Ծրագրերի ղեկավար
Լինելով կրթությամբ հոգեբան՝ Զարուհին մասնագիտական շրջանակներում հայտնի է որպես ֆորմալ կրթության՝ տեղական և միջազգային հարուստ փորձ ունեցող մեթոդաբան և ուսուցանող։ «ԿԱԶԱ»-ի տարբեր կրթական ծրագրերում պարբերաբար որպես դասընթացավար և փորձագետ հանդես գալուց հետո Զարուհին նախ ստանձնեց հիմնադրամի հեռավար ուսուցման ծրագրի համակարգումը, իսկ 2020թ․ ի վեր նրան վստահվեց ծրագրերի ընդհանուր ղեկավարումը։
Դրանից զատ Զարուհին զբաղվում է նաև նոր համագործակցությունների փնտրտուքով, ֆոնդհայթայթմամբ, ոլորտային ուսումնասիրությունների իրականացմամբ, զարգացման նոր հնարավորությունների բացահայտմամբ։ «Հիմնադրամը միշտ եղել է ավանգարդում աշխատելու կողմնակից, ինչը թույլ է տալիս չվախենալ փորձարկումներից ու նորարարություններից»,- նկատում է նա։ «Աշխատանքս ավելի լավ ապագա կերտելու, երազելու, անհնարինի սահմանը ընդլայնելու, շփվելու, ոգեշնչվելու, երևույթների խորքը նայելու բացառիկ հնարավորություն է տալիս»,- նշում է Զարուհին։ «Ինձ բախտ է վիճակվել հնարավորություն ունենալ իմ շրջապատում մի բան փոխել, ինչը նշանակում է՝ ես ունեմ կարողություններս դրական փոփոխությունների ծառայեցնելու պարտավորություն։ Իմ աշխատանքում ես միշտ փորձում եմ բարդությունները դարձնել մարտահրավեր և գտնել լուծումներ։ Դե իսկ հնարավորություն ունենալ ամեն օր աշխատել համախոհների հետ, որոնք չեն զլանում անել հնարավորն ու անգամ անհնարինը, իրենց սիրտն են ներդնում, հավատում են, որ աշխատանքը բերում է փոփոխություն մյուսների կյանքում, ուղղակի երջանկություն է»,- հավելում է նա։
Աշխատանքից դուրս Զարուհին ուժ է ստանում ճամփորդելուց, ընտանիքի ու ընկերների հետ շփումից, երաժշտություն լսելուց, կրթական խաղեր ուսումնասիրելուց։
«Համոզված եմ, որ համայնքը սկսվում է մեզնից յուրաքանչյուրից, ինչպես համոզված եմ, որ երիտասարդներն են այն շարժիչ ուժը, որոնք կարող են և պետք է նախաձեռնեն դրական փոփոխություններ: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ իրականացնելու այնպիսի ծրագիր, որը միտված է իսկապես փոխելու իմ Հայաստանը և այն մի փոքր ավելի լավը դարձնելու մեր և մեր երեխաների համար:»,- նշում է Վահրամը:
«ԿԱԶԱ»-ն Վահրամի համար առաջին հերթին այն ամբողջ թիմն է, որի հետ ամեն օր աշխատում է. հատկապես գնահատում է նրանց սերը, նվիրվածությունը, թիմային ուժն ու մարդկային արժեքները: Իսկ աշխատանքից դուրս սիրում է ժամանակ անցկացնել ընտանիքի հետ բնության գրկում, քանի որ ընտանիք-բնություն համադրությունն այն միջավայրն է, որում, իր խոսքերով, իսկապես կարողանում է լիցքավորվել:
«Էսպաս» կենտրոնի վարչական պատասխանատու
Մասնագիտությամբ ֆրանսագետ Ամալյան միացել է հիմնադրամի թիմին 2017թ․ սկզբին։ Կազմակերպչական և համակարգման տարատեսակ գործառույթներից բացի նա նաև «Էսպաս»-ի «պատմագիրն» է և հիշողությունը․ Ամալյան է կազմում բոլոր ժողովների արձանագրությունները, որոնք թույլ են տալիս պահպանել և փոխանցել հիմնադրամի գործունեության ընթացիկ բոլոր մանրամասները։
«Համոզված եմ, որ ակտիվ երիտասարդությունը կարող է ստեղծել պայծառ ապագա, և դա արդեն մոտիվացնում է ավելի հաճույքով աշխատել, մանավանդ՝ նման բազմամշակութային հետաքրքիր միջավայրում»,- նշում է Ամալյան՝ կարևոր համարելով «ԿԱԶԱ»-ի մարդասիրական բազմաոլորտ առաքելության մեջ սեփական լուման ներդնելու գիտակցումը։
Իսկ աշխատանքից դուրս ողջ ժամանակը տրամադրում է որդիներին․ այլ կերպ ասած՝ զբաղվում է նվազագույնը և՛ սպորտով, և՛ մանկավարժությամբ։
Քաղաքացիական կրթության ծրագիր
Վահեն, ծնվելով Սիրիայում, պատանեկության ու ուսման տարիներն անց է կացրել Հայաստանում։ «ԿԱԶԱ»-ում ներգրավվել է նախ որպես «Միացի՛ր համայնքին» ծրագրի (ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագիր) կամավոր, այնուհետև՝ 2022 թվականից «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ, Ինովարիում 3» ծրագրում որպես դասընթացավար-մենթոր, իսկ 2022 թվականի օգոստոսից հանդիսանում է Երիտասարդական խմբերի համակարգող «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» քաղաքացիական կրթության ծրագրում։
Հիմնադրամում Վահեն հատկապես գնահատում է մարզակենտրոնությունը. «44-օրյա պատերազմը ստիպեց ներքին վերանայումներ ու վերարժեվորումներ ունենալ, որի շնորհիվ լիարժեք սկսեցի հասկանալ հատկապես մեր գյուղերի դերն ու նշանակությունը երկրի առողջության ու ամրության պահպանման գործում, իսկ «ԿԱԶԱ»-ի քաղաքացիական կրթության ծրագիրն իր գրեթե բոլոր բաղադրիչներով նպաստում է հենց դրան՝ կրթության միջոցով»։ «Թիմը և պայմանները առավելագույնս նպաստում են, որպեսզի աշխատանքս գերնվիրված ու գերթեթև եղանակով իրականացնեմ։ Ունեմ սեփական ստեղծարար մոտեցումս առաջ քաշելու հնարավորություն, գրասենյակում աշխատելով՝ սահմանափակված չեմ չորս պատերով․․․»։
«ԿԱԶԱ»-ից դուրս Վահեն սիրում է սովորել օտար լեզուներ, զբաղվել մասնագիտական ընթերցանությամբ և մասնագիտական վերլուծություններով, հանդիպել ընկերներին, լուսանկարել մեծամասամբ ճարտարապետական կոթողներ և բնապատկերներ, կատարել մարզային տարբեր սոցիալական խմբերի համար դասընթացավարման կամ մենթորային հանդիպումներ։
Սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատոր
Ագրոբիզնեսի և շուկայաբանության մագիստրոսի աստիճան ունեցող Լուսինեին «ԿԱԶԱ» բերեց նախ Հայաստանում ապաստան գտած սիրիահայ փախստականներին կամավորության միջոցով ծառայելու ցանկությունը։ 2014թ․ Լուսինեն արդեն համալրեց հիմնադրամի աշխատանքային թիմը և մինչև 2019թ․ համակարգում էր տեղահանված անձանց՝ կրթության միջոցով տնտեսական ներգրավմանն ուղղված ծրագիրը։ Ավելին՝ այս ընթացքում Լուսինեն հասցրել է առավել հմտանալ՝ ստանալով սոցիալական աշխատողի որակավորում։ 2021 թվականից Լուսինեն ստանձնել է Սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատոր-ծրագրի պատասխանատուի պարտականությունները․
«Կարևոր եմ համարում կրթության միջոցով երկարաժամկետ ներդրում և իրական ազդեցություն ունենալու փաստը շահառուների կյանքում։ Ես բարձր եմ գնահատում հնարավորությունը` իմ գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու արցախյան պատերազմից տուժած մարդկանց»,- նշում է Լուսինեն՝ խոսելով հիմնադրամում իր գործունեության մասին։
Իսկ դրանից դուրս նա մասնակցում է արշավների, սովորում արևելյան պարեր ու խնամում իր բնակարանի 60-ից ավելի բույսերը (որոնցից որոշներ հանգրվան են գտել հիմնադրամի «Էսպաս» կենտրոնում)՝ միևնույն ժամանակ ջանալով զարգացնել երկրում «կանաչ մտածողությունն» ու քաղաքային այգեգործությունը «Էկոմոտիվ» սոցիալական ձեռներեցության ծրագրի միջոցով։
ՄԱԿ ՓԳՀ Թեժ գծի գործարկում
Քաղաքագետի և անգլերենի մասնագետի, ապա նաև կրտսեր ֆինանսիստի որակավորումներ ունեցող Մարինեն «Էսպաս»-ի ամենաերկարամյա աշխատակիցն է, որն ականատես և մասնակից է եղել կենտրոնի գործունեության զարգացմանը։ Տարիների ընթացքում իրականացնելով տարատեսակ գործառույթներ՝ վերջին տարիներին նա մասնավորապես համակարգում էր ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագիրը՝ ուղղված տեղահանված անձանց ինտեգրմանը Հայաստանում կրթության և կենսապայմանների բարելավման միջոցով։ Այժմ հանդիսանում է «ՄԱԿ ՓԳՀ թեժ գծի գործարկում» ծրագրի պատասխանատու:
«Բարեփոխել համերկրացիներիս կենսապայմանները, խթանել դրական մտածողություն և նախաձեռնողություն, հավատ սերմանել վաղվա ավելի լավ ապագայի նկատմամբ, նպաստել գրագետ և մտածող սերնդի ու քաղաքացիական հասարակության կայացմանը»․ ահա այն նպատակները, որոնք Մարինեի համար եղել և մնում են հիմնադրամում նրա համակարգած բոլոր ծրագրերի հիմքում։
Իսկ հիմնադրամից դուրս կյանքը գունեղ ու բազմազան են դարձնում նկարչությունը, յոգան և դրանց տարրերը միավորող սեփական բիզնեսի առաջխաղացումը։
ՄԱԿ ՓԳՀ Թեժ գծի գործարկում, օպերատոր
Մասնագիտությամբ ֆրանսերենի դասավանդող, մանկավարժ Գայանեն մինչ «ԿԱԶԱ»-ում աշխատանքի անցնելը, ավելի քան տանսերկու տարի աշխատել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանատանը՝ որպես դեսպանի օգնական։ Գայանեի առաջին ծանոթությունը «ԿԱԶԱ»-ի հետ եղել է նախ՝ «Ֆրանսախոսների ակումբի», այնուհետև՝ «Զբոսավարների պատրաստման դասընթացի» միջոցով. «Յուրաքանչյուր չորեքշաբթի մեծ հաճույքով հաճախում էի «Էսպաս» կենտրոնի ֆրանսախոսների ակումբ։ Մասնակցել եմ նաև Զբոսավարների պատրաստման դասընթացին։ Միշտ հիացել եմ, թե ինչպես են «ԿԱԶԱ»-ի աշխատակիցները ժպիտով, համերաշխ ու բարեխիղճ կատարում իրենց աշխատանքը»։
2022 թվականի հունվարից Գայանեն միացավ «ԿԱԶԱ»-ի թիմին՝ որպես «ՄԱԿ ՓԳՀ Թեժ գծի գործարկում» ծրագրի օպերատոր։ «Սիրում եմ աշխատանքս և այն կատարում եմ մոտիվացիայի մեծ չափաբաժնով, քանի որ այս աշխատանքի հիմքում հումանիզմն է։ Երազում եմ, որ այլևս չլինեն աշխարհում փախստականներ, տեղահանվածներ և որ յուրաքանչյուրն ապրի խաղաղ իր երկրում․․․»։
Աշխատանքից դուրս սիրում է ընտանիքի հետ ճամփորդել, բացահայտել նոր երկրներ և քաղաքներ, ինչպես նաև պատրաստել տարբեր հետաքրքրաշարժ տեսանյութեր՝ իր երեխաների մասնակցությամբ։
Զբոսավարների պատրաստման դասընթաց
Մասնագիտությամբ զբոսավար և թարգմանիչ Լուսինեն «ԿԱԶԱ»-ի՝ զբոսավարների պատրաստման դասընթացի համակարգումը ստանձնել է 2015թ․։ «Հստակ պատկերացնելով զբոսավարի դերը՝ ինձ հաճույք է պատճառում այն միտքը, որ կարող եմ զբոսավարության ոլորտն ավելի արհեստավարժ դարձնելու և ընդհանրապես՝ Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու գործում ունենալ փոքրիկ դերակատարություն»,- նշում է Լուսինեն։
Հիմնադրամի աշխատաոճում նա ամենաշատը գնահատում է ինքնուրույն և ստեղծագործ աշխատանքի հնարավորությունը։ Իսկ ազատ ժամանակ զբաղվում է ճարտարապետության, գեղանկարչության ուսումնասիրությամբ ու ընթերցանությամբ, հանգստյան օրերին էլ առավել սիրում է բնության գրկում ժամանակ անցկացնել դուստրերի հետ՝ անկախ եղանակից։
Հեռավար կրթական ծրագրեր
Արմինեն 2020թ․ ամռանից համակարգում է հիմնադրամի առցանց ուսուցման միջծրագրային բաղադրիչը և «Պարադիգմա» հիմնադրամի հետ համագործակցությամբ նախաձեռնած «Իմաստունի» կրթական հայալեզու առցանց ալիքը ուսուցանողների համար։ Եվ ոչինչ այստեղ պատահական կամ ինքնանպատակ չէ․ կրթությունը, մարդաբանությունը, մշակութային ինքնությունն ու ստեղծարարությունն իր թուլությունները համարող Արմինեի համար դեպի ինքնություն գնալու ուղիներից մեկն էլ հենց կրթությունն է՝ լայն իմաստով։ Ուստի առավել քան գնահատում է «ԿԱԶԱ»-ում իր գործունեության ընձեռած հնարավորությունները, այն է՝ «բարդ հարցերի մասին խոսել պարզ լեզվով, լինել կրթության, այսինքն՝ ապագայի սրտում ու համախոհ թիմում, հավատալ ու ստեղծագործել»:
Իսկ աշխատանքից զատ Արմինեն աշխատում է հոգեբանության ոլորտում իր թեկնածուական ատենախոսության վրա, նաև շատ է սիրում ճամփորդել՝ ֆիզիկապես և ոչ միայն, երկխոսել տիեզերքի հետ, խաղալ ու հորինել, որովհետև համարում է, որ հեքիաթներն իրական են և խորապես հավատում՝ «Աշխարհը մենք ենք ստեղծում՝ մեզնով»։
Առցանց ուսուցում
Առաջին մասնագիտությամբ ճարտարագետ-տեխնոլոգ Գայանեն 2006թ. ի վեր զբաղվում է համակարգչային ցանցերով ու ծրագրավորմամբ: Հիմնադրամի թիմին միացել է 2015թ.: Նա է ապահովում «ԿԱԶԱ»-ի համակարգչային ցանցի բնականոն աշխատանքը, ուսուցման հարթակի տեխնիկական աջակցությունը, հիմնադրամի կայքի տեխնիկապես պատշաճ ներկայացումը:
«Աշխատանքս շատ եմ սիրում, քանզի այն թույլ չի տալիս տեղում մնալ, ստիպում է քեզ միշտ զարգանալ, պրպտումների մեջ լինել, ջահել մնալ»,- նշում է Գայանեն, ով հավատում է, որ ոչ մի հանդիպում կյանքում հենց այնպես չի տրվում, այդ թվում իր՝ «ԿԱԶԱ»-ի թիմի մաս կազմելը:
Հիմնադրամում գնահատում է վստահությունն իր ու իր կատարած գործի նկատմամբ, ինչպես նաև աշխատանքում տրվող ազատությունը, ինչը ստիպում է իրեն առավել պատասխանատու և պարտաճանաչ լինել:
Իսկ աշխատանքից զատ սիրում է ընթերցել, ընկերուհիների հետ ճամփորդել Հայաստանով մեկ և, իհարկե, ապրել սիրելի որդու հետաքրքրություններով: