Մինչ ծրագրի պատասխանատուները և փորձագետները միասին պատրաստում են ամեն ձմեռ փորձառու զբոսավարներին ավանդաբար առաջարկվող վերապատրաստման դասընթացը, զբոսավարների պատրաստման՝ անցյալ փետրվարին առկա և առցանց հարթակներում մեկնարկած հերթական դասընթացի 12 մասնակիցները ստացան իրենց ավարտական հավաստագրերը: Վերջիններիս հանձնման արարողությունն այս անգամ տեղի ունեցավ Չարենցի տուն-թանգարանում:
Շրջայց թանգարանով հենց հայտնի բանաստեղծի թոռնուհու ուղեկցությամբ, փոքրիկ հյուրասիրություն կազմակերպված Հիմնադրամի՝ սիրիահայերի համար նախաձեռնած խոհարարության դասընթացին մասնակցած շահառուներից մեկի՝ Անիի կողմից, համերգային մաս՝ երեկոն բացահայտման ու ժամանցի հերթափոխ էր նախատեսում ներկաների համար: Վերջիններիս թվում էին նաև գործընկեր ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչներ, ովքեր եկել էին դասընթացն ավարտած սիրիահայ երեք մասնակիցներին անձամբ հանձնելու իրենց հավաստագրերը: Ներկա էր նաև ԱՌՆԱՊ (« Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ ») հիմնադրամը՝ իր հերթին հանձնելու առաջին օգնության դասընթացի մասնակցության վկայականներ:
Երեկոն առիթ ընձեռեց նաև ևս մեկ անգամ հարցնելու նորաթուխ զբոսավարներին՝ ինչն էր ցանկություն առաջացրել աշխատելու զբոսաժրջության բնագավառում և ինչ էր տվել իրենց դասընթացը: Ահա մի քանի արձագանք, որ առանձնացրել ենք ձեզ համար.
« Զբոսավար դառնալու միտքը պարբերաբար ծագել է ինձ մոտ, սակայն երբեք ընթացք չեմ տվել դրան երևի թե այն պատճառով, որ ժամանակ առ ժամանակ հյուրեր ունենում էի ու կարծում էի, թե առանց հատուկ կրթության կամ վերապատրաստման էլ արդեն զբոսավարությամբ զբաղվում եմ: Բայց ընթացքում տեսնում էի, որ որոշ բաներ կցկտուր են ստացվում, ու զգում էի, որ թերանում եմ, չնայած հյուրերս առանձնապես պահանջկոտ չէին: Միանգամայն պատահաբար մի գեղեցիկ օր աչքովս ընկավ «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից կազմակերպվող դասընթացի հայտարարությունն, ու ներսումս մի բան խլրտաց, հուշեց, որ դա հենց այն է, ինչ ինձ անհրաժեշտ է: Առանց հապաղելու դիմեցի… Կարևորն այն է, որ լավ հիմք է դրվել՝ վրան շինությունը կառուցելու համար: Իսկ շինությունը կառուցելու համար դեռ շատ պիտի կարդամ, պեղեմ ու փորփրեմ, բայց արդեն փոքրիկ աճ նկատում եմ. ավելի ուշադիր եմ շրջապատիս նկատմամբ, ժամանակին աննկատ կամ անկարևոր մանրուքները նոր երանգ են ստանում », կիսվում է մասնագիտությամբ թարգմանչուհի Մանուշակ Քևխոյանը:
« Երբ երեխան դեռ զուրկ է վերլուծելու կարողությունից, երբ դեռ ծնողները նրա միակ հեղինակությունն են, նա չի գիտակցում, թե ինչպես, ինչու է նրանց սիրում։ Հետո, երբ մեծանում է, սկսում է վերլուծել, երբեմն հասկանալ, երբեմն էլ քննադատել ծնողին։ Բայց դրանից նրա սերը ծնողների հանդեպ չի պակասում, այլ ընդհակառակը, ավելի է ամրանում, դառնում գիտակցված։ Այդպես էլ ես դասընթացի արդյունքում հնարավորություն ստացա ավելի լավ ճանաչել Հայաստանը, շատ բան գիտակցել ու հասկանալ թե՛ Հայաստանի պատմության, կրոնի, ավանդույթների մեջ, թե՛ ժամանակակից հայ իրականության ու զարգացումների վերաբերյալ։ Կարծում եմ՝ հետագա ուղիս անպայման ինչ-որ կերպ կապ կունենա զբոսավարության հետ », նշում է մեկ այլ մասնակից՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի, և մեջբերում սիրելի դասընթացավարների միտքը զբոսավարի դերի կարևորության վերաբերյալ. « Զբոսավարը յուրովի դեսպան է Հայաստանի, նրա դեմքը, մարդ, ում միջոցով առավել ճանաչելի է դառնում երկիրը » :