Արցախից բռնի տեղահանված ընտանիքների դպրոցահասակ երեխաներին Հայաստանի դպրոցներում տեղավորելուց հետո հաջորդ առաջնային խնդիրը նրանց դպրոցին ինտեգրելն ու դասապրոցեսում ներգրավելն էր։
Տեղահանվածներն ունեին հոգեբանական տարբեր աստիճանի տրավմաներ։ Դեռահասների մոտ առաջացած վախերն ու տագնապներն էլ իրենց բնույթով տարբեր էին։ Կային վախեր պատերազմական իրավիճակներից, անապահովության զգացողություն, տեղաբնակների կողմից չհասկացված լինելու վախ, լեզվական հաղորդակցության բարիեր։
Անկայուն հոգեվիճակը, ապագայի նկատմամբ անորոշությունն ու նոր միջավայրին հարմավելը լուրջ խոչընդոտներ էին դպրոցահասակ երեխաների շրջանում ուսումնական հաստատություն մուտք գործելու և դասապրոցեսում ներգրավվելու առումով։ Ուստի, անհրաժեշտ էր կայունացնել երեխաների հուզական ներաշխարհը, դպրոց մտնելու և դասին մասնակցելու մոտիվացիա ստեղծել։ Lեզվական հաղորդակցության խնդիր կար նաև տեղի ուսուցիչների մոտ, քանի որ ոչ բոլորն էին հասկանում Արցախի բարբառը։ Բացի այս, նրանք ևս չէին պատկերացնում, թե ինչպես պետք է շփվեն տեղահանված, պատերազմից ծանր հոգեկան տրավմաներ ստացած երեխաների հետ։
Ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ էր, որ ուսուցիչները ևս ստանային ուղղորդում, թե ինչպես աշխատել նման իրավիճակներում, և մանավանդ, անկայուն հուզական հոգեվիճակում գտնվող աշակերտի հետ։ Ուսուցիչների համար կազմակերպվեցին մեկական սեմինարներ Վայոց Ձորի Հերմոն, և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ Եվս երեք վեբինարներ, որում ընդգրկվեցին ծրագրի շահառու բոլոր համայնքների ուսուցիչները։
Այս խնդիրներին արձագանքելու և իրավիճակի մեջ փոփոխություն մտցնելու տրամաբանությամբ «ԿԱԶԱ» հիմնադրամը «Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն» ծրագրի բաղադրիչ՝ կրթություն և դասապատրաստում մասով սկսեց աշխատանքները Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Արարատի մարզի Այգեզարդ, Նորամարգ և Ռանչպար գյուղերում, Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղում, Շիրակի մարզում Անի համայնքի Մարալիկ և Գյումրի քաղաքների երկուական դպրոցներում։ Ծրագրում ընդգրկվել են 104 արցախցի երեխա և 8 արցախցի ուսուցիչ։ Դասապատրաստումներն իրականացվել են յոթ դպրոցներում։
Աշխատանքները մեկնարկեցին այս տարվա հունվարից, չորս ամիս տևողությամբ։ Ձևավորվեց երկու հիմնական խումբ՝ տարրական և միջին դպրոցի աշակերտներից։ Նպատակ էր դրվում լուծել երկու կարևոր խնդիր՝ արցախցի երեխաներին բերել կրթական հուն և երկրորդ՝ դասապատրաստումները անցկացնել Արցախի բարբառով ու արցախցի ուսուցչի կողմից։ Սա հնարավորություն էր ընձեռում պահպանել մայրենի բարբառն ու ապահովել հաղորդակցությունը, իսկ արցախցի ուսուցիչների համար ստեղծվում էր աշխատատեղ։
Մինչ դասապատրաստումները բավականին դժվար իրավիճակ էր դպրոցներում։ Սակայն աշխատանքներն սկսելուց կարճ ժամանակ անց ուսուցիչները նկատեցին, որ իրավիճակի մեջ որոշակի փոփոխություն կա՝ երեխաները հետզհետե դառնում են ավելի մոտիվացված ու կառավարելի։
Ռանչպար գյուղում աշխատանքներ են տարվել 50 երեխայի հետ, որոնց մի մասն այստեղ հաստատվել էր դեռևս 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո։ Դասապատրաստող ուսուցչուհին՝ Անի Ավանեսյանը, որը նույնպես արցախցի է, Ստեփանակերտ քաղաքից, հայոց լեզու և գրականություն է դասավանդել տեղի դպրոցում, պատմում է, որ երեխաները սկզբնական շրջանում իրենց օտար էին զգում նոր միջավայրում։ Առաջին օրը, երբ ինքը դասարան է մտել և մայրենի բարբառով ողջունել է երեխաներին, ամեն ինչ միանգամից փոխվել է նրանց մոտ։ Երեխաներին անչափ ուրախացրել է, որ ուսուչուհին իրենց հետ խոսում է Արցախի բարբառով։ Սկսել են ավելի ակտիվ հաճախել պարապմունքներին, անհամբեր սպասել ուսուչուհու հետ ամեն հանդիպմանը։ «Բայց, իհարկե, երբեմն զգում էի, որ մեջները կուտակված բան կա, արտահայտվելու կարիք են զգում, թողնում էի դասը ու խոսում իրենց հուզող թեմայից։ Դա կարոտն էր հայրենի Արցախի, իրենց տան հանդեպ։ Խոսում էինք ու լաց լինում միասին, հետո թեթևացած, հանգստացած շարունակում դասը»։ Ուսուցչուհու խոսքերը հաստատում էին արցախցիներ Անին, Գոհարը, Ինան, Գոռը, Հայկը։ Ասում էին՝ շատ կցանկանան, որ ընկեր Ավանեսյանը շարունակեր դասավանդել իրենց։
Ծրագրի բաղադրիչներից մեկն էլ արցախցի երեխաներին նոր բնակավայրին ինտեգրելն էր։ Նրանք ընդգրկվում էին համայնքի մշակույթի կենտրոններում. Հիմնադրամի նախաձեռնությամբ նրանց համար կազմակերպվում էին «Զարգացման խմբակներ», որտեղ կախված տարիքային հետաքրքրություններից մասնակցում էին տարբեր նախաձեռնությունների։ Տեղի իրենց հասակակիցների հետ համատեղ կազմում էին ծրագրեր համայնքի զարգացման վերաբերյալ, քննարկումներ կազմակերպում ամենատարբեր հարցերի շուրջ, մասնակցում ճանաչողական էքսկուրսիաների։
Հիմնադրամը ծրագիրն իրականացնելու ժամանակամիջոցում համագործակցել է մարզերում և համայնքներում գործող հասարակական կազմակերպությունների հետ, գործընկերային նախագծեր իրականացրել Վայոց Ձորում՝ «Սյունիք» ՀԿ-ի, Այգեզարդում՝ ՏԻՄ-ի և մշակույթի կենտրոնի, Ռանչպարում՝ «Ապահով անկյուն» ՀԿ-ի, Կոտայքի մարզում՝ մարզպետարանի հետ։ Ծրագրի իրականացման արդյունքում արցախցի ութ դասապատրաստող ուսուցիչ աշխատանք են ստացել, իսկ նրանցից երկուսն այդ ընթաքում հիմնական աշխատանքի են անցել այն դպրոցներում, որտեղ ընդգրկված էին որպես դասապատրաստող։ Երկրորդը՝ ծրագրի միջոցով արցախցի երեխաների համար ստեղծվել է բարենպաստ միջավայր, որտեղ տեղահանված երեխան սկսել է վերականգնվել ու վերադարձել է դասապրոցես։
Ծրագրի ավարտին մի քանի առաջնահերթ խնդիրներ ստացել են իրենց լուծումը՝ դպրոցին ու դասերին ներգրավման, շփման, լեզվական հաղորդակցության։
Համայնքին երեխաների ինտեգրվելու հարցում, այդուհանդերձ, որոշիչ է դառնում ծնողների դիրքորոշումը։ Այստեղ դեր է խաղում հանգամանքը, թե ծնողն աշխատանք ունի՞, թե ընտանիքի կենսական կարիքները հոգալու համար հարկադրված կրկին տեղափոխության որոշում կկայացնի։ «Եթե ծնողն ասում է, որ առաջիկա մի քանի տարին իրենք այստեղ են լինելու, երեխան ավելի քան հանգիստ է։ Ցավոք, եթե ասում են, որ ուրիշ տեղ ենք գնալու, երկրից ենք գնալու, երեխան հայտնվում է հուզական անկայուն վիճակում, հետևաբար, հարմարվելու մասին խոսք լինել չի կարող»,-ասում է «Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ծրագրի» հոգեբան Լուսինե Աղաբեկյանը։
Արցախյան իրադարձություններից մեկ տարի էլ դեռ չի անցել, և դեռևս վաղ է եզրահանգումներ անել։ Սակայն, հոգեբանությունը համարում է, որ երեխաները ինքնավերականգնման ավելի մեծ ռեսուրս ունեն և ծնող-ուսուցիչ ճիշտ աշխատանքի դեպքում տարեցտարի արդյունքերը տեսանելի կլինեն,- եզրահանգում է հոգեբանը։