2014 թվականից ի վեր «ԿԱԶԱ» հիմնադրամը կազմակերպում է զբոսավարների շարունակական վերապատրաստման դասընթաց՝ նպաստելով ոլորտում առաջարկվող ծառայությունների որակի բարելավմանը։ Դասընթացի շրջանակում կազմակերպվում են հանդիպումներ տարբեր թեմաներով՝ արվեստի պատմություն, ճարտարապետություն, երկրաբանություն, տնտեսագիտություն, ազգագրություն և այլն։ Բանախոսները հիմնականում գիտնականներ են, պրոֆեսորներ, փորձագետներ, ովքեր Հայաստան են հրավիրվում հատուկ զբոսավարների շարունակական վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար։
Ծրագրի ծագումը
Զբոսավարի մասնագիտությունը մշտապես պահանջում է ձեռք բերված գիտելիքների ու հմտությունների վերանայում ու թարմացում։ Այս համատեքստում զբոսավարների շարունակական վերապատրաստումը զբոսաշրջության հաստատուն առաջընթացի երաշխիքն է։
Արդեն 6 տարի է, ինչ «ԿԱԶԱ» հիմնադրամը կազմակերպում է զբոսավարների շարունակական վերապատրաստման դասընթաց՝ այսպիսով նպաստելով ոլորտում առաջարկվող ծառայությունների որակի բարելավմանը։ Ծրագիրն իրականացվում է նոյեմբերից մարտն ընկած ժամանակահատվածում։ «2014 թվականից ի վեր՝ ամեն ձմեռ, զբոսավարներին հնարավորություն է տրվում մասնակցել շարունակական վերապատրասման դասընթացին, հանդիպել իրենց գործընկերներին, փոխանակվել փորձով ու կատարելագործվել»,-պատմում է ծրագրի հեղինակ և պատասխանատու Աննա Խալաֆյանը։
Ծրագրի հաջողությունը
Դասընթացի մասնակիցները 3-15 տարվա մասնագիտական փորձ ունեցող զբոսավարներ են, ովքեր փորձում են խորացնել իրենց գիտելիքները։ Դասընթացի շնորհիվ ձեռք բերված հմտությունները թույլ են տալիս մասնակիցներին զգալի առաջընթաց գրանցել իրենց մասնագիտական կյանքում։ Ինչպես հաստատում է Աննա Խալաֆյանը՝ «ԿԱԶԱ» հիմնադրամի «Զբոսավարների շարունակական վերապատրաստման» դասընթացը մեծ պահանջարկ ունի։ « Զբոսավարի մասնագիտությունը պարտադրում է սովորել ամեն օր՝ միաժամանակ խորացնելով արդեն իսկ ձեռք բերված գիտելիքները։ Զբոսավարներն, անշուշտ, իրենք էլ ուսումնասիրություններ են կատարում, սակայն գրքերում հանդիպած տեղեկությունները հաճախ հակասական են և երկիմաստ։ Սրանով էլ պայմանավորված է տարբեր ոլորտների մասնագետներին հանդիպելու ու այս կամ այն հարցի շուրջ նրանց տեսակետը լսելու անհրաժեշտությունը։ Մյուս կողմից էլ, զբոսաշրջությունը Հայաստանում զարգանում է՝ մեծացնելով զբոսավարների ու, հետևաբար, նման դասընթացների կարիքը »,- վստահեցնում է Աննան։
Դասընթացի ավարտին մասնակիցները գնահատում են ծրագիրն ու իրենց կարծիքը հայտնում բանախոսների, կազմակերպվածության ու դասընթացի հնարավոր բարելավումների մասին։ Նրանք նաև նշում են այն թեմաները, որոնց շուրջ կցանկանային բանախոսություններ լսել։ Այսպես կազմակերպիչներին հաջողվում է հնարավորինս համապատասխանեցնել ծրագիրը զբոսավարների պահանջներին։
Միջազգային համագործակցություններ
Ծրագրի շրջանակում ֆրանկոֆոն զբոսավարները պարբերաբար մասնակցում են միջազգային փորձագետների դասախոսություններին։ Օրինակ՝ 2019 թ․-ի փետրվարի 11-17-ը «ԿԱԶԱ» հիմանդրամի «Էսպաս» կենտրոնում Ֆրանսիայի Էքս-Մարսել համալսարանի դոկտոր Պատրիկ Տոնապետյանը անցկացրեց վարպետաց դասեր՝ նվիրված ճարտարապետական տերմինաբանության թարգմանությանը ։
Այլ հետաքրքիր հանդիպումներ էլ նախատեսված են սույն թվականի մարտ ամսին։ «ԿԱԶԱ»-ն կհյուրընկալի արվեստի պատմության և արվեստի սոցիոլոգիայի դոկտոր, Բոլոնիայի համալսարանի դասախոս, «Invitation au Savoir» ասոցիացիայի փոխտնօրեն Ալեն Նավարային: Դասախոսությունները կլինեն հետևյալ թեմաներով՝
- «Տարածաշրջանում զբոսաշրջային երթուղու ստեղծում և իրականացում», մարտի 1-ին, ժամը 15։00-ին Գյումրու ԿԱԶԱ կենտրոնում (Շահումյան 69, Գյումրի)
- «Բարոկկոյի արվեստ» մարտի 2-ին, ժամը՝ 14:00-16։00-ին, «Էսպաս» կենտրոնում ( Նալբանդյան 29, Երևան)
- ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ, ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՏԵՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ․ ծավալման նպատակներն ու առանցքները․ մարտի 5-ին՝ ժամը 18։00-ին, Ֆրանսիական համալսարանում (Դավիթ Անհաղթ 10, Երևան)