Գաղտնիք չէ, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է, և լավ պլանավորված զբոսաշրջային քաղաքականությունն անկասկած բերում է տնտեսության զարգացման (ներդրումներ, աշխատատեղերի ավելացում, և այլն)։ Այս դժվարին օրերին, երբ կորոնավիրուսի համավարակի հետևանքով զբոսաշրջության ոլորտի առջև մի շարք խնդիրներ են ծառացել, անհրաժեշտություն է առաջացել վերարժևորելու մեր նախասիրություններն ու սոցիալական պահանջմունքները։ Մեծ ներուժ ունեցող այս ոլորտի ժամանակավոր ճգնաժամը կարելի է հաղթահարել՝ առաջնահերթությունը տալով ներքին տուրիզմին։
Շիրակի մարզը և, մասնավորապես Գյումրի քաղաքը, աչքի է ընկնում իր յուրահատուկ կոլորիտով, գեղեցիկ բնությամբ ու պատմամշակութային հարուստ ժառանգությամբ։ «ԿԱԶԱ» Հիմնադրամի Գյումրու կենտրոնն օրեցօր ընդլայնում է գործունեության իր շրջանակը՝ նախաձեռնելով հիմնադրամի զարգացմանն ու համայնքում զբոսաշրջության առաջխաղացմանը միտված բազմաթիվ նոր ծրագրեր։ Արդեն տևական ժամանակ է՝ Գյումրու Կենտրոնն իր այցելուներին և հյուրերին առաջարկում է հյուրատուն՝ քաղաքի կենտրոնական հատվածում։ Վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2018 թ.-ին, և այն լիովին նոր տեսքով ու կահավորանքով հանձնվել է շահագործման։ Ինտերիերի մինիմալիստական ոճը, գունային ներդաշնակ լուծումներն ու հարդարման նրբությունը հանգստություն ու հարմարավետություն են հաղորդում սենյակներին և կոնֆերանս սրահներին։
Հյուրատունը բաղկացած է 9 ստանդարտ (2, 3 և 4 տեղանոց սենյակներ մինչև 26 հոգու համար) և 3 էկոնոմ սենյակներից (1 և 2 տեղանոց սենյակներ մինչև 4 հոգու համար)։ Սենյակները հարմար են նաև ընտանիքներ հյուրընկալելու համար, ինչին նպաստում է բազմապրոֆիլ անձնակազմի ներկայությունը։ Ըստ հյուրերի նախասիրությունների՝ կարող են կազմակերպվել հետաքրքիր ճանաչողական շրջայցեր Գյումրիում և Շիրակի մարզում՝ «ԿԱԶԱ»-ի Զբոսավարների դասընթացի շրջանավարտ լոկալ գիդերի ուղեկցությամբ։ Իսկ այդ ընթացքում ծնողները կարող են երեխաների հետաքրքիր ու արդյունավետ ժամանցի կազմակերպումը վստահել կենտրոնի հոգատար ու բանիմաց մասնագետներին։
Բացի վերոնշյալ սենյակներից ու ծառայություններից՝ «ԿԱԶԱ» Հիմնադրամի Գյումրու կենտրոնն առաջարկում է նաև կոնֆերանս սրահներ. մեծ կոնֆերանս սրահը նախատեսված է մինչև 70 անձի համար, իսկ 3 փոքր հանդիպման սենյակները՝ յուրաքանչյուրը մինչեւ 30 հոգու համար։ Սրահները հագեցած են տեխնիկական ու կոմունիկացիոն անհրաժեշտ սարքավորումներով։ Այն իդեալական վայր է գործնական հանդիպումների, շնորհանդեսների, թրեյնինգների ու ֆորումների կազմակերպման համար։
Միևնույն ժամանակ, այցելուների հանգիստն ու ժամանցը հնարավորինս բազմաբնույթ ու հետաքրքիր դարձնելու նպատակով հյուրատունը համագործակցում է մի շարք ոլորտների փորձառու գործընկերների հետ՝ այդպիսով նպաստելով նաև Գյումրիում գործող բազմաթիվ ընկերությունների զբաղվածության մակարդակի բարձրացմանը։
Հարկ է նշել, որ ծառայություններից ստացված ողջ հասույթն ուղղվում է «ԿԱԶԱ» հիմնադրամի կրթական ու սոցիալական ծրագրերի իրականացմանը։