Կազմակերպությունը՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ
Վայրը՝ Երևան
Ձևաչափը՝ վճարովի փորձնակություն
Տևողությունը՝ 3 ամիս
Զբաղվածություն՝ լրիվ դրույք՝ որոշակի ճկունությամբ
Մեկնարկը՝ 2026թ․ հոկտեմբեր
Դիմելու վերջնաժամկետ՝ 2026թ․ սեպտեմբերի 20
Փորձնակության հնարավորության մասին
«ԿԱԶԱ» հիմնադրամը փնտրում է մոտիվացված փորձնակների, ովքեր կմիանան թիմին և գործնական աշխատանքի միջոցով փորձ ձեռք կբերեն ծրագրերի ամփոփման ու փաստագրման, բովանդակության մշակման, կրթական պրոդուկտների համակարգման և դրանց առաջխաղացման ոլորտներում։ Փորձնակությունը կառուցված է «դիտել և սովորել → աջակցել և փորձել → աստիճանաբար ստանձնել պատասխանատվություն» սկզբունքով։ Փորձնակները կաշխատեն «ԿԱԶԱ»-ի թիմակիցների հետ, կներգրավվեն ընթացիկ աշխատանքներում և, փորձի ու հմտությունների զարգացմանը զուգահեռ, կկարողանան ինքնուրույն իրականացնել առանձին առաջադրանքներ։
Ներգրավվածության հիմնական ուղղությունները
Փորձնակության երկու հիմնական ուղղություններն են՝ սոցիալական ձեռնարկատիրության ծրագրի ամփոփումն ու արդյունքների ներկայացումը և «ԿԱԶԱ»-ի կրթական պրոդուկտների համակարգումն ու առաջխաղացումը։
- Սոցիալական ձեռնարկատիրության ծրագրի ամփոփում և արդյունքների ներկայացում
Փորձնակները կաջակցեն սոցիալական ձեռնարկատիրության նախորդ տարվա ծրագրի ամփոփման աշխատանքներին՝ հնարավորություն ունենալով ծանոթանալու ծրագրի արդյունքների հավաքագրման, համակարգման, վերլուծության և ներկայացման ամբողջ գործընթացին։
«ԿԱԶԱ»-ի թիմի հետ միասին նրանք կներգրավվեն՝
- ծրագրին մասնակցած թիմերի հաշվետվությունների հավաքագրման և համակարգման աշխատանքներում,
- թիմերի իրականացրած աշխատանքների և ձեռք բերած արդյունքների վերաբերյալ բովանդակային տեղեկատվության ամփոփման մեջ,
- անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվության հավաքագրման և թիմերի հետ հետադարձ կապի աշխատանքներում,
- ծրագրի եզրափակիչ pitching/ներկայացման միջոցառման կազմակերպման և իրականացման աջակցության մեջ,
- ծրագրի արդյունքները, մասնակից թիմերը և նրանց նախաձեռնությունները ներկայացնող բովանդակության պատրաստման մեջ,
- ծրագրի ամփոփիչ կատալոգի կամ այլ նյութի բովանդակության հավաքագրման, համակարգման և պատրաստման աշխատանքներում։
- «ԿԱԶԱ»-ի կրթական պրոդուկտների համակարգում և առաջխաղացում
Փորձնակության երկրորդ հիմնական ուղղությունը կլինի «ԿԱԶԱ»-ի կողմից տարիների ընթացքում ստեղծված կրթական և փորձառական պրոդուկտների համակարգումն ու դրանց առավել ակտիվ օգտագործման և առաջխաղացման հնարավորությունների բացահայտումը։
Դրանք կարող են ներառել՝
- կրթական և ոչ ֆորմալ ուսուցման խաղեր,
- զբոսաշրջային և քաղաքային քվեստեր,
- դպրոցականների համար նախատեսված կրթական էքսկուրսիաներ,
- այլ կրթական գործիքներ և փորձառական ուսուցման ձևաչափեր։
Փորձնակները կաջակցեն առկա պրոդուկտների հաշվառմանը, համակարգմանը և ներկայացման ձևերի մշակմանը։ Աշխատանքը կարող է ներառել պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և թարմացում, դրանց նպատակային խմբերի և կիրառման հնարավորությունների հստակեցում, նկարագրությունների և հաղորդակցական նյութերի պատրաստում, ինչպես նաև առաջխաղացման հնարավոր ուղիների ուսումնասիրություն։
Փորձնակները հնարավորություն կունենան նաև աշխատելու «ԿԱԶԱ»-ի ֆրանսիացի կամավորների հետ՝ կրթական պրոդուկտների առաջխաղացման մոտեցումների և ռազմավարության մշակման ուղղությամբ։ Համատեղ աշխատանքը կարող է ներառել տարբեր լսարանների ուսումնասիրություն, հաղորդակցության հնարավոր ալիքների բացահայտում, առաջխաղացման, վաճառքների գաղափարների մշակում և դրանց փորձարկում։
Ուսուցում և մասնագիտական զարգացում
Փորձնակությունը առաջին հերթին գործնական ուսուցման և մասնագիտական զարգացման հնարավորություն է։
Ծրագրի ընթացքում փորձնակները փորձ և հմտություններ ձեռք կբերեն՝
- ծրագրերի արդյունքների ամփոփման և փաստագրման,
- բովանդակային տեղեկատվության հավաքագրման և համակարգման,
- հաշվետվությունների և ներկայացուցչական նյութերի պատրաստման,
- միջոցառումների կազմակերպման,
- տարբեր թիմերի և շահագրգիռ կողմերի հետ հաղորդակցության,
- կրթական պրոդուկտների նկարագրման և ներկայացման,
- թիրախային լսարանների և հաղորդակցության ուղիների բացահայտման,
- առաջխաղացման ռազմավարության մշակման և իրականացման,
- թիմային և միջմշակութային համագործակցության ոլորտներում։
Փորձնակությունը ներառելու է նաև կազմակերպչական և վարչական առաջադրանքներ, սակայն դրանք անմիջականորեն կապված կլինեն ծրագրային աշխատանքի և կոնկրետ արդյունքների ստեղծման հետ։
Ում ենք փնտրում
Մենք փնտրում ենք հետաքրքրասեր, կազմակերպված և նախաձեռնող երիտասարդների, ովքեր հետաքրքրված են ծրագրային աշխատանքով, բովանդակությամբ, կրթական պրոդուկտներով և հաղորդակցությամբ և ցանկանում են սովորել՝ իրական աշխատանքային գործընթացներում ներգրավվելով։ Փորձնակությունը հատկապես կարող է հետաքրքրել ուսանողներին, նորավարտներին և մասնագիտական ուղու սկզբում գտնվող երիտասարդներին՝ հաղորդակցության, մարքեթինգի, կրթության, հասարակական գիտությունների, բիզնեսի, ծրագրերի կառավարման, մշակույթի, զբոսաշրջության կամ հարակից ոլորտներից։
Նախկին փորձը պարտադիր չէ։ Փոխարենը, մեզ համար կարևոր են՝
- սովորելու և զարգանալու մոտիվացիան,
- տեղեկատվությունը հավաքելու, համակարգելու և հստակ ներկայացնելու կարողությունը,
- գրավոր խոսքի և բովանդակության հետ աշխատելու հետաքրքրությունը,
- կազմակերպվածությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը,
- հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտությունները,
- ստեղծագործ և նախաձեռնողական մոտեցումը,
- նոր գաղափարներ առաջարկելու և դրանք գործնականում փորձարկելու պատրաստակամությունը,
- պատասխանատվությունը և առաջադրանքները մինչև վերջ հասցնելու կարողությունը։
Հայերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է։ Ֆրանսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Ինչ է առաջարկում «ԿԱԶԱ»-ն
Սա վճարովի փորձնակություն է, որի շրջանակում առաջարկում ենք՝
- գործնական աշխատանք և ուսուցում «ԿԱԶԱ»-ի թիմի կողքին,
- իրական ծրագրերի և կրթական պրոդուկտների հետ աշխատելու հնարավորություն,
- մենթորական աջակցություն և մասնագիտական ուղղորդում,
- բովանդակության, հաղորդակցության և առաջխաղացման ոլորտներում գործնական փորձ,
- միջազգային կամավորի հետ համատեղ աշխատելու և միջմշակութային թիմային փորձ ձեռք բերելու հնարավորություն,
- գաղափարներ առաջարկելու և դրանց իրականացումը փորձարկելու տարածք,
- մասնագիտական հմտությունների և պատասխանատվության աստիճանական զարգացում։
Հետագա աշխատանքի հնարավորություն
Այս հնարավորությունը մենք դիտարկում ենք ոչ միայն որպես ժամանակավոր ուսուցման ծրագիր, այլև որպես «ԿԱԶԱ»-ի ապագա աշխատակիցների ներառման հնարավոր ուղի։ Փորձնակության ընթացքում կարևոր կլինեն մասնակիցների մասնագիտական առաջընթացը, պատասխանատվությունը, նախաձեռնողականությունը, սովորելու կարողությունը, թիմային աշխատանքը և «ԿԱԶԱ»-ի արժեքներին ու կազմակերպական մշակույթին համապատասխանությունը։ Փորձնակությունը հետագա աշխատանքի երաշխիք չէ, սակայն այն ստեղծում է մասնագիտական աճի և «ԿԱԶԱ»-ի թիմին հետագայում միանալու իրական հնարավորություն։




