INNOVARIUM – փորձնակության եվ մասնագիտական զարգացման ծրագիր

Home » Լուրեր Հայաստանից » INNOVARIUM – փորձնակության եվ մասնագիտական զարգացման ծրագիր

Կազմակերպությունը՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ
Վայրը՝ Երևան
Ձևաչափը՝
վճարովի փորձնակություն
Տևողությունը՝ 3 ամիս
Զբաղվածություն՝ լրիվ դրույք՝ որոշակի ճկունությամբ
Մեկնարկը՝ 2026թ․ հոկտեմբեր
Դիմելու վերջնաժամկետ՝ 2026թ․ սեպտեմբերի 20

Փորձնակության հնարավորության մասին

«ԿԱԶԱ» հիմնադրամը փնտրում է մոտիվացված փորձնակների, որոնք կմիանան մեր թիմին՝ գործնական աշխատանքի միջոցով մասնագիտական փորձ և հմտություններ ձեռք բերելու նպատակով։ Ծրագիրը նախատեսված է այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են փորձ ձեռք բերել երիտասարդական աշխատանքի, քաղաքացիական կրթության, համայնքային զարգացման, ծրագրերի կառավարման և միջոցառումների կազմակերպման ոլորտներում՝ սովորելով անմիջապես «ԿԱԶԱ»-ի փորձառու թիմակիցներից։

Փորձնակությունը կառուցված է «դիտել և սովորել → աջակցել և փորձել → աստիճանաբար ստանձնել պատասխանատվություն» սկզբունքով։ Փորձնակները կհետևեն թիմի ամենօրյա աշխատանքին, կմասնակցեն հանդիպումներին և ծրագրային աշխատանքներին, կաջակցեն կոնկրետ առաջադրանքների իրականացմանը և, փորձի ու կարողությունների զարգացմանը զուգահեռ, կստանձնեն ավելի ինքնուրույն դերեր։

Փորձնակությունը նաև դիտարկում ենք որպես «ԿԱԶԱ»-ում հետագա մասնագիտական աշխատանքի հնարավոր ուղի։

Ներգրավվածության հիմնական երեք ուղղությունները՝ 

  1. Innovarium – Փորձնակության կարևոր ուղղություններից մեկը կլինի Innovarium ծրագրի իրականացման և զարգացման աշխատանքներին աջակցությունը։ Innovarium-ը «ԿԱԶԱ»-ի քաղաքացիական կրթության և երիտասարդների ներգրավման խաղայնացված մեթոդաբանություն է, որը համադրում է թիմային և առաջադրանքահեն ուսուցումը, մենթորությունը, կրթապիտակները, առցանց և առկա աշխատանքը, ինչպես նաև երիտասարդների կողմից համայնքային նախաձեռնությունների մշակումն ու իրականացումը։

Փորձնակները «ԿԱԶԱ»-ի թիմի հետ միասին կներգրավվեն ծրագրի տարբեր փուլերում՝

  • բաց հրավերի, դիմումների ընդունման և մասնակիցների ընտրության կազմակերպում,
  • երիտասարդական թիմերի հետ հաղորդակցություն և նրանց առաջընթացի հետևում,
  • դասընթացների, վեբինարների, փորձագիտական հանդիպումների և մենթորական աշխատանքների կազմակերպում,
  • ուսումնական նյութերի և բովանդակության պատրաստում ու հարմարեցում,
  • մասնակիցների հետադարձ կապի, ծրագրային տվյալների և արդյունքների հավաքագրում ու փաստագրում,
  • ծրագրի հաղորդակցության, ներկայացումների և հաշվետվությունների պատրաստման աջակցություն։ 
  1. Համաժողովներ, փառատոներ և լայնածավալ միջոցառումներ – Փորձնակները կներգրավվեն նաև «ԿԱԶԱ»-ի խոշոր միջոցառումների կազմակերպման աշխատանքներում, այդ թվում՝ ֆրանկոֆոնիայի խթանմանը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը և կազմակերպության այլ ծրագրային ուղղություններին վերաբերող համաժողովներում, փառատոներում և հանրային միջոցառումներում։ Նրանք կաջակցեն միջոցառումների նախապատրաստմանը, մասնակիցների, բանախոսների և գործընկերների հետ հաղորդակցությանը, նյութերի պատրաստմանը, գրանցման և լոգիստիկ աշխատանքներին, միջոցառումների ընթացքի համակարգմանը, փաստագրմանն ու հետադարձ կապի հավաքագրմանը։ 
  1. Ընտրական գործընթացներին երիտասարդների մասնակցության և առաջին անգամ ընտրողների կրթական ծրագրեր – Փորձնակները կաջակցեն նաև երիտասարդների քաղաքացիական մասնակցության, ընտրական գործընթացների վերաբերյալ իրազեկվածության և առաջին անգամ ընտրողների ներգրավմանն ուղղված ծրագրերին։ Աշխատանքը կարող է ներառել երիտասարդական և տեղական միջոցառումների կազմակերպման աջակցություն, մասնակիցների հետ հաղորդակցություն, տեղեկատվական և աշխատանքային նյութերի պատրաստում, իրազեկման աշխատանքներ, ծրագրային տվյալների և փաստաթղթերի համակարգում, մշտադիտարկման և հաշվետվողականության աջակցություն։ 

Ուսուցում և մասնագիտական զարգացում

Փորձնակությունն առաջին հերթին գործնական ուսուցման և մասնագիտական զարգացման հնարավորություն է։ Փորձնակները կսովորեն՝ հետևելով փորձառու թիմակիցների աշխատանքին, նրանց հետ միասին իրականացնելով կոնկրետ առաջադրանքներ, ստանալով ուղղորդում և հետադարձ կապ, իսկ պատրաստ լինելու դեպքում՝ աստիճանաբար ստանձնելով առանձին աշխատանքների պատասխանատվություն։

Ծրագրի ընթացքում նրանք գործնական փորձ և պատկերացում ձեռք կբերեն՝

  • երիտասարդական աշխատանքի և քաղաքացիական կրթության,
  • ծրագրերի և նախագծերի կառավարման,
  • ոչ ֆորմալ կրթության,
  • համայնքային նախաձեռնությունների,
  • միջոցառումների կազմակերպման,
  • մասնակիցների և գործընկերների հետ հաղորդակցության,
  • ծրագրերի մշտադիտարկման և փաստագրման,
  • թիմային աշխատանքի և քաղաքացիական հասարակության կազմակերպության աշխատանքային գործընթացների վերաբերյալ։

Փորձնակությունը ներառելու է նաև կազմակերպչական և վարչական առաջադրանքներ, սակայն այն չի սահմանափակվելու վարչական աշխատանքով․ դրանք համադրվելու են ծրագրային և բովանդակային աշխատանքներում ներգրավվածության հետ։ 

Ում ենք փնտրում

Մենք փնտրում ենք հետաքրքրասեր, պատասխանատու և գործնական աշխատանքի միջոցով սովորելու ու զարգանալու մոտիվացիա ունեցող երիտասարդների։ Ծրագիրը հատկապես կարող է հետաքրքրել ուսանողներին, նորավարտներին և մասնագիտական ուղու սկզբում գտնվող երիտասարդներին, որոնք հետաքրքրված են երիտասարդական աշխատանքով, կրթությամբ, հասարակական գիտություններով, միջազգային հարաբերություններով, հաղորդակցությամբ, մշակույթով, ծրագրերի կառավարմամբ, համայնքային զարգացմամբ կամ հարակից ոլորտներով։ 

Նախկին փորձը պարտադիր չէ։ Փոխարենը մեզ համար կարևոր են՝

  • սովորելու և զարգանալու մոտիվացիան,
  • պատասխանատվությունն ու կազմակերպվածությունը,
  • հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտությունները,
  • նախաձեռնողականությունն ու հետաքրքրասիրությունը,
  • հետադարձ կապ ընդունելու և դրանից սովորելու պատրաստակամությունը,
  • երիտասարդների և տարբեր խմբերի հետ աշխատելու ցանկությունը,
  • մանրուքների նկատմամբ ուշադրությունը և տարբեր բնույթի առաջադրանքներ կատարելու պատրաստակամությունը,
  • մասնագիտորեն աճելու և աստիճանաբար ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու ներուժը։ 

Հայերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է։ Ֆրանսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։ 

Ինչ է առաջարկում «ԿԱԶԱ»-ն

Սա վճարովի փորձնակություն է, որի շրջանակում առաջարկում ենք՝

  • անմիջական աշխատանք և ուսուցում «ԿԱԶԱ»-ի փորձառու մասնագետների կողքին,
  • ներգրավվածություն իրական ծրագրերում, նախագծերում և միջոցառումներում,
  • մենթորական աջակցություն և մասնագիտական ուղղորդում,
  • երիտասարդների, համայնքների և գործընկերների հետ աշխատանքի գործնական փորձ,
  • մասնագիտական հմտությունների և պատասխանատվության աստիճանական զարգացում,
  • «ԿԱԶԱ»-ի գործունեության տարբեր ուղղություններին ծանոթանալու հնարավորություն,
  • հետագա մասնագիտական համագործակցության հնարավոր հեռանկար։ 

Հետագա աշխատանքի հնարավորություն

Այս հնարավորությունը մենք դիտարկում ենք ոչ միայն որպես ժամանակավոր ուսուցման ծրագիր, այլև որպես «ԿԱԶԱ»-ի ապագա աշխատակիցների ներառման հնարավոր ուղի։ Փորձնակության ընթացքում կարևոր կլինեն մասնակիցների մասնագիտական առաջընթացը, պատասխանատվությունը, նախաձեռնողականությունը, սովորելու կարողությունը, թիմային աշխատանքը և «ԿԱԶԱ»-ի արժեքներին ու կազմակերպական մշակույթին համապատասխանությունը։ Փորձնակությունը հետագա աշխատանքի երաշխիք չէ, սակայն այն ստեղծում է մասնագիտական աճի և «ԿԱԶԱ»-ի թիմին հետագայում միանալու իրական հնարավորություն։