2020 թվականի ապրիլի սկզբին «ԿԱԶԱ» Հիմնադրամը ստեղծարար մտքի մարտահրավեր նետեց բոլոր ֆրանսախոսներին։ Նպատակները երկուսն էին՝ խրախուսել ֆրանսախոսների ստեղծարար միտքն ու նպաստել լեզվական հմտությունների զարգացմանը։ Մրցույթն ազատ ձևաչափով էր. ֆրանսերենի բոլոր սիրահարներն ու ֆրանսախոսները կարող էին մասնակցել՝ ուղարկելով բանաստեղծություն, նկար, տեքստ կամ տեսանյութ, որում կարտահայտեին ֆրանսերենի հանդեպ ունեցած իրենց սերն իր բազմաթիվ դրսևորումներով։
Մի քանի տասնյակ մասնակիցներ հետաքրքիր և արտասովոր մտահղացումներ ներկայացրին։ Անսահման գեղեցիկ ստեղծագործությունների միջոցով վերջիններս պատմեցին ֆրանսերենը, ֆրանկոֆոնիան տեսնելու, զգալու, հասկանալու ու ապրելու իրենց փորձառության մասին։ Կային մասնակիցներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի մի շարք այլ երկրներից, ինչը ևս մեկ անգամ ցույց տվեց ֆրանկոֆոնիայի միավորող ուժը, և ինչպես մասնակից-ստեղծագործողներից Հաննա Կոքսն է նշում՝ … ֆրանսերենն ավելի շատ երգ է, քան լեզու։ Հեռավոր երկրները միացնող մի մեղեդի է այն։
Ժյուրին, որը բաղկացած էր ինչպես ֆրանսերենի մասնագետներից, այնպես էլ «ԿԱԶԱ» Հիմնադրամի միջազգային կամավորներից, առաջին հերթին գնահատեց ներկայացված ստեղծագործությունների հուզական-արտահայտչական երանգը, ինչպես նաև ինքնատիպությունը։ 9 անվանակարգերի հաղթողների անունները հայտնի դարձան մայիսի 13-ին՝ մրցույթի ֆեյսբուքյան էջում.
Մեջբերում – Հաննա Կոքս (ԱՄՆ)
Փիլիսոփայություն – Զինա Լանդրա (Ֆրանսիա)
Համակրանք – Սարգիս Հակոբյան (Հայաստան)
Հանրության համակրանք – ՖրանկոՖան Հիմնադրամ (Հայաստան)
Ինքնատիպություն – Գյումրու թիվ 10 դպրոց
Հումոր – Գյումրու թիվ 19 դպրոց
Կարգախոս – Յան (Ֆրանսիա)
Արկածային – Լիանա Մելքոնյան (Հայաստան)
Բանաստեղծություն – Ռոզի Սամվելյան (Հայաստան)
«Մրցույթի հայտարարությունը վերջնաժամկետից երեք օր առաջ տեսանք, բայց քանի որ մասնակցելու ցանկությունը մեծ էր, երեխաներն ընդամենը մեկ օրում կարողացան սցենար գրել ու ինքնատիպ մի տեսանյութ նկարահանել։ Հետաքրքիրն այն է, որ սկզբում մասնակցել ցանկացող աշակերտների թիվն ութ էր, բայց աշխատանքային պրոցեսի ընթացքում ստեղծարարության ալիքը վարակեց նաև մյուսներին և արդյունքում մասնակիցների թիվը հասավ տասնհինգի։ Մրցույթից հետո էլ երեխաները շարունակում են ստեղծարար ու նորարարական գաղափարներ փոխանակել, ապագայում էլ պատրաստվում են հետաքրքիր նախաձեռնություններով հանդես գալ, ինչի համար ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին»,-նշում է ՖրանկոՖան կրթական-երիտասարդական Հիմնադրամի հիմնադիր Մարգարիտա Խաչատրյանը։
«ԿԱԶԱ» Հիմնադրամն իր հերթին շնորհակալություն է հայտնում և շնորհավորում բոլոր մասնակիցներին՝ ցուցաբերած ոգևորության և ստեղծարարության համար։
Հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը և բոլորիս առողջության առաջնահերթությունը՝ անհատական և ինքնատիպ նվերների հանձնումը տեղի կունենա մի փոքր ուշացումով։