Ծրագրերի ղեկավար
Լինելով կրթությամբ հոգեբան՝ Զարուհին մասնագիտական շրջանակներում հայտնի է որպես ֆորմալ կրթության՝ տեղական և միջազգային հարուստ փորձ ունեցող մեթոդաբան և ուսուցանող։ «ԿԱԶԱ»-ի տարբեր կրթական ծրագրերում պարբերաբար որպես դասընթացավար և փորձագետ հանդես գալուց հետո Զարուհին նախ ստանձնեց հիմնադրամի հեռավար ուսուցման ծրագրի համակարգումը, իսկ 2020թ․ ի վեր նրան վստահվեց ծրագրերի ընդհանուր ղեկավարումը։
Դրանից զատ Զարուհին զբաղվում է նաև նոր համագործակցությունների փնտրտուքով, ֆոնդհայթայթմամբ, ոլորտային ուսումնասիրությունների իրականացմամբ, զարգացման նոր հնարավորությունների բացահայտմամբ։ «Հիմնադրամը միշտ եղել է ավանգարդում աշխատելու կողմնակից, ինչը թույլ է տալիս չվախենալ փորձարկումներից ու նորարարություններից»,- նկատում է նա։ «Աշխատանքս ավելի լավ ապագա կերտելու, երազելու, անհնարինի սահմանը ընդլայնելու, շփվելու, ոգեշնչվելու, երևույթների խորքը նայելու բացառիկ հնարավորություն է տալիս»,- նշում է Զարուհին։ «Ինձ բախտ է վիճակվել հնարավորություն ունենալ իմ շրջապատում մի բան փոխել, ինչը նշանակում է՝ ես ունեմ կարողություններս դրական փոփոխությունների ծառայեցնելու պարտավորություն։ Իմ աշխատանքում ես միշտ փորձում եմ բարդությունները դարձնել մարտահրավեր և գտնել լուծումներ։ Դե իսկ հնարավորություն ունենալ ամեն օր աշխատել համախոհների հետ, որոնք չեն զլանում անել հնարավորն ու անգամ անհնարինը, իրենց սիրտն են ներդնում, հավատում են, որ աշխատանքը բերում է փոփոխություն մյուսների կյանքում, ուղղակի երջանկություն է»,- հավելում է նա։
Աշխատանքից դուրս Զարուհին ուժ է ստանում ճամփորդելուց, ընտանիքի ու ընկերների հետ շփումից, երաժշտություն լսելուց, կրթական խաղեր ուսումնասիրելուց։
«Համոզված եմ, որ համայնքը սկսվում է մեզնից յուրաքանչյուրից, ինչպես համոզված եմ, որ երիտասարդներն են այն շարժիչ ուժը, որոնք կարող են և պետք է նախաձեռնեն դրական փոփոխություններ: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ իրականացնելու այնպիսի ծրագիր, որը միտված է իսկապես փոխելու իմ Հայաստանը և այն մի փոքր ավելի լավը դարձնելու մեր և մեր երեխաների համար:»,- նշում է Վահրամը:
«ԿԱԶԱ»-ն Վահրամի համար առաջին հերթին այն ամբողջ թիմն է, որի հետ ամեն օր աշխատում է. հատկապես գնահատում է նրանց սերը, նվիրվածությունը, թիմային ուժն ու մարդկային արժեքները: Իսկ աշխատանքից դուրս սիրում է ժամանակ անցկացնել ընտանիքի հետ բնության գրկում, քանի որ ընտանիք-բնություն համադրությունն այն միջավայրն է, որում, իր խոսքերով, իսկապես կարողանում է լիցքավորվել:
«Էսպաս» կենտրոնի վարչական պատասխանատու
Մասնագիտությամբ ֆրանսագետ Ամալյան միացել է հիմնադրամի թիմին 2017թ․ սկզբին։ Կազմակերպչական և համակարգման տարատեսակ գործառույթներից բացի նա նաև «Էսպաս»-ի «պատմագիրն» է և հիշողությունը․ Ամալյան է կազմում բոլոր ժողովների արձանագրությունները, որոնք թույլ են տալիս պահպանել և փոխանցել հիմնադրամի գործունեության ընթացիկ բոլոր մանրամասները։
«Համոզված եմ, որ ակտիվ երիտասարդությունը կարող է ստեղծել պայծառ ապագա, և դա արդեն մոտիվացնում է ավելի հաճույքով աշխատել, մանավանդ՝ նման բազմամշակութային հետաքրքիր միջավայրում»,- նշում է Ամալյան՝ կարևոր համարելով «ԿԱԶԱ»-ի մարդասիրական բազմաոլորտ առաքելության մեջ սեփական լուման ներդնելու գիտակցումը։
Իսկ աշխատանքից դուրս ողջ ժամանակը տրամադրում է որդիներին․ այլ կերպ ասած՝ զբաղվում է նվազագույնը և՛ սպորտով, և՛ մանկավարժությամբ։
Սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատոր
Ագրոբիզնեսի և շուկայաբանության մագիստրոսի աստիճան ունեցող Լուսինեին «ԿԱԶԱ» բերեց նախ Հայաստանում ապաստան գտած սիրիահայ փախստականներին կամավորության միջոցով ծառայելու ցանկությունը։ 2014թ․ Լուսինեն արդեն համալրեց հիմնադրամի աշխատանքային թիմը և մինչև 2019թ․ համակարգում էր տեղահանված անձանց՝ կրթության միջոցով տնտեսական ներգրավմանն ուղղված ծրագիրը։ Ավելին՝ այս ընթացքում Լուսինեն հասցրել է առավել հմտանալ՝ ստանալով սոցիալական աշխատողի որակավորում։ 2021 թվականից Լուսինեն ստանձնել է Սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատոր-ծրագրի պատասխանատուի պարտականությունները․
«Կարևոր եմ համարում կրթության միջոցով երկարաժամկետ ներդրում և իրական ազդեցություն ունենալու փաստը շահառուների կյանքում։ Ես բարձր եմ գնահատում հնարավորությունը` իմ գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու արցախյան պատերազմից տուժած մարդկանց»,- նշում է Լուսինեն՝ խոսելով հիմնադրամում իր գործունեության մասին։
Իսկ դրանից դուրս նա մասնակցում է արշավների, սովորում արևելյան պարեր ու խնամում իր բնակարանի 60-ից ավելի բույսերը (որոնցից որոշներ հանգրվան են գտել հիմնադրամի «Էսպաս» կենտրոնում)՝ միևնույն ժամանակ ջանալով զարգացնել երկրում «կանաչ մտածողությունն» ու քաղաքային այգեգործությունը «Էկոմոտիվ» սոցիալական ձեռներեցության ծրագրի միջոցով։
Ժողովրդավարության խթանում արվեստի միջոցով
Նվարդն իր ուղին «ԿԱԶԱ»-ում սկսել է 2019թ․՝ նախ որպես այլազգի տեղահանված անձանց ուղղված ծրագրի կամավոր․ մարդու իրավունքների և դեմոկրատիզացիայի հարցերում մասնագիտացած նորավարտ մագիստրոսի սրտին այս խնդիրն առավել քան հոգեհարազատ էր։ Կամավորական ծրագիրն ավարտին էր մոտենում, իսկ Նվարդը սկսում էր գիտակցել, որ դժվար է լինելու կտրվել հիմնադրամից ու «Հատուկ Կացարան»-ի բնակիչների հետ իր շփումներից, երբ պատահաբար տեղեկանում է «ԿԱԶԱ»-ում թափուր հաստիքի առկայության մասին հենց նույն ծրագրի պատասխանատուի, որում ներգրավված էր։ Դե իսկ կամավորության ընթացքում նրա ցուցաբերած նվիրումը փախստականների խնդիրներին ու մասնագիտական հմտություններն անում են մնացածը․ Նվարդը միանում է «ԿԱԶԱ»-ի թիմին, որի յուրաքանչյուր անդամի անկեղծորեն գնահատում է։
Այսօր Նվարդը համակարգում է արվեստի միջոցով ժողովրդավարության խթանմանը միտված ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից և նպատակ ունի բարձրացնել երիտասարդների իրազեկման մակարդակը սեփական իրավունքների, ինչպես նաև իրենց համայնքներում որոշումների կայացման գործընթացներին մասնակցության վերաբերյալ՝ այլ երիտասարդների կողմից ստեղծված արվեստի գործերի միջոցով։ «Մարդկությանը և մարդկային ներուժին հավատալն ինձ համար շարժիչ ուժ է: Երիտասարդների հետ աշխատանքն ինձ թույլ է տալիս այդ ներուժի բացահայտման մասը դառնալ, իսկ «ԿԱԶԱ»-ն հենց զարգացման համար անհրաժեշտ միջավայրն է ստեղծում երիտասարդների համար»,- նշում է Նվարդը։
Իսկ աշխատանքից զատ նա սիրում է այցելել թանգարաններ, մասնակցել մշակութային միջոցառումների, ոգեշնչվել արվեստին մոտ մարդկանցով:
ՄԱԿ ՓԳՀ Թեժ գծի գործարկում
Քաղաքագետի և անգլերենի մասնագետի, ապա նաև կրտսեր ֆինանսիստի որակավորումներ ունեցող Մարինեն «Էսպաս»-ի ամենաերկարամյա աշխատակիցն է, որն ականատես և մասնակից է եղել կենտրոնի գործունեության զարգացմանը։ Տարիների ընթացքում իրականացնելով տարատեսակ գործառույթներ՝ վերջին տարիներին նա մասնավորապես համակարգում էր ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագիրը՝ ուղղված տեղահանված անձանց ինտեգրմանը Հայաստանում կրթության և կենսապայմանների բարելավման միջոցով։ Այժմ հանդիսանում է «ՄԱԿ ՓԳՀ թեժ գծի գործարկում» ծրագրի պատասխանատու:
«Բարեփոխել համերկրացիներիս կենսապայմանները, խթանել դրական մտածողություն և նախաձեռնողություն, հավատ սերմանել վաղվա ավելի լավ ապագայի նկատմամբ, նպաստել գրագետ և մտածող սերնդի ու քաղաքացիական հասարակության կայացմանը»․ ահա այն նպատակները, որոնք Մարինեի համար եղել և մնում են հիմնադրամում նրա համակարգած բոլոր ծրագրերի հիմքում։
Իսկ հիմնադրամից դուրս կյանքը գունեղ ու բազմազան են դարձնում նկարչությունը, յոգան և դրանց տարրերը միավորող սեփական բիզնեսի առաջխաղացումը։
Զբոսավարների պատրաստման դասընթաց
Մասնագիտությամբ զբոսավար և թարգմանիչ Լուսինեն «ԿԱԶԱ»-ի՝ զբոսավարների պատրաստման դասընթացի համակարգումը ստանձնել է 2015թ․։ «Հստակ պատկերացնելով զբոսավարի դերը՝ ինձ հաճույք է պատճառում այն միտքը, որ կարող եմ զբոսավարության ոլորտն ավելի արհեստավարժ դարձնելու և ընդհանրապես՝ Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու գործում ունենալ փոքրիկ դերակատարություն»,- նշում է Լուսինեն։
Հիմնադրամի աշխատաոճում նա ամենաշատը գնահատում է ինքնուրույն և ստեղծագործ աշխատանքի հնարավորությունը։ Իսկ ազատ ժամանակ զբաղվում է ճարտարապետության, գեղանկարչության ուսումնասիրությամբ ու ընթերցանությամբ, հանգստյան օրերին էլ առավել սիրում է բնության գրկում ժամանակ անցկացնել դուստրերի հետ՝ անկախ եղանակից։
Հեռավար կրթական ծրագրեր
Արմինեն 2020թ․ ամռանից համակարգում է հիմնադրամի առցանց ուսուցման միջծրագրային բաղադրիչը և «Պարադիգմա» հիմնադրամի հետ համագործակցությամբ նախաձեռնած «Իմաստունի» կրթական հայալեզու առցանց ալիքը ուսուցանողների համար։ Եվ ոչինչ այստեղ պատահական կամ ինքնանպատակ չէ․ կրթությունը, մարդաբանությունը, մշակութային ինքնությունն ու ստեղծարարությունն իր թուլությունները համարող Արմինեի համար դեպի ինքնություն գնալու ուղիներից մեկն էլ հենց կրթությունն է՝ լայն իմաստով։ Ուստի առավել քան գնահատում է «ԿԱԶԱ»-ում իր գործունեության ընձեռած հնարավորությունները, այն է՝ «բարդ հարցերի մասին խոսել պարզ լեզվով, լինել կրթության, այսինքն՝ ապագայի սրտում ու համախոհ թիմում, հավատալ ու ստեղծագործել»:
Իսկ աշխատանքից զատ Արմինեն աշխատում է հոգեբանության ոլորտում իր թեկնածուական ատենախոսության վրա, նաև շատ է սիրում ճամփորդել՝ ֆիզիկապես և ոչ միայն, երկխոսել տիեզերքի հետ, խաղալ ու հորինել, որովհետև համարում է, որ հեքիաթներն իրական են և խորապես հավատում՝ «Աշխարհը մենք ենք ստեղծում՝ մեզնով»։
Առցանց ուսուցում
Մարինեն «Էսպաս» կենտրոնում աշխատում է 2014թ․-ից ի վեր։ Ընդունվելով նախ որպես գործավարուհի՝ 2016թ․-ից նա միացել է հիմնադրամի առցանց ուսուցման թիմին։ Որպես «ԿԱԶԱ»-ի առցանց հարթակի պատասխանատու՝ Մարինեի գլխավոր առաքելությունն է վերջինս օգտատերերի համար դարձնել հնարավորինս մատչելի, գրավիչ և որակյալ բովանդակությամբ լեցուն։ «Ինձ համար ոգևորիչ է մարդկանց ուղղորդել դեպի համացանցի միջոցով կրթություն ստանալու անսահմանափակ հնարավորությունների բացահայտում»,- նշում է նա։
Հիմնադրամում Մարինեն կարևորում է աշխատակիցների՝ մշտապես գնահատված լինելու փաստը և այն վստահությունը, որ ամեն ինչ հնարավոր է, եթե կա ինչ-որ բան փոխելու ցանկություն և մի քիչ էլ՝ նախաձեռնողություն։ Իսկ «ԿԱԶԱ»-ից դուրս սիրում է ժամանակ անցկացնել անվերջ փնտրելով նոր երգեր, նկարել, հեծանիվ քշել, ժամանակ առ ժամանակ էլ՝ համեղ խմորեղեն պատրաստել։
Առցանց ուսուցում
Առաջին մասնագիտությամբ ճարտարագետ-տեխնոլոգ Գայանեն 2006թ. ի վեր զբաղվում է համակարգչային ցանցերով ու ծրագրավորմամբ: Հիմնադրամի թիմին միացել է 2015թ.: Նա է ապահովում «ԿԱԶԱ»-ի համակարգչային ցանցի բնականոն աշխատանքը, ուսուցման հարթակի տեխնիկական աջակցությունը, հիմնադրամի կայքի տեխնիկապես պատշաճ ներկայացումը:
«Աշխատանքս շատ եմ սիրում, քանզի այն թույլ չի տալիս տեղում մնալ, ստիպում է քեզ միշտ զարգանալ, պրպտումների մեջ լինել, ջահել մնալ»,- նշում է Գայանեն, ով հավատում է, որ ոչ մի հանդիպում կյանքում հենց այնպես չի տրվում, այդ թվում իր՝ «ԿԱԶԱ»-ի թիմի մաս կազմելը:
Հիմնադրամում գնահատում է վստահությունն իր ու իր կատարած գործի նկատմամբ, ինչպես նաև աշխատանքում տրվող ազատությունը, ինչը ստիպում է իրեն առավել պատասխանատու և պարտաճանաչ լինել:
Իսկ աշխատանքից զատ սիրում է ընթերցել, ընկերուհիների հետ ճամփորդել Հայաստանով մեկ և, իհարկե, ապրել սիրելի որդու հետաքրքրություններով: