Սիրելի մեծահասակներ, ու հատկապես սիրելի մանկավարժներ, գրքի այս հատվածը ձեզ համար է։ Մեր գրքի հիմնական նպատակն է ծանոթացնել հայ երեխաներին իրենց արմատների, հայ ժողովրդի հնուց եկած արժեքների, պատկերացումների ու սովորույթների հետ, միով բանիվ՝ հայոց դարավոր ավանդույթի, ավանդական աշխարհայացքի հետ, սովորեցնել նրանց սիրել և արժևորել սեփական մշակույթը, դառնալ ու լինել դրա կրողը, հպարտ լինել սեփական ազգային պատկանելիության համար։ Նման փորձառությունը նոր է և դժվարին, և այս հուշումներինպատակն է օգնել ձեզ անել դա հնարավորինս արդյունավետ կերպով։
Այս հուշումները առավելապես այն մանկավարժների համար են, ովքեր կցանկանան կիրառել առասպելը կրթական միջավայրերում և գործընթացներում՝ լինի դա մանկապարտեզի խումբ, դասարան թե արտադասարանային խմբակ։ Բերված հարցերն ու առաջադրանքները օրինակներն են, թե ինչպես կարելի է մատուցել առասպելի նյութը երեխային հասկանալի ձևով, ինչպես սևեռել նրա ուշադրությունը կարևոր տեղեկության վրա և նպաստել մտածողության և երևակայության զարգացմանը, հընթացս նաև հետաքրքրելով, շահագրգռելով հայ երեխային ճանաչել ու պահպանել սեփական ժառանգությունը։ Բերվածը առաջարկներ են, իսկ դուք կարող եք արդեն ինքներդ որոշել գրքում զետեղված առասպելների մասին ինչ լրացուցիչ տեղեկություններ տալ ձեր երեխաներին՝ ելնելով իրենց հարցերից, հետաքրքրությունից, ավելին իմանալու ցանկությունից:
Այս բաժինը պարբերաբար համալրվելու է, և մենք միայն շնորհակալ կլինենք, եթե կիսվեք մեզ հետ ձեր փորձով և փորձարկումներով, այն եղանակներով, որ ստեղծել եք ինքնուրույն՝ օգտագործելով գրքի նյութը։ Հետադարձ կապը կարող եք պահել գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ kasaam@kasa.am։
Հիմնական թեմաներ և արժեքներ
- Պատմական Հայաստանի ճանաչում։
- Մեծամտության և ուժի, իշխանության չարաշահման հետևանքները։
- Հարգանք աստվածայինի և բարոյական օրենքների նկատմամբ։
- Հավատքի ուժն ընդդեմ բռնապետության։
- Բնության վրեժը որպես արդարադատություն։
- Հայր-որդի հարաբերություններ։
Քննարկման հարցերի օրինակներ՝
- Ինչի՞ մասին է այս պատմությունը, որոնք էին ձեզ համար ամենահիշված դրվագները:
- Ո՞վ էր Նեմրութ թագավորը, և ինչպիսի՞ հատկություններով էր հայտնի։
- Ինչու՞ էր նա ցանկանում հաղթել Աստծուն, և ի՞նչ եղավ նրա հետ։
- Ինչպե՞ս կնկարագրեք մեծամտությունը, գոռոզությունը: Ինչո՞ւ մարդիկ չեն սիրում նման մարդկանց:
- Նկատե՞լ եք արդյոք, թե որքան դժվար է արդարություն և հասկացվացություն գտնել գոռոզ մարդկանց մոտ։ Բերեք օրինակներ։
- Ի՞նչ է մեզ սովորեցնում այս պատմությունը։
Գործնական առաջադրանքներ
- Նկարել, տարբեր նյութերից կառուցել Նեմրութ թագավորի աշտարակը:
- Ստեղծել բեմադրություն, որտեղ ժողովուրդը որոշում է չհնազանդվել Նեմրութին։
- Նկարել պատմության խորհրդանշական պահերը՝ աշտարակի կառուցումը, մրջյունների ներգրավումը, լույսի կամարը Հազրոյի մահվան վայրում։
- Բեմականացնել երկխոսություն Նեմրութի և Հազրոյի միջև:
- Պատմել պատմությունը մրջյունների անունից։
- Քննարկում․ արդա՞ր էր արդյոք Աստված Նեմրութի հանդեպ։
- Աշակերտները նկարում են իրենց խորհրդանշանները պատմությունից՝ ի՞նչն է իրենց համար ամենաուժեղ խորհրդանիշը այս պատմության մեջ։
- Գրել պատմություն՝ «Եթե Նեմրութը ներողություն խնդրեր» վերնագրով։
Պատրաստել այն, ինչի համար Աստված երկար ներում էր Նեմրութին՝ մեծ հացի գնդեր, որոնցից հետո թխել ինչ-որ բան։