Սուրբ Ստեփանոսն ու քարից ծնված ժողովուրդը. մեթոդական ուղեցույց

Home » Առասպելներ » Սուրբ Ստեփանոսն ու քարից ծնված ժողովուրդը. մեթոդական ուղեցույց

Սիրելի մեծահասակներ, ու հատկապես սիրելի մանկավարժներ, գրքի այս հատվածը ձեզ համար է։ Մեր գրքի հիմնական նպատակն է ծանոթացնել հայ երեխաներին իրենց արմատների, հայ ժողովրդի հնուց եկած արժեքների, պատկերացումների ու սովորույթների հետ, միով բանիվ՝ հայոց դարավոր ավանդույթի, ավանդական աշխարհայացքի հետ, սովորեցնել նրանց սիրել և արժևորել սեփական մշակույթը, դառնալ ու լինել դրա կրողը, հպարտ լինել սեփական ազգային պատկանելիության համար։ Նման փորձառությունը նոր է և դժվարին, և այս հուշումներինպատակն է օգնել ձեզ անել դա հնարավորինս արդյունավետ կերպով։

Այս հուշումները առավելապես այն մանկավարժների համար են, ովքեր կցանկանան կիրառել առասպելը կրթական միջավայրերում և գործընթացներում՝ լինի դա մանկապարտեզի խումբ, դասարան թե արտադասարանային խմբակ։ Բերված հարցերն ու առաջադրանքները օրինակներն են, թե ինչպես կարելի է մատուցել առասպելի նյութը երեխային հասկանալի ձևով, ինչպես սևեռել նրա ուշադրությունը կարևոր տեղեկության վրա և նպաստել մտածողության և երևակայության զարգացմանը, հընթացս նաև հետաքրքրելով, շահագրգռելով հայ երեխային ճանաչել ու պահպանել սեփական ժառանգությունը։ Բերվածը առաջարկներ են, իսկ դուք կարող եք արդեն ինքներդ որոշել գրքում զետեղված առասպելների մասին ինչ լրացուցիչ տեղեկություններ տալ ձեր երեխաներին՝ ելնելով իրենց հարցերից, հետաքրքրությունից, ավելին իմանալու ցանկությունից:

Այս բաժինը պարբերաբար համալրվելու է, և մենք միայն շնորհակալ կլինենք, եթե կիսվեք մեզ հետ ձեր փորձով և փորձարկումներով, այն եղանակներով, որ ստեղծել եք ինքնուրույն՝ օգտագործելով գրքի նյութը։ Հետադարձ կապը կարող եք պահել գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ kasaam@kasa.am։

Հիմնական թեմաներ և արժեքներ

  • Հավատի ուժը՝ ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր փոփոխության աղբյուր։
  • Քարի ազգային խորհրդապաշտություն՝ ամրություն, լռություն, սկիզբ։
  • Արդարություն, ճշմարտության հաղթանակ։
  • Հայ ժողովրդի ուժն ու դիմացկունությունը պատմության մեջ։
  • Քրիստոնեական նահատակություն և հավատարմություն սեփական հավատքին, համոզմունքին։

 Քննարկման հարցերի օրինակներ՝

  • Ինչի՞ մասին է այս պատմությունը:
  • Ի՞նչն է պատճառը, որ քարերը չեն խոսում։ Ըստ պատմության, ինչո՞վ էին մեղավոր քարերը։
  • Ինչպե՞ս է հնարավոր, որ մարդիկ «քարից ծնվեն»։ Ի՞նչ է դա նշանակում։
  • Ինչպիսի՞ ժողովուրդ է ներկայացված այս առասպելում։
  • Ինչու՞ է հայ ժողովուրդը համեմատվում քարի հետ։
  • Ի՞նչն էր յուրահատուկ Ստեփանոսի պատմության մեջ։

Գործնական առաջադրանքներ

  • Նկարել կամ դասարան բերել տարբեր տեսակի քարեր: Փորձել հասկանալ, ո՞րն է դրանց տարբեր գույնի պատճառը։
  • Ստեղծել (ընտրել, ներկել, փորագրել, վրան նկարել, պատրաստել այն պահելու արկղիկ կամ պարկ) հավատքի քար՝ սեփական խորհրդանիշերով։ Թող դա լինի երեխայի թալիսմանը, գաղտնիքները, նվիրական ցանկությունները, երազանքները պահելու տեղը։
  • Գրել բանաստեղծություն՝ «Քարից ծնված ժողովուրդ» խորագրով։
  • Քննարկել, թե ինչն է մի ազգը ամուր դարձնում։
  • Շարադրություն գրել այն մասին, թե քարի ո՞ր հատկություններն ունեն հայերը:
  • Հորինել պատմություն կամ բանաստեղծություն՝ «Եթե քարերը կարողանային նորից խոսել…» թեմայով։

Քննարկել՝ թե ինչն է մարդուն ամուր դարձնում: