Զբոսավարների պատրաստման դասընթացը մեր ուսանողներին առիթ է ընձեռում իրականացնելու իսկական գիտական հետազոտություններ : Կատարված վերլուծություններն իրենց որակով երբեմն հաճելիորեն զարմացնում են, ինչպես օրինակ անցյալ ապրիլին Երրորդ մաս թաղամասի վերաբերյալ Լարիսա Մկրտչյանի ու Անուշ Վարդանյանի ներկայացրած զեկույցը :
Երրորդ մասը սովետական Երևանի բանվորական թաղամասերից մեկն էր, որի շուրջ քաղաքում բազմաթիվ կարծրատիպեր են շրջանառվում անգամ մեր օրերում : Լարիսայի և Անուշի առաջադրանքը հետևյալն էր՝ բացահայտել և ներկայացնել արվարձանային այս թաղամասը՝ արժևորելով վերջինիս առանձնահատկություններն այնպես, որ ցանկություն առաջանա այն այցելելու : Այսպիսով, մեր նպատակն էր ցույց տալ, որ Երևանի կենտրոնից զատ, որը զբոսաշրջային այցերի ավանդական, հաճախ էլ՝ միակ շրջանակն է, ծայրամասերում տեղակայված թաղամասերը ևս կարող են հետաքրքիր լինել այցելուների համար :
Արվեստի պատմության դոկտոր Ալեն Նավարա-Նավասարդյանն այնքան տպավորված էր Երրորդ մասի վերաբերյալ զեկույցով, որն իսկապես սոցիոլոգիական և տիպաբանական մի ամբողջ վերլուծություն է, որ որոշեց ներկայացնել այն 2016 թ. Ժնևի գրքի միջազգային ցուցահանդեսին : Ավելին, լինելով նաև զբոսավար՝ Ալենը սեպտեմբերյան իր ծրագրում ներառել է այցելություն Երրորդ մաս, որը նրա խմբի համար կվարեն հենց մեր ուսանողները :
Ինֆոգրաֆիկան, որ ստեղծել ենք ներշնչված նրանց՝ « Երրորդմասցու կերպարի վերլուծությունը ըստ Հոֆսթեդի ցուցիչների » աշխատանքից, իրականում ներկայացնում է վերջինիս միայն մի փոքրիկ մասը :
Ուշադրություն. այն մտքերը, որոնք ընթերցելիս կստիպեն ձեզ մտածել կարծրատիպերի մասին, իրականում միայն հումորի և ստեղծագործ մտքի արդյունք են : Ի դեպ, Լարիսային և Անուշին հաջողվեց իրենց զեկույցի շնորհիվ կոտրել այդ կարծրատիպերից որոշները ներկա Երևանցիների շրջանում անգամ :