Հոկտեմբերի 6-ին Մատենադարանի Հրաչյա Թամրազյանի անվան դահլիճում «Ֆրանկոֆոն տարածք․ ժառանգություն, ինքնություն և պատկանելիություն փոփոխվող աշխարհում» խորագրով համաժողովով տրվեց «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի գործունեության 30 ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։
Համաժողվի ընթացքում անդրադարձանք ինքնության ու մշակույթի հարցերին, քննարկեցինք՝ ինչպես պահպանել ինքնությունը բազմամշակութային միջավայրում։ Անդրադարձանք հայկական ձեռագրական գանձերին և Մատենադարանի բացառիկ դերին դրանց պահպանման ու փոխանցման գործում։ Քննարկեցինք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաքելությունը, ինչպես նաև հանրային ու դասական դիվանագիտության դերը միջմշակութային կամուրջների ստեղծման գործում։
Համաժողովի առանցքային պահերից էր Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ֆլորիան Էսկյուդեի հետ անմիջական հարցազրույցը, որը նվիրված էր ֆրանկոֆոն մշակույթներին ու արժեքներին։
Կարևորելով բազմակողմանը քննարկումների դերը` համաժողովին ներկայացված էին իրենց առօրյա աշխատանքի միջոցով միջմշակութային երկխոսության ձևավորմանը նպաստող անձանց փորձը։
Համաժողովին յուրահատուկ շունչ հաղորդեցին Կոմիտասի ստեղծագործությունները՝ «Վասիլի Կանդինսկի» լարային քառյակի կատարմամբ։
Միջոցառմանը հատուկ հյուրն էր ֆրանսահայ դերասան, ռեժիսոր և բեմադրիչ Սերժ Ավետիքյանը, ում երկլեզու պոեմների ընթերցանության միջոցով հաջողվեց ձևավորել միջմշակութային երկխոսության յուրահատուկ հարթակ։
Շնորհակալություն բոլոր բանախոսներին, հյուրերին և գործընկերներին այս ինքնատիպ միջոցառումը միասին կյանքի կոչելու համար։
«ԿԱԶԱ» -ն շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությոանը՝ ստեղծելով կամուրջներ երազանքների ու հանձնառությունների, խնդիրների և լուծումների, սերունդների և մշակույթների միջև։
Համաժողովը կազմակերպել էր «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը՝ «L’Œuvre d’Orient» կազմակերպության աջակցությամբ և «Courrier d’Erevan»-ի հետ համագործակցությամբ։





