«Եվրոպական hամերաշխության կորպուսը» (նախկին «Եվրոպական կամավորական ծառայությունը») Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագիր է, որի շրջանակում արդեն ավելի քան 10 տարի է, ինչ «ԿԱԶԱ» հիմնադրամը հյուրընկալում, ինչպես նաև ուղարկում է կամավորներ տարբեր եվրոպական երկրներ: Սա պարզապես կամավորական աշխատանք չէ․ այն բացառիկ փորձառության հնարավորություն է, որը փոխում է կյանքեր:
Ծրագրի նպատակը համերաշխության տարածումն է որպես արժեք՝ հիմնականում կամավորության միջոցով, որն էլ իր հերթին խթանում է երիտասարդների և կազմակերպությունների ներգրավվածությունը մարդասիրական ծրագրերում՝ նպատակ ունենալով ամրապնդել համախմբվածությունը, ժողովրդավարությունը և եվրոպական քաղաքացիությունը: Այն նպաստում է նաև եվրոպական համագործակցությանը երիտասարդության ոլորտում։
Մասնակից կազմակերպությունների աջակցությամբ ծրագիրն ապահովում է երիտասարդների ներգրավվածությունը դրական սոցիալական փոփոխություններ բերող մարդասիրական նախաձեռնություններում՝ տրամադրելով անձնական, կրթական, սոցիալական, քաղաքացիական, մշակութային և մասնագիտական հմտությունների զարգացման հնարավորություններ: Նպաստում է վերջիններիս ակտիվ քաղաքացիական ինքության զարգացմանըը, աշխատունակությանը և ինտեգրմանն աշխատաշուկայում՝ կամավորների, փորձնակների և երիտասարդական աշխատողների շարժունակության միոջոցով:
17-30 տարեկան երիտասարդները կարող են դիմել ծրագրին և իրականացնել անհատական կամ թիմային կամավորություն: Մինչ օրս մոտ երկու տասնյակ կամավորներ «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից հյուրընկալվել են Հայաստանում կամ ուղարկվել կարճաժամկետ ու երկարաժամկետ կամավորական աշխատանքի Ֆրանսիա, Իսպանիա, Սլովենիա, Լեհաստան, Լատվիա, Գերմանիա:
Անհատական կամավորությունը հիանալի հնարավորություն է երիտասարդների համար 2-12 ամիս տևողությամբ ծրագրով իրականացնելու ակտիվ գործունեություն որևէ այլ երկրում, մշակութային նոր միջավայրում: Ծրագիրը հոգում է մասնակցի բոլոր ծախսերը և յուրաքանչյուր ամիս տրամադրում գրպանի գումար:
Այժմ «ԿԱԶԱ» հիմնադրամի Երևանի և Գյումրու կենտրոններում իրենց կամավորությունն են իրականացնում օտարերկրացի 4 կամավոր՝ Ֆրանսիայից և Լեհաստանից։ Նրանք ներգրավված են ընթացիկ ծրագրերում և զուգահեռաբար իրականացնում են իրենց անձնական նախագծերը: