ԳՅՈՒՄՐԻ
Ֆրանկոֆոնիայի շունչը Գյումրիում․ մշակութային և կրթական զարգացող ծրագիր
2026 ուսումնական տարվա սկզբից մեկնարկել է «Ֆրանկոֆոնիայի խթանում» ծրագրի նոր փուլը։ Այն իրականացնում են ծրագրի պատասխանատու Աննա Ունուպողլյանը, թատրոնի ուսուցչուհիներ Լենա Գալստյանն ու Անահիտ Ղազարյանը, ինչպես նաև թատերական ծրագրի ֆրանսերենի ուսուցչուհի Սիրանուշ Վարդպարոնյանը։
Օգոստոսի վերջին ծրագրին միացել են երկու ֆրանսիացի կամավորներ։ Քվենտեն Բետտիոն, որը տասը ամսով քաղաքացիական ծառայություն է իրականացնում Ֆրանսիայի դեսպանության Ֆրանսիական ինստիտուտի շրջանակում, իր ժամանակը բաշխում է խորացված ֆրանսերեն ուսուցմամբ դպրոցների, Շիրակի համալսարանի և «ԿԱԶԱ»-ի միջև։ Էլզա Եղավյանը՝ ծագումով հայ կամավոր, որը ներգրավված է BrightRight Armenia կազմակերպության հետ համագործակցությամբ, դպրոցներում անցկացնում է աշխատարաններ՝ նախնական չորսամսյա առաքելության շրջանակում։ Քվենտեն Բետտիոյի պաշտոնական ընդունելությանը ներկա են եղել Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Ժյուլի Ֆորը և լեզվական ու մշակութային համագործակցության կցորդ Դոմինիկ Վեսը։
Դպրոցական համագործակցության զարգացում
Սեպտեմբերին, Շիրակի մարզպետարանի հետ քննարկումներից հետո, ծրագրային թիմն այցելել է 8 գործընկեր դպրոց՝ հանդիպելով դրանց ղեկավարություններին և ֆրանսերենի 12 ուսուցչուհիների։ Հանդիպումների նպատակն էր մշակել աշակերտների կարիքներին և դպրոցների ժամանակացույցին համապատասխան աշխատարաններ։
Թատրոնը՝ որպես ինքնարտահայտման միջոց․ «Մարտին Փաշայան» նախագիծ
Սեպտեմբերի կեսերից վերսկսվել են թատերական աշխատարանները, որոնց մասնակցում է 7-14 տարեկան 38 երեխա՝ բաժանված երեք խմբի։ Դրանք նպաստում են մասնակիցների ստեղծագործականության և ինքնավստահության զարգացմանը։
Ծրագրի կարևոր իրադարձություններից էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի այցը թիվ 10 դպրոց։ Նա ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա բեմադրված ներկայացմանը և բարձր գնահատել պատանի դերասանների լեզվական կարողություններն ու անկեղծ խաղը, ինչպես նաև «ԿԱԶԱ» հիմնադրամի և թիվ 10 դպրոցի արդյունավետ համագործակցությունը՝ ի հիշատակ Մարտին Փաշայանի։
Քննարկումներ և խաղային ուսուցում
Սեպտեմբերի վերջին անցկացված «Մշակութային սրճարանը» համախմբել է 16 մասնակցի՝ քննարկելու հետևյալ հարցը․ «Արդյո՞ք լեզուները բացահայտում են աշխարհի տարբեր ընկալումներ»։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հույզերի արտահայտմանը, քերականական կառուցվածքների ազդեցությանը մեր ընկալումների վրա և ինքնության ձևավորման գործում լեզվի դերին։
Միաժամանակ շաբաթական աշխատարանները 6-15 տարեկան 35 երեխաների և դեռահասների համար հնարավորություն են ստեղծում զարգացնելու ֆրանսերենի իմացությունը, բանավոր հաղորդակցման հմտություններն ու միջմշակութային բաց լինելը՝ խաղային և ինտերակտիվ մեթոդների միջոցով։
Թիմային աշխատանք՝ գնահատված մասնակիցների կողմից
Ծրագրի հաջողությունը հիմնված է «ԿԱԶԱ»-ի թիմի համատեղ աշխատանքի և նվիրվածության վրա։ Նախաձեռնությունների ազդեցությունն արտացոլվում է նաև մասնակիցների արձագանքներում։
Սեդա Մարտիրոսյան (ֆրանսերենի ուսուցչուհի). «Ինձ շատ դուր եկավ մշակութային սրճարանի ընթացքում մեջբերումների շուրջ քննարկումների ձևաչափը»։
Վարդուհի Մաթևոսյան (թատերական ծրագրի մասնակից). «Մենք անհամբերությամբ և մեծ ոգևորությամբ սպասում ենք թատերական աշխատարանների մեկնարկին, քանի որ համոզված ենք, որ դրանք լի են լինելու հետաքրքիր գործունեությամբ»։
Տաթև Չղրիկյան (Ազատան համայնքից աշխատարանների դեռահաս մասնակից). «Սա հիանալի հնարավորություն է ամրապնդելու ֆրանսերենի իմ գիտելիքները և կիրառելու լեզուն՝ բնիկ ֆրանսախոսին շփվելու և հետաքրքիր ու ինտերակտիվ աշխատանքներին մասնակցելու միջոցով։ Շնորհակալություն այս հնարավորության համար»։
Թատրոնի, քննարկումների և խաղային ուսուցման միջոցով Գյումրիում իրականացվող «Ֆրանկոֆոնիայի խթանում» ծրագիրը շարունակում է ամրապնդել մշակութային և մարդկային կապերը՝ ֆրանսերենի շուրջ։
ԵՐԵՎԱՆ
Աշնանային եռամսյակում «Ֆրանկոֆոնիայի խթանում» ծրագիրն իրականացրել է մի շարք կրթական և մշակութային նախաձեռնություններ՝ նպաստելով ֆրանսերենի գործնական կիրառությանը, միջմշակութային երկխոսությանը, ուսուցիչների համագործակցությանը և ֆրանկոֆոն միջավայրի ընդլայնմանը Հայաստանի տարբեր համայնքներում։ Ծրագրային թիմը՝ Գայանե Հայրապետյանի և Լուսինե Սաղաթելյանի մասնակցությամբ, համատեղել է դպրոցական աշխատանքը, հանրային քննարկումները, գրադարանային և միջբուհական ու միջդպրոցական համագործակցությունը։
Աշխատարաններ դպրոցներում՝ ֆրանսիացի կամավորների մասնակցությամբ
Սեպտեմբերից նոյեմբեր մեր երեք ֆրանսիացի կամավորները՝ Կարմեն Դարգյովը, Սեսիլ Լառումեն և Ժյուլիետ Գրանսոնը, 5 դպրոցում իրականացրել են դերային խաղեր, երկխոսություններ, ընթերցանության և խաղային աշխատանքներ՝ զարգացնելով աշակերտների բանավոր խոսքը։ Ծրագրի շրջանակում ներգրավվել է շուրջ 1300 աշակերտ, գործում է նաև ֆրանկոֆոն ակումբ, իսկ ավագ դպրոցում անցկացվում են ֆրանսերենով մասնագիտական կողմնորոշման քննարկումներ։
«Ֆրանկոֆոնիայի ճանապարհը» կրթական սեղանի խաղ
«ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և L’Œuvre d’Orient-ի աջակցությամբ ստեղծված «Le chemin de la Francophonie» խաղը (A1–B2 մակարդակներ) փորձարկվել է Երևանում, Գյումրիում, Արտաշատում, Գորիսում և Մասիսում՝ ներգրավելով ավելի քան 100 աշակերտի։ Լեզվական և մշակութային առաջադրանքների միջոցով խաղն օգնել է հաղթահարել ֆրանսերենով հաղորդակցվելու կաշկանդվածությունը և զարգացնել թիմային աշխատանքը։
«Ֆրանկոֆոն տարածք. ժառանգություն, ինքնություն և պատկանելիություն փոփոխվող աշխարհում» կոնֆերանս
Հոկտեմբերի 6-ին անցկացված միջոցառումը համախմբել է շուրջ 200 մասնակցի՝ պետական կառույցներից, դիվանագիտական կորպուսից, ՀԿ-ներից և կրթական ոլորտից, այդ թվում՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Քննարկվել են մշակութային ժառանգության, Մատենադարանի և հայկական ձեռագրերի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) առաքելության և հանրային դիվանագիտության հարցերը։ Կոնֆերանսին ելույթ է ունեցել ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը, իսկ «Վասիլի Կանդինսկի» լարային քառյակը կատարել է Կոմիտասի ստեղծագործությունները։
Համագործակցություն ֆրանսերենի ուսուցիչների հետ և մասնակցություն JIPF 2026-ին
Ուսուցիչների 20 մասնակցությամբ հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական խաղերի և գործիքների տարածման, փորձի փոխանակման ու հետագա սեմինարների կազմակերպման հարցերը։ Նոյեմբերի 19-ին ԵՊՀ մարզադահլիճում «ԿԱԶԱ»-ն գործընկեր է եղել «JIPF 2026 Հայաստան – Խաղանք միասին» միջոցառմանը։ Շուրջ 10 ուսուցիչ ներկայացրել է կրթական և մշակութային խաղեր, իսկ մոտ 80 ուսուցիչ հետաքրքրություն է հայտնել դրանց կիրառման և ձեռքբերման նկատմամբ։
Համագործակցություն գրադարանների և կրթական հաստատությունների հետ
OIF-ի նախաձեռնությամբ իրականացվող ELFE-ների աշխուժացման և Երևանի երեք գրադարանների ու Գեղարքունիքի մարզային գրադարանի ցանցի ընդլայնման շրջանակում թիմը ներկայացրել է ընթերցանության ակումբների խաղային կազմակերպման մեթոդներ։ Հանդիպում է կայացել նաև Հայաստանի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական լիցեյի տնօրեն Մուրադ Շիխի հետ՝ համատեղ ընթերցանության ակումբների հնարավորությունները քննարկելու նպատակով։
Արձագանքներ և տպավորություններ
Մասնակիցներն ու գործընկերները դրական են գնահատել նախաձեռնությունների կազմակերպումը, կենդանի շփման և խաղային մեթոդների արդյունավետությունը։ Ուսուցիչների կարծիքով՝ բնիկ ֆրանսախոսների հետ շփումը նպաստում է բանավոր խոսքի զարգացմանը, իսկ «Ֆրանկոֆոնիայի ճանապարհը» խաղն օգնում է աշակերտներին հաղթահարել սխալվելու վախը և ավելի ակտիվ հաղորդակցվել ֆրանսերենով։ Կոնֆերանսի մասնակիցներն ընդգծել են նաև մշակութային երկխոսության և ինքնության շուրջ նման հանդիպումների շարունակականության կարևորությունը։





