Հաշվի առնելով այն փաստը, որ երիտասարդների սպասումները և կարիքները տարեցտարի փոխվում են՝ պայմանավորված տարբեր մարտահրավերներով (քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, ընտանեկան և այլն), «ԿԱԶԱ» հիմնադրամը 2006 թվականից ի վեր առաջարկում է ծրագիր, որը հնարավորություն է տալիս երեխաներին և դեռահասներին բարձրաձայնել իրենց խնդիրները, ազատ արտահայտվել, զրուցել իրենց հետաքրքրող թեմաներից, ինչպես նաև զարգացնել այնպիսի արժեքներ, ինչպիսիք են համերաշխությունը, հանդուրժողականությունը և հարգանքը. մեկ բառով՝ անձի ինքնաճանչում:
Հանդիպումները իրականացվում են համապատասխան խմբակների միջոցով. զարգացման խմբակ, որտեղ ոչ ֆորմալ մեթոդներով կազմակերպվում են թեմատիկ հանդիպումներ` ուղղված անձի ինքնաճանաչմանը և սոցիալիզացիային, ստեղծագործական խմբակ, թատերական խմբակ, նախաձեռնությունների խմբակ, ֆոլկլոր երաժշտության խմբակ, ֆրանսերեն և անգլերեն լեզուների ուսուցման խմբակներ: 2006 թվականից մինչ օրս ծրագիրը պարբերաբար թարմացվում է` համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին և կարիքներին: Տարիների աշխատանքի արդյունքը որակական և քանակական զարգացումն է: Եթե 2006 թվականին ծրագրի մասնակիցների քանակը 15 էր, ապա այսօր ամեն շաբաթ հիմնադրամը աշխատում է 200-250 երեխայի և պատանու, ինչպես նաև` վերջիններիս ընտանիքների հետ:
Ստեղծագործական խմբակը ծրագրի փոքրիկ, բայց շատ կարևոր մասնիկներից մեկն է: Խմբակը ներառում է 2 տարիքային խումբ՝ 6-10 և 11-15 տարեկան երեխաների և պատանիների: Գաղտնիք չէ, որ բոլոր երեխաները սիրում են նկարել: Այն ազատությունն ու հնարավորությունները, որ տալիս է հիմնադրամը, նրանց է´լ ավելի է ոգևորում ու թույլ տալիս ինքնարտահայտվել: Ազատ դասընթաց վարելու քաղաքականությունը կամ ոչ ֆորմալ դասի անցկացումն այս դեպքում նորանոր բացահայտումներ է անում յուրաքանչյուր երեխայի մասին: Երեխային նախևառաջ ձգում է այն տարածքը, որտեղ նկարում է, այն նյութերը, որոնցից անսահմանափակ կարող է օգտվել՝ իրականացնելու իր մտապատկերայինը, և վերջապես՝ ուսուցիչ-ղեկավարը, որ ոչ թե ավանդական ուսուցչի կերպար է, այլ՝ ընկեր-օգնական:
Խմբակում օգտագործվում են այնպիսի մեթոդներ, որոնք ապահովում են երեխայի զգայական և մտավոր զարգացումը. ուշադրություն, երևակայություն, հիշողություն, արագ կողմնորոշվելու ունակություն, ինչպես նաև՝ բնավորության այնպիսի գծեր, ինչպիսիք են ընկերասիրությունը, միմյանց օգնելու, գեղեցիկը տեսնելու և գնահատելու կարողությունները:
Խմբակում կիրառված մեթոդներից շատերը երեխային զարգացնում են ոչ միայն նկարչական տեսանկյունից, այլև՝ արվեստի հետ կապված այլ բնագավառների հետ ծանոթությունից, որոնք օղակվում են նկարչության հետ: Հեքիաթներ, մուլտֆիլմեր, դասական երաժշտություն…. Այս ամենը համակարգելով մի գաղափարի շուրջ՝ երեխային առաջադրվում են խնդիրներ, որոնց լուծումը կարողանում են ստանալ նկարելու միջոցով:
«ԿԱԶԱ» հիմնադրամն այն վայրն է, որտեղ երեխան սիրով է հաճախում: Դպրոցից հետո վազել «ԿԱԶԱ Գյումրու» կենտրոն, սեր ստանալ ու փոխանցել, վերցնել մատիտը, վրձնել ամենաանկեղծ պատկերները… Երեխան ժպիտով ու դրականորեն լիցքավորված վերադառնում է տուն: