Արձակուրդից և մեկամսյա նախապատրաստական աշխատանքներից հետո երևանյան «Էսպաս» կենտրոնի դռները կրկին ջերմորեն բաց են իր այցելուների և շահառուների առաջ : Արդեն ավանդական դարձած ծրագրերից բացի այստեղ ձեզ սպասվում են նորություններ, որ մշակել ենք՝ հաշվի առնելով մեր լսարանի կարիքները :
Այսպիսով, «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի ակումբները վերսկսվում են նոր ակումբավարներով ու նոր գաղափարներով. այս պահին ծրագրի 2016-2017 թթ. թողարկման մեր 28 կամավորները – 14 ակումբավար Երևանում, 14-ը՝ Գյումրիում – վերապատրաստվում են, որպեսզի անհրաժեշտ գիտելիքով և հմտություններով զինված ընդունեն ծրագրի մարտահրավերները :
«Երիտասարդները հանուն զարգացման» ծրագրի թիմն ու մասնակիցները պատրաստում են այցերը Հայաստանի 3 համայնք՝ Բյուրական, Կուրթան և Վանաձոր, որտեղ կշփվեն տեղի բնակչության հետ և կծանոթանան համայնքների խնդիրներին տրված այլընտրանքային լուծումներին : Իսկ այդ ընթացքում՝ հոկտեմբերի 5-ին, կմեկնարկի ծրագրի վերջին առկա դասընթացը՝ սոցիալական ձեռներեցության վերաբերյալ :
Եթե զբոսավար լինելու հեռանկարը հրապուրում է ձեզ, ապա մինչ սեպտեմբերի 30-ը դեռ ժամանակ ունեք գրանցվելու «Զբոսավարների պատրաստում» դասընթացին : Խառը տիպի այս դասընթացը ձեզ հնարավորություն կտա նոր մասնագիտության ձեռքբերումը համատեղել ուսման, աշխատանքի կամ ցանկացած այլ գործունեության հետ :
ՄԱԿ ՓԳՀ-ի հետ ի նպաստ սիրիահայերի մեր համագործակցությունն ավելի բազմազան է դառնում : «Ընտանիքի ընկեր» ծրագրի 2016թ. 3-րդ թողարկման նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ՝ շուտով կմեկնարկի ծրագրի ևս մեկ բաղադրիչ, որի նպատակն է նպաստել սիրիահայ և տեղացի երիտասարդների միջև շփումներին և փոխըմբռնմանը :
Իսկ «Երիտասարդների զբաղվածություն» ծրագրի շրջանակներում մշակված նոր՝ անհատական մասնագիտական մենթորության բաղադրիչի միջոցով, որն ուղղված է մեր բոլոր մասնակիցներին և հատկապես՝ սիրիահայերին, կփորձենք նպաստել մեր շահառուների մասնագիտական ներգրավմանը : Միևնույն ժամանակ, փախստականներին ուղղված մեր «ավանդական» նախաձեռնությունները՝ արևելահայերենի, ռուսերենի, համակարգչային, մասնագիտական դասընթացներ, շարունակում են իրենց լուման ներդնել տեղահանյալ ընտանիքների սոցիալական և մշակութային ինտեգրացիայի գործընթացում :
Ի վերջո, Ֆրանկոֆոնիայի ծրագիրը նախատեսում է գեղեցիկ հանդիպումներ զանազան թեմաներով և ձևաչափերով, որոնցից առաջինն իրեն երկար սպասեցնել չի տա : Հայաստանյան դպրոցներում ֆրանկոֆոնիայի շուրջ իրականացվող հանդիպումների հաջողությունը մեզ մտածել տվեց նախաձեռնության աշխարհագրությունն ընդլայնելու մասին, ինչի շուրջ աշխատում ենք : Եվ իհարկե, չմոռանանք կենտրոնի ֆրանսալեզու գրադարանը՝ ընթերցողական հետաքրքված հայացքների սպասումով :