Երևան
Փետրվար ամիսը կրթական ոլորտում առանձնացավ ֆրանսերենի դասավանդողների մասնագիտական հմտությունների զարգացմանն ու համագործակցության ամրապնդմանն ուղղված ակտիվ և բովանդակալից նախաձեռնություններով։
Ուսուցիչների վերապատրաստում և մասնագիտական զարգացում
«Արեգնազան» կրթահամալիրի մանկավարժ Արա Աթայանի մասնակցությամբ կազմակերպվեց դասընթաց՝ «Աշխատանք խառնվածքների հետ» թեմայով։ Մասնակից ուսուցիչները ձեռք բերեցին գործնական գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասապլանավորումը հարմարեցնել յուրաքանչյուր աշակերտի հոգեբանական տիպին՝ դարձնելով ուսուցման գործընթացը առավել արդյունավետ և անհատականացված։
Ավարտվեց ֆրանսերենի դասավանդմանը նվիրված մեր երկարաժամկետ վերապատրաստման ծրագրի եզրափակիչ եռօրյա ինտենսիվ փուլը։ Այն լի էր նորարարությամբ, ստեղծարար մտահղացումներով և ֆրանկոֆոն ջերմությամբ։
Այս օրերի ընթացքում մենք տեսական գիտելիքները վերածեցինք գործնական գործիքների, մշակեցինք նոր կրթական մեթոդներ, ստեղծեցինք խաղեր, քվեստներ և վիզուալ նյութեր, որոնք պատրաստ են կիրառման դասարաններում։
Մեր ուսուցիչները հանդես եկան որպես կրթական դիզայներներ և խաղերի հեղինակներ՝ ձևավորելով դասավանդման նոր մշակույթ, որը ֆրանսերենի դասերը կդարձնի առավել ներգրավիչ և հիշարժան։
Դասընթացի գագաթնակետը հանդիպումն էր սիրված արտիստ, ֆրանկոֆոն մշակույթի նվիրյալ Հայկ Պետրոսյանի հետ։ Միասին բացահայտեցինք Շառլ Ազնավուրին՝ ոչ միայն որպես մեծն շանսոնյե, այլև դերասան և մշակութային խորհրդանիշ։
Ազնավուրյան մեղեդիների ներքո երգեցինք, կիսվեցինք հույզերով և ևս մեկ անգամ վերահաստատեցինք՝ լեզուն սովորեցնելու լավագույն ճանապարհը մշակույթի և սիրո միջոցով է։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին իրենց անսպառ էներգիայի և ստեղծարար մոտեցումների համար։ Նրանք պատրաստ են նոր ոգևորությամբ վերադառնալ դասարաններ և տարածել ֆրանսերենի կախարդանքը։
Ընթերցանության ակումբ
Ժան Վիլմենի «Վիլլա Ֆիդելիա» ստեղծագործության շուրջ կազմակերպված ընթերցանության ակումբն անցավ ջերմ մթնոլորտում։ Այն պարզապես գրքի քննարկում չէր, այլ՝ մտորումների և զգացումների միասնական տարածք։
Քննարկման ընթացքում առանձնացավ մի կարևոր հարց․ ինչպե՞ս գրել պատմության մասին՝ չքարացնելով այն, չվերածելով պարզ նկարագրության, այլ թողնելով, որ այն հնչի առանձին մարդկանց կյանքերի միջով։
Այս հարցի շուրջ հնչեցին կարևոր դիտարկումներ ևս․ պահպանո՞ւմ են արդյոք վայրերը մարդկանց հիշողությունը, ինչպե՞ս հավասարակշռել անձնական պատմությունն ու պատմական իրականությունը, կարո՞ղ է արդյոք արվեստը դառնալ հիշողության փոխանցման ձև։
Մթնոլորտը հագեցած էր։ Պատասխանների միջև լռությունները դատարկ չէին, այլ՝ մտորումների ու ներշնչանքի պահեր։ Հեղինակի հետ երկխոսությունը հնարավորություն տվեց բացահայտել ստեղծագործության ծնունդը, ասելիքը և դատարկ տարածքների դերը պատմության կառուցման մեջ, ինչպես նաև այն, թե ինչպես է պատմությունը ներթափանցում մարդկային կյանքեր և դառնում անձնականի մի մասը։
Մասնակիցների արձագանքները ցույց տվեցին, որ գիրքը յուրաքանչյուրին տարբեր կերպ է հուզել․ ոմանք այն ընկալել էին որպես անձնական թեթև պատմություն, մյուսները՝ որպես պատմական վկայություն, իսկ ուրիշները՝ որպես հիշողության մասին խորհում։
Հանդիպումը ավարտվեց մի կարևոր մտքով․ գուցե գրականությունը մեզ չի ազատում «մութ անտառներից», բայց սովորեցնում է մեզ այնտեղ քայլել այլ կերպ։
eTwinning վեբինար
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ կազմակերպվեց լայնամասշտաբ առցանց հանդիպում, որին գրանցվել էր շուրջ 130 մասնակից։
Վեբինարը վարում էին ոլորտի փորձագետներ Բլանդին Բուղոն, Տաթևիկ Յալթաղճյանը և Արմինե Գրիգորյանը։
Հանդիպման հիմնական նպատակն էր խթանել միջմշակութային հաղորդակցությունը ֆրանսերենի դասավանդման ընթացքում՝ միջազգային հարթակների արդյունավետ կիրառման միջոցով։ Մասնակիցներին ներկայացվեցին հստակ ուղեցույցներ՝ հարթակում գրանցվելու, այլ ֆրանկոֆոն երկրների գործընկերների հետ համագործակցելու և համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։
Միջոցառումն ունեցավ անմիջական ազդեցություն․ հենց նույն օրը գրանցվեցին նոր օգտատերեր, ովքեր պատրաստակամ են թվային գործիքները ներառել լեզվի ուսուցման գործընթացում։
Ֆրանկոֆոն միջոցառումներ դպրոցներում
Կամավորների աշխատանքը Երևանի մի շարք դպրոցներում շարունակվում է։ Վերջիններս՝ ուսուցիչների հետ համատեղ, անցկացնում են երկխոսություններ, դերախաղեր և այլ հաղորդակցական վարժություններ՝ նպաստելով աշակերտների բանավոր խոսքի զարգացմանը։
Նախապատրաստություն «Ֆրանկոֆոնիայի օրերին»
«Ֆրանկոֆոնիա» թիմը ակտիվորեն նախապատրաստվում է մարտ-ապրիլ ամիսներին կայանալիք միջոցառումներին, որոնք նպատակ ունեն ներկայացնել ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունն ու հարստությունը։
Առաջիկա նախաձեռնությունները միտված են կրթական և մշակութային կամուրջների ամրապնդմանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ լեզուն ոչ միայն հաղորդակցության միջոց է, այլև մշակութային ինքնության կարևոր բաղադրիչ։
Գյումրի
Գյումրիում ամիսը հագեցած էր «Մարտին Փաշայան» թատերական նախագծի համար։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնած «Merci հետո կասես / tu diras MERCI après» մրցույթի շրջանակում իրականացվեցին տեսահոլովակների նկարահանումներ, որոնք արդեն հասանելի են առցանց հարթակներում։ Զուգահեռաբար ընթանում էին առաջիկա ներկայացումների թեմատիկ քննարկումները՝ ձևավորելով նոր թատերաշրջանի գաղափարական հիմքը։
Հավատարիմ մնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջադրած «Ես կրթվում եմ, հետևաբար՝ գործում» կարգախոսին՝ մեր թատերախմբերը ընտրել են բացահայտել քաղաքացիական ակտիվության արմատները՝ կրթությունը։ Սա ստեղծագործական մի երկխոսություն է Օզի ճանաչողական ճամփորդության և Հովհաննես Թումանյանի ժառանգած իմաստության միջև, որտեղ սովորելը դառնում է աշխարհը վերափոխելու միջոց։
Մեր դեռահասները հանդիսատեսին կտանեն դեղին աղյուսե ճանապարհով՝ ոգեշնչված The Wonderful Wizard of Oz ստեղծագործությունից։ Սակայն այս ճամփորդությունն առաջին հերթին ներքին է։ Դորոթիի և նրա ուղեկիցների փորձությունների միջոցով Լենա Գալստյանի բեմադրած «Անտեսանելի դասեր» պիեսը ընդգծում է, որ կրթությունը չի սահմանափակվում դպրոցական նստարաններով․ այն ծնվում է յուրաքանչյուր հաղթահարված դժվարության և ստեղծված ընկերության մեջ։
Սա քաջության, իմաստության և սրտով սովորելու մասին պատմություն է, որտեղ բացահայտում ենք՝ ամենավեհ արարքը բխում է մեր ներսում կուտակված փորձից ու գիտելիքից։
Փոքրերի՝ երկրորդ խմբի համար Անահիտ Ղազարյանի բեմադրությունը սնվում է հայկական ազգային գանձարանից։ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից ոգեշնչված «Հեքիաթների աշխարհում» ներկայացումը թատրոնը վերածում է արժեքների փոխանցման հարթակի։
Թումանյանի հեքիաթները՝ հարուստ սրամտությամբ և ճշմարտությամբ, դառնում են քաղաքացիական կրթության առաջին հիմնաքարերը։ Սովորելով տարբերել խորամանկությունը բարեհոգությունից, սնափառությունը՝ իմաստությունից, երեխաները կատարում են իրենց առաջին գիտակից քայլերը որպես ապագա քաղաքացիներ։ Խաղը վերածվում է բարոյականության գործնական փորձառության․ հասկանալ մյուսի կանոնները՝ միասին ավելի լավ գործելու համար։
Այս երկու ստեղծագործությունների համադրությունը ձևավորում է մշակույթի համապարփակ տեսլական։ Օզի երևակայական աշխարհի և Թումանյանի ժառանգության միջև ստեղծված երկխոսությունը լիովին ներդաշնակ է ֆրանկոֆոն աշխարհի բազմազանության գաղափարին։
Ծրագիրը մեծապես շահեց «ԿԱԶԱ»-ի գործընկեր Դեպի Հայք կազմակերպության կամավոր Սաշա Տեր-Սարգսյանի ներգրավվածությունից, ով իր առաքելությունը մեր հիմնադրամում կշարունակի մինչև մայիս։
Թատրոնը՝ որպես արտահայտման միջոց, նկարչությունն ու սպորտը՝ որպես համախմբման խթան, Սաշայի նախաձեռնությամբ դարձան լեզվական ակտիվացման արդյունավետ գործիքներ։ Նա կարողացավ ստեղծել միջավայր, որտեղ Գյումրիի երեխաներն ու դեռահասները բնականորեն կիրառեցին ֆրանսերենը՝ որպես կենդանի հաղորդակցման միջոց, ոչ թե պարզապես ուսումնական առարկա։
Սաշան կիսվում է իր տպավորություններով․ «Ես Սաշա Տեր-Սարգսյանն եմ և այս տարի կամավորություն եմ անում «Դեպի Հայք» կազմակերպությունում։ Այս շրջանակներում երեք ամսով միացա «ԿԱԶԱ» Գյումրիին։ Առաջին տպավորություններս չափազանց դրական են․ ամեն օր նոր բան եմ սովորում քաղաքի և նրա բնակիչների մասին։ Թիմը ջանք չխնայեց ինձ արագ ներգրավելու համար՝ ստեղծելով ջերմ և աջակցող մթնոլորտ։
Գործնականում իմ առաքելությունը շատ հարստացնող է․ մասնակցում եմ ֆրանսերենի տարածմանը տարբեր նախագծերի միջոցով՝ թատրոնից մինչև նկարչություն և երգ։ Ամեն օր ավելի լավ եմ ճանաչում Հայաստանը, ինքս ինձ և, որքան էլ պարադոքսալ է, Ֆրանսիան։ Շնորհակալ եմ այս ընդունելության համար և անհամբեր սպասում եմ ֆրանկոֆոնիայի միամսյակին, որը խոստանում է լինել բացահայտումներով ու փոխանակումներով լի»։





