1988թ․ աղետալի երկրաշարժը կապեց գյումրեցուն ու մեծն շանսոնյեին անքակտելի կապով։ Տասնամյակներ շարունակ Ազնավուրն իր հեղինակությունն ու նյութական միջոցներն ուղղեց Գյումրիի վերքերի ապաքինմանն ու զարթոնքին, համոզմունքով, որ․․․
«Քո գարունները կբացվեն նորից,
Քո լավ օրերը ետ կգան նորից․․․»
Շ․ Ազնավուր
Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանին նվիրված թատերական միջոցառում էր կազմակերպվել մայիսի 27-ին «ԿԱԶԱ» հիմնադրամի «Մարտին Փաշայան» նախագծի և Գյումրիի թիվ 10 դպրոցի համագործակցությամբ: «Անպարտելին», այսպես էր կոչվում մեծ շանսոնյեի կյանքի ու անցած դժվարին ստեղծագործական ուղու մասին պատմող երաժշտական ներկայացումը։
Թատերական ներկայացումը կարճ ժամանակով հանդիսատեսին տարավ անցյալ դարի վաթսունականններ, երբ բեմերից, ռադիոյից և ամենուր հնչում էր Պիաֆ, երբ իր առաջին քայլերն էր անում ֆրանսիական շանսոնի ապագա «անգերազանցելի արտիստը»: Նա ջանքեր էր գործադրում աշխարհին ապացուցելու, որ ինքն ունի տաղանդ և որ նրանք դեռ ծափահարելու են իրեն։ Եվ իհարկե, նա հաղթեց այդ պայքարում, ապագան Ազնավուրինն էր։
Պատանի արտիստների տիպական խաղը, գեղեցիկ ֆրանսերենով արտաբերված խոսքը հիացմունք առաջացրեց հանդիսատեսի մոտ։
Բացման խոսքով հանդես եկավ «ֆրանկոֆոնիայի զարգացման ծրագրի» պատասխանատու Աննա Ունուպօղլյանը: Ողջունելով հյուրերին նա մասնավորապես կարևորեց Ազնավուրի հարյուրամյակի հոբելյանական միջոցառումներին մաս կազմելը: Նա տեղեկացրեց, որ ներկայացումը իրականացվել է «Մարտին Փաշայան ֆրանկոֆոն թատերական նախագծի» շրջանակում: Լինելով մանկավարժ, վերջինս իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է Գյումրիում ֆրանսերենի ու առհասարակ ֆրանկոֆոն մշակույթի տարածմանը, միջմշակութային երկխոսության խթանմանը: (Մարտին Փաշայանը երկար տարիներ դասավանդել և տնօրեն է եղել թիվ 10 դպրոցում):
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալ, կրթական համագործակցության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսը շնորհակալություն հայտնեց պատանի արտիստներին գեղեցիկ ներկայացման, ինչպես նաև՝ ողջ թիմին նման լավ աշխատանք իրականացնելու համար:
«ԿԱԶԱ» հիմնադրամի տնօրեն Մոնիկա Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Ազնավուրը աշխարհի համար հայ էր, իսկ մեզ՝ հայերիս համար, մի ողջ աշխարհ։ Դիմելով միջոցառմանը ներկա օտարերկրյա հյուրերին ասաց, որ շանսոնյեի կյանքին առնչվող այս մի փոքր դրվագը դիտելով նրանք հնարավորություն ունեցան մեկ անգամ ևս ճանաչել այն հային, որը հաճախ տեսանելի չէ, բայց կա մեր մեջ։ Եվ ամեն հայ ուզում է, որ իրեն ճանաչեն այսպիսին։
Նա շնորհակալություն հայտնեց թիվ 10 դպրոցին հիմնադրամի հետ տարիների համագործակցության համար, ընդգծելով, որ առանց նրանց ակտիվ մասնակցության այս նախաձեռնությունը ուղղակի չէր կարող իրականություն դառնալ։ Շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց պատանի արտիստներին գեղեցիկ պահեր պարգևելու, և իհարկե, «ԿԱԶԱ»-ի Գյումրու թիմին, կամավորներին, սեղմ ժամանակամիջոցում նման արդյունքի հասնելու համար։
Ազնավուրի անձն ու համամարդկային կերպարն ամբողջացումն է ֆրանկոֆոնիայի գաղափարախոսության՝ համերաշխության, քաղաքացիության, ժողովրդավարության, տարբերության հանդեպ հանդուրժողականության ու միջմշակութային երկխոսության: