Սիրելի մեծահասակներ, ու հատկապես սիրելի մանկավարժներ, գրքի այս հատվածը ձեզ համար է։ Մեր գրքի հիմնական նպատակն է ծանոթացնել հայ երեխաներին իրենց արմատների, հայ ժողովրդի հնուց եկած արժեքների, պատկերացումների ու սովորույթների հետ, միով բանիվ՝ հայոց դարավոր ավանդույթի, ավանդական աշխարհայացքի հետ, սովորեցնել նրանց սիրել և արժևորել սեփական մշակույթը, դառնալ ու լինել դրա կրողը, հպարտ լինել սեփական ազգային պատկանելիության համար։ Նման փորձառությունը նոր է և դժվարին, և այս հուշումներինպատակն է օգնել ձեզ անել դա հնարավորինս արդյունավետ կերպով։
Այս հուշումները առավելապես այն մանկավարժների համար են, ովքեր կցանկանան կիրառել առասպելը կրթական միջավայրերում և գործընթացներում՝ լինի դա մանկապարտեզի խումբ, դասարան թե արտադասարանային խմբակ։ Բերված հարցերն ու առաջադրանքները օրինակներն են, թե ինչպես կարելի է մատուցել առասպելի նյութը երեխային հասկանալի ձևով, ինչպես սևեռել նրա ուշադրությունը կարևոր տեղեկության վրա և նպաստել մտածողության և երևակայության զարգացմանը, հընթացս նաև հետաքրքրելով, շահագրգռելով հայ երեխային ճանաչել ու պահպանել սեփական ժառանգությունը։ Բերվածը առաջարկներ են, իսկ դուք կարող եք արդեն ինքներդ որոշել գրքում զետեղված առասպելների մասին ինչ լրացուցիչ տեղեկություններ տալ ձեր երեխաներին՝ ելնելով իրենց հարցերից, հետաքրքրությունից, ավելին իմանալու ցանկությունից:
Այս բաժինը պարբերաբար համալրվելու է, և մենք միայն շնորհակալ կլինենք, եթե կիսվեք մեզ հետ ձեր փորձով և փորձարկումներով, այն եղանակներով, որ ստեղծել եք ինքնուրույն՝ օգտագործելով գրքի նյութը։ Հետադարձ կապը կարող եք պահել գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ kasaam@kasa.am։
Հիմնական թեմաներ և արժեքներ
- Ազգային արժեքների պահպանում և փոխանցում սերունդներին
- Կնոջ իմաստություն, գեղեցկություն և առաջնորդություն
- Սերը՝ որպես հարգանքի և հավասարության արդյունք
- Հայկական դիցաբանության մեջ կնոջ ուժի և պատվավոր դերի պատկերացում
- Հեթանոսության և քրիստոնեության փոխհարաբերությունը հայոց մշակույթում։
- Արհեստի և աշխատանքի արժեքը (ձեռքի աշխատանք)
- Ընտանիք, պատասխանատվություն
- Մայրության, հոգածության և սնուցման խորհրդանիշներ (կաթ, ջուր, հաց)
Քննարկման հարցերի օրինակներ՝
- Ինչի՞ մասին է այս պատությունը: Ի՞նչ կարելի է սովորել այս պատմության միջոցով։
- Ո՞վ է Անահիտը և ինչպիսի՞ հատկանիշներ ուներ։
- Ի՞նչ սովորեցիք հին հայոց Անահիտ դիցուհու մասին։
- Ո՞րն էր պատճառը, որ Անահիտն ուշացնում էր ջուրը։
- Ինչու՞ Անահիտը չէր համաձայնում ամուսնանալ, որովհետև Վաչագանը արհեստի չէր տիրապետում։
- Որոնք են այսօր կնոջ ու ամուսնու համար կարևոր որակներն ու ունակությունները:
- Ինչո՞վ է կարևոր հացը, ձեր կարշիքով, Անահիտին ինչու՞ են հաց զոհաբերել։
Գործնական առաջադրանքներ
- Նկարել Անահիտին՝ Մնձուրի մոտ։ Համացանցում փորձել գտնել Մնձուր լեռան և իր աղբյուրների լուսանկարներ։
- Ներկայացնել, թե դասարանի աշակերտներից ամեն մեկը ինչ է կարողանում լավ անել, ո՞րն է իր «արհեստը»:
- Բեմադրել Անահիտի և Վաչագանի երկխոսությունը աղբյուրի մոտ։
- Նկարել Անահիտին՝ որպես երիտասարդ կին, մայր, դիցուհի և ռազմիկ։
- Պատմել Վարդավառի տոնի մասին, ներկայացնել ինչպես ենք այսօր այն նշում:
- Հարցուփորձ անել տատիկներին, թե ինչպե՞ս են իրենք նշել Վարդավառը։
- Ստեղծել դասարանային ցուցահանդես՝ «Մեր տաղանդները և գործերը» թեմայով։
Խմբով երգել կամ հորինել երգ՝ նվիրված Արաքս գետին կամ Արցախի լեռներին։ Կարող է լինել, օրինակ, Արտեմի Այվազյանի «Արաքսի երգը» «Ինչու՞ է աղմկում գետը» կինոնկարից։