Ներկայիս ճգնաժամային իրավիճակում Հայաստանը, հակադիր ուժերի միջև շրջափակված փոքր երկիր լինելով, մասնավորապես խոցելի է դարձել, ինչից էլ բխում է նրան աջակցելու հրատապությունը․․․ Նրա դիրքը Մետաքսի ճանապարհի խաչմերուկում կենսական նշանակություն ունի․ այն կապված է հաղորդակցության ուղիների և հանածո վառելիքի վերահսկման հետ՝ ներգրավելով Ադրբեջանին և Թուրքիային, բայց նաև Ռուսաստանին և Եվրոպային, Իսրայելին և Միացյալ Նահանգներին, Չինաստանին և Հնդկաստանին… Արցախի կորստից հետո կա մտավախություն, որ կարող է կրկին արդիականանալ հին պանթուրքական երազանքը՝ ջնջել Հայաստանը քարտեզից։ Հայաստանի հարավը գտնվում է ներխուժման մշտական սպառնալիքի տակ՝ ստեղծելու համար անկախ միջանցք, որը անմիջապես կմիացնի Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային։ Հայաստանը կողմ է կայունությանը և խաղաղությանը, սակայն՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի պայմանով։
Այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում «ԿԱԶԱ»-ն ցանկանում է նպաստել Հայաստանի հզորացմանը և, ավելի կոնկրետ, առաջնահերթ աջակցել այն համայնքներին, որոնք սահմանափակ հնարավորություններ ունեն կամ ավելի խոցելի են, որպեսզի նվազեցվի երիտասարդների արտագաղթը դեպի մեծ քաղաքներ։
Այս տեսլականի շրջանակում՝ հոլիստիկ և պերսոնալիզմի մոտեցմամբ, «ԿԱԶԱ»-ն հատկապես ներգրավվում է չորս մակարդակներում.
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ – կրթություն և հեռավար ուսուցում
ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ – Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ
ԸՆԴԼԱՅՆՎՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ – ԽԹԱՆ սոցիալական ձեռնարկատիրություն
ՄՇԱԿՈՒՅԹ – պահպանում, փոխանցում և արժևորում
Մեկ խոսքով՝ «ԿԱԶԱ»-ն նպատակ ունի ամրապնդել անհատին, որպեսզի նա կարողանա ներգրավվել որպես ակտիվ դերակատար սոցիալական և քաղաքացիական միջավայրում և, այդպիսով, նպաստել ստեղծարար, անկախ ու բարգավաճ Հայաստանի ձևավորմանը՝ միաժամանակ պահպանելով և բարձրացնելով իր մշակութային ինքնությունը։