի աջակցությամբ։