Փետրվարի 15-ին Երևանի պետական կամերային թատրոնում կայացան ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության կողմից նախաձեռնված «Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլն ու մրցանակների հանձնման արարողությունը: « Երիտասարդական աշխատող » անվանակարգում առաջադրված երեք թեկնածուների թվում էր նաև « ԿԱԶԱ » հիմնադրամի տնօրեն Անահիտ Մինասյանը…
Հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանում, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության բարձրացում. ահա թե ինչին է ցանկանում նպաստել Նախարարությունն այս ծրագրով՝ խրախուսելով 2016թ. իրենց գործունեությամբ և հաջողություններով աչքի ընկած շնորհալի երիտասարդներին ու երիտասարդական խմբերին, մրցանակի միջոցով արժևորելով նրանց ձեռքբերումները: 10 անվանակարգերում – երիտասարդ բժիշկ, գյողատնտես, գիտնական, մշակութային գործիչ, մարզիկ, հայրենադարձ, գործարար, բնապահպան, հայրենիքի պաշտպան և վերջապես, երիտասարդական աշխատող – առաջադրված երիտասարդներին նախարարությունն ընտրել էր այլ նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ:
«Երիտասարդական աշխատող» անվանակարգում ներկայացված երեք թեկնածուներն էլ ոլորտի ամենակարկառուն ներկայացուցիչների թվում էին՝ Արթուր Նաջարյան, Կարեն Այվազյան, Անահիտ Մինասյան: Այունամենայնիվ, տեղում կազմակերպված բաց և թափանցիկ քվեարկության արդյունքում 2016 թ. « Երիտասարդական աշխատող » ճանաչվեց Անահիտ Մինասյանը: Պետական ամենաբարձր մակարդակով այս ճանաչումը վերաբերում է մեր Հիմնադրամի ողջ աշխատակազմին ու գործունեությանը և մեծ հպարտության առիթ է բոլորիս համար: Միևնույն ժամանակ, այն դրդում է մեզ անելու ավելին՝ ի նպաստ Հայաստանի երիտասարդների: Ուրեմն, ի գո՜րծ: