2020թ․ սեպտեմբերի 27-ի առավոտյան հայ ժողովուրդն արթնացավ Ադրբեջանի՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) վրա հարձակվելու գույժով։ 21–րդ դարի այս ամենաթեժ և արյունալի պատերազմներից մեկի 44 օրերի ընթացքում ողջ հայության մոբիլիզացիան աննախադեպ էր թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում՝ աջակցելու համար մի կողմից հայ ժողովրդի՝ սեփական հողի վրա գոյության իրավունքը պաշտպանող զինվորին և Արցախում մնացած քաղաքացիական բնակչությանը, մյուս կողմից՝ պատերազմական գոտուց տարերայնորեն Հայաստան ժամանած կանանց, մանուկներին ու ծերերին։
Ստեղծված լինելով 23 տարի առաջ որպես նախևառաջ հումանիտար կառույց՝ «ԿԱԶԱ» հիմնադրամը ոլորտում իր հարուստ և արդյունավետ փորձի շնորհիվ կարողացավ արագ վերաուղղորդել իր գործունեությունը՝ արձանագրված նոր կարիքներին համապատասխան։
Այսպես, պատերազմի սկզբում հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կենտրոնը 15 օր շարունակ վերածվեց ժամանակավոր կացարանի Արցախից ժամանած ընտանիքների համար, որոնց մենք ուղղորդեցինք դեպի համապատասխան կառույցներ՝ նախնական կարիքների բավարարման համար (կացարան, սնունդ և այլն)։ Զուգահեռաբար, ինքներս էլ ջանացինք մեր ուժերի ներածին չափով մեր մասնակցությունն ունենալ նույն հարցում։ Այսպիսով, մինչ այժմ Երևանի և Գյումրու մեր հյուրատներում շարունակում է ապաստանել 40 արցախցի, որոնց հիմնական կարիքների բավարարման ուղղությամբ աշխատում ենք մեր գործընկերների աջակցությամբ։
Մենք սկսեցինք աշխատել երեխաների և դեռահասների հետ․ ապաստանած լինելով Հայաստանում՝ նրանք փակված էին մնում իրենց կացարաններում՝ առանց զբաղմունքի, իսկ Քովիդ-19-ի երկրորդ ալիքի և դրա արդյունքում դպրոցների փակման պատճառով իրավիճակն առավել վատթարացավ։ Պահպանելով հակահամավարակային անվտանգության բոլոր կանոնները՝ «Էսպաս»-ում մենք ստեղծեցինք «Մանուկների անկյուն»՝ անվտանգ տարածք, որում անցկացվում են սոցիալ-կրթական, մշակութային, սպորտային և ժամանցային բնույթի միջոցառումներ՝ մի փոքր «շեղելու» նպատակով իրենց «բնական» միջավայրից զրկված և պատերազմից հոգեպես ցնցված արցախցի մանուկներին։ Իսկ Գյումրիում սոցիալ-կրթական ծրագրի առկայությունն առավել դյուրացրեց մեր նոր փոքրիկ շահառուների կարիքներին արձագանքելու գործընթացը։ Այժմ մեր 2 կենտրոններում աշխատում ենք ավելի քան 150 երեխաների հետ՝ արցախցի և տեղացի՝ խառը խմբերով։ Իրականացնում ենք նաև դաշտային սոցիալ-հոգեբանական աշխատանք Երևանի և մարզային 5 ժամանակավոր կացարաններում։
Արցախից ժամանած անձինք սովոր էին իրենց քաղաքների և գյուղերի կյանքին, այնտեղի ենթակառուցվածքների և պաշտոնական կառույցների աշխատաոճին․․․ օգնելու համար նրանց Երևանում ևս կողմնորոշվել (խոսքը կրկին մայրաքաղաքի մասին է, քանի որ նա՛ է ընդունել արցախցիների հիմնական հոսքը) մենք վերականգնեցինք մեր նախկին ծրագրերից մեկը՝ «Ընտանիքի ընկեր»-ը։ Այս նպատակով մենք մոբիլիզացրինք վերջին տարիների ընթացքում մեր կողմից վերապատրաստված կամավորների, որոնք օգնության եկան արցախահայերին այնպես, ինչպես ոչ վաղ անցյալում՝ սիրիահայերին։ Այսօր շուրջ 300 արցախցի օգտվում է մեր կամավորների ուղղորդումից այնպիսի հարցերում, ինչպիսիք են կացարանի, սոցիալական և մարդասիրական օգնության ծրագրերի փնտրտուքը, կրթությունը և ժամանակավոր զբաղվածությունը։ Նշենք, որ այս նախաձեռնությանը որպես կամավոր միացել են նաև հենց Արցախից եկած երիտասարդներ՝ այսպիսով ցանկանալով իրենց բաժինն ունենալ իրենց հայրենակիցների աջակցության հարցում․ հանձնառություն, որ կրկնակի գովելի է։
Զուգահեռաբար, մենք նախաձեռնեցինք հանդիպումներ տարբեր ոլորտների փորձագետների հետ՝ հոգեբաններից մինչև քաղաքագետներ՝ մեր աշխատակիցների, կամավորների և համագործակից կառույցների ներկայացուցիչների համար, որպեսզի ունակ լինենք առավել լայն պատկերացում կազմել ստեղծված և անընդհատ փոփոխվող իրավիճակի մասին, ինչպես նաև կարողանանք օգնել «առանց վնասելու» շահառուների այն նոր խմբերին, որոնց հետ պետք է աշխատենք հայկական նոր իրականությունում։
Չնշենք մարդասիրական աջակցության անհատական նախաձեռնությունների մասին, որոնք կարողացանք իրականացնել մեր տեղական և միջազգային գործընկերների աջակցությամբ՝ հիմնվելով մեր ներքին ռեսուրսների և Շվեյցարիայում ու Հայաստանում ձեռնարկած ֆոնդհայթայթման արշավների վրա։
2020թ․ նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ դադարեցվեցին Արցախում մարտական գործողությունները։ Մինևնույն ժամանակ, այն ամրագրեց հայկական մի նոր իրականություն, որի բաղկացուցիչ շատ տարրեր դեռևս անորոշ են։ Հստակ է այն, որ Հայաստանում և Արցախում քաղաքացիական հասարակությունը պետք է աշխատանք տանի աննախադեպ ծավալի (ըստ պաշտոնական տվյալների՝ Արցախից Հայաստան է ժամանել շուրջ 90 հազար հոգի՝ առանց հաշվելու հանձնվելիք շրջանների բնակչությունը) նոր թիրախային խմբերի և նոր կարիքների հետ։ Եվ որ մեր հիմնադրամն ունի անհրաժեշտ ներուժն ու հմտությունները՝ այդ հարցում իր ավանդն ունենալու համար։
Այդ պատճառով է, որ տեղում փոփոխված ծրագրերին զուգահեռ «ԿԱԶԱ»-ն հենց սկզբից ներգրավվել է տարբեր աշխատանքային խմբերում՝ պետական և ոչ պետական, տեղական և միջազգային գործընկերների հետ համատեղ՝ մշակելու համար համապարփակ և տևական մոտեցումներ այն նոր խնդիրներին, որոնք մենք չենք դադարում գնահատել և վերագնահատել՝ իրավիճակի փոփոխությանը զուգահեռ։
Այսօր սպասելով այդ ընդհանուր տեսլականի հստակեցմանը՝ մենք չենք դադարում գործել։ Մեր առաջին արձագանքը, ինչպես և մեր գործընկերներինը, ինքնաբուխ էր և կամավորական, սակայն, ցավոք, այն չի կարող հավերժ այդպիսին մնալ․ երկրի տնտեսությունը պետք է վերականգնի իր ընթացքը՝ ապահովելու համար իր բաժինը հայկական պետության տևականության հարցում։ Արցախցի ընտանիքների և երեխաների հետ աշխատանքում ներդրած մեր մոդելն ապացուցել է իր արդյունավետությունը, և մենք մտորում ենք դրա աշխարհագրությունն ընդլայնելու մասին՝ կիսելով մեր փորձը թիրախային նույն խմբի հետ աշխատող շրջանային կառույցների հետ Երևանից և Գյումրիից դուրս։ Մենք աշխատում ենք նաև մեր որոշ ծրագրերի (մասնավորապես՝ ընտանիքների սոցիալ-հոգեբանական աջակցության և երիտասարդների զբաղվածության) «թարմեցման» ուղղությամբ՝ դրանցում հաջողությամբ ընդգրկելու համար նաև արցախցիների։
Մենք չունենք այլ տարբերակ, քան լծվել առավել քան երբևէ այնպիսի հասարակության կառուցմանը (և արցախցիներն աներկբայորեն դրա մի մասն են), որի քաղաքացիները, լինելով առավել գիտակից, գրագետ, հմուտ և արդար, կնպաստեն Հայաստանի զարգացմանը բոլոր ոլորտներում։ Եվ բոլոր ռեսուրսները՝ ուղղակիորեն, թե անուղղակիորեն, պետք է նպաստեն այդ նպատակի իրականացմանը։