«Երիտասարդները հանուն զարգացման» ծրագիրն ամփոփեց իր հերթական գործողություններից մեկը: Արդյունքում ընտրվեց համայնքային զարգացմանն ուղղված 9 նախաձեռնություն՝ ներկայացված մեր մասնակիցների կողմից, որոնք կֆինանսավորվեն ծրագրի շրջանակներում: Առաջարկում ենք համառոտ ծանոթանալ դրանցից յուրաքանչյուրին.
|
«Էկո պայուսակներ» ծրագրի նպատակն է բարձրացնել պոլիէթիլենային տոպրակների կիրառման վնասակար ազդեցության վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև զանազան միջոցառումների օգնությամբ խթանել թղթե և կտորե տոպրակների տարածումը Սևան համայնքում: Ծրագրի կարևորությունը մասնավորապես արդիական է այս համայնքում՝ հաշվի առնելով Սևանա լճի ափերին հաճախ նկատելի պոլիէթիլենային տոպրակների աղբակույտերը: Ծրագիրն իրականացվում է համայնքի երիտասարդների կողմից՝ «Երիտասարդները հանուն զարգացման» ծրագրի մասնակից Արթուր Մելքոնյանի գլխավորությամբ: |
«Նոր շունչ Կարբի համայնքին» ծրագրի նպատակն է նպաստել Կարբիի համայնքային կյանքի վերածննդին ու մասնավորապես երիտասարդական մասնակցության ակտիվացմանը: Ծրագրի արդյունքում համայնքը կունենա իր առաջին երիտասարդական կենտրոնը, ինչը հնարավորություն կտա տարբեր միջոցառումների շնորհիվ աջակցել համայնքային զարգացմանն ու երիտասարդական մասնակցությանը: Ծրագիրն իրականացվում է համայնքի երիտասարդների կողմից՝ «Երիտասարդները հանուն զարգացման» ծրագրի մասնակից Անուշ Խուդավերդյանի գլխավորությամբ: |
|
|
«Մի՛ նետիր՝ կվերամշակենք» ծրագրի նպատակն է զարկ տալ Աշտարակ համայնքի զարգացմանը օգտագործված հագուստի վերամշակման մշակույթը տեղացիների շրջանում տարածելու և համայնքի բնակիչներին համախմբելու օգնությամբ: Ծրագրի թիրախ խումբն են գործազուրկ երիտասարդ կանայք, ում համար կկազմակերպվեն կարի և հագուստի դիզայնի դասընթացներ: Նախատեսվում է նաև սերտ համագործակցություն Աշտարակի քաղաքապետարանի հետ վերամշակված հագուստից ստացված արտադրանքի տոնավաճառ և համայնքի երեխաների համար շաբաթական տիկնիկային ներկայացումներ կազմակերպելու գործում: Ծրագիրն իրականացվում է համայնքի երիտասարդների կողմից՝ «Երիտասարդները հանուն զարգացման» ծրագրի մասնակից Լիլիթ Բադալյանի գլխավորությամբ: |
«Համայնքի համախմբում» ծրագրի նպատակն է խթանել Կրաշեն համայնքի զարգացումը տրակտորի գնման միջոցով, որը կօգտագործվի համայնքի անմշակ հողերը մշակելու և բերք ստանալու համար: Արդյունքում համայնքի տասնյակ բնակիչներ կունենան աշխատանք, ինչն էլ իր հերթին կնվազեցնի արտագաղթողների թիվը: Ծրագրով նախատեսվում է մշակված հողերից ստացած եկամտի մեծ մասն ուղղել համայնքային տարբեր խնդիրների լուծմանը: Այս ծրագիրը ՏԻՄ-ի հետ համագործակցության հրաշալի օրինակ է: Արդեն իսկ գաղափարի մշակման փուլում ծրագրի նախագիծը քննարկվել և հաստատվել է ավագանու նիստի ժամանակ՝ համայնքի բնակիչների մեծամասնության մասնակցությամբ: ՏԻՄ-ն իր պատրաստակամությունն է հայտնել մեծապես աջակցելու ծրագրին, ինչպես նաև համաֆինանսավորում հատկացնելու համայնքի բյուջեից: Ծրագիրն իրականացվում է համայնքի երիտասարդների կողմից՝ «Երիտասարդները հանուն զարգացման» ծրագրի մասնակից Հռիփսիմե Պետրոսյանի գլխավորությամբ: Ծրագիրն ունի ևս մեկ հետաքրքիր առանձնահատկություն. այն կնպաստի նաև գյուղական համայնքում գենդերային հավասարության գաղափարի տարածմանը, քանի որ գնված տրակտորը վարելու է հենց Հռիփսիմեն: |
|
|
«Դեռահասների վերարտադրողական առողջություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է դեռահասների, նրանց ծնողների, Երևանի տարբեր դպրոցների համապատասխան ուսուցիչների շրջանում բարձրացնել սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Բացի այդ, ծրագիրը նախատեսում է խորքային վերլուծություն իրականացնել դեռահասության տարիքում արական և իգական սեռերի ներկայացուցիչների շփման վերաբերյալ՝ գնահատելով վերջինիս ազդեցությունը կյանքի տարբեր ոլորտներում այդ դեռահասների հետագա մասնակցության վրա: Ծրագիրն իրականացվում է Երևանը ներկայացնող մի շարք երիտասարդների կողմից՝ «Երիտասարդները հանուն զարգացման» ծրագրի մասնակից Տաթևիկ Աբրահամյանի գլխավորությամբ: |
«Ֆինանսական խորհրդատվության կենտրոն» ծրագրի նպատակն է բարձրացնել Լոռու շրջանի գյուղական համայնքների բնակիչների ֆինանսական գրագիտությունը: Ծրագրով նախատեսվում է կազմակերպել դասընթացներ և խորհրդատվություն թիրախ խմբի համար՝ նրանց ֆինանսական գրագիտության բարձրացման և վարկային բեռի նվազեցման նպատակով: Ծրագիրն իրականացվում է համայնքի երիտասարդների կողմից՝ «Երիտասարդները հանուն զարգացման» ծրագրի մասնակից Վլադիմիր Սահակյանի գլխավորությամբ: |
|
|
«Մեղվաբուծությունը հանուն համայնքի զարգացման» ծրագրի նպատակն է լուծել Ույծ համայնքի հաշմանդամություն ունեցող 2 երիտասարդի զբաղվածության խնդիրը: Բացի այդ, ծրագրով նախատեսվում է բազմազանեցնել մեղվաբուծության արդյունքում ստացվող արտադրանքը: Եկամտի մեծ մասն ուղղվելու է համայնքի տարբեր խնդիրների լուծմանը: Ծրագիրն իրականացվում է համայնքի երիտասարդների կողմից՝ «Երիտասարդները հանուն զարգացման» ծրագրի մասնակից Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ: |
«Բրդի վերամշակում» ծրագրի նպատակն է խթանել Գոգարան համայնքի զարգացումը համայնքում առկա բրդի հսկայական քանակի մշակման միջոցով, որը սովորաբար չի օգտագործվում: Մշակված բրդի վաճառքից ստացված եկամտի մեծ մասն ուղղվելու է գյուղում երիտասարդական միջոցառումների պարբերական իրականացմանը: Ծրագիրն իրականացվում է համայնքի երիտասարդների կողմից՝ «Երիտասարդները հանուն զարգացման» ծրագրի մասնակից Վերա Ավագյանի գլխավորությամբ: |
|
|
«Այգին՝ որպես մասնակցության հարթակ» ծրագրի նպատակն է խթանել Բյուրական համայնքի բնակիչների և հատկապես երիտասարդների ակտիվ մասնակցությունը համայնքի զարգացման գործընթացին: Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է մշակել մասնակցային կառավարման ռազմավարություն, որի իրականացման համար էլ կստեղծվի համայնքային այգի: Այգու տարածքում կկազմակերպվեն ՏԻՄ-համայնքի բնակիչներ քննարկումներ, ավագանու նիստեր և մի շարք այլ հանդիպումներ: Ծրագիրն իրականացվում է համայնքի երիտասարդների կողմից՝ «Երիտասարդները հանուն զարգացման» ծրագրի մասնակից Պողոս Հովհաննիսյանի գլխավորությամբ: |
* «Երիտասարդները հանուն զարգացման» ծրագիրն իրականացվում է Վրաստանում Նիդեռլանդների դեսպանատան աջակցությամբ: